Դանիել Ռումյան


Դանիելը «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան գալուց հետո որոշում է մնալ Հայաստանում: Նա Մադրիդից է: Մայրը անգլուհի է, հայրը կես հայ, կես իսպանացի: «Իսպանիայում ես անգլիացի էի, Անգլիայում՝ իսպանացի, իսկ Հայաստանում բոլորը պնդում են, որ հայ եմ: Թող այդպես լինի...»: 

Հերիքնազ Խաչիկյան


Դդմի մեջ սնունդ, ընդեղեն թաքցնելու մասին տատիկի պատմությունները ոգեշնչում են Հերիքնազ Խաչիկյանին: Նա փորձում է վերականգնել դդմարվեստի հին ավանդույթները:  Այսօր նա դդմարվեստը վերածել է կիրառական արվեստի, դդմից նաև տիկնիկներ է պատրաստում: Հերիքնազը երազում է դդմարվեստը տարածել Հայաստանում որպես կերպարվեստի ճյուղ: 

Տ. Կորյուն քահանա Կարապետյան


Հաղորդաշարը հյուր է գնացել Հրթիռաօդային պաշտպանությունում ծառայող Կորյուն քահանա Կարապետյանին: 

Դանիել Ղևոնդյան


Դանիել Ղևոնդյանը Հայաստան է տեղափոխվել Պարսկաստանից, ավարտել է Ամերիկյան համալսարանը, աշխատել է տարբեր ոլորտներում: Այսօր հիմնել է «Չրենի» չրարտադրության փոքրիկ գործարանը, բայց ամենամեծ նվաճումը համարում է հայրենիքում լիիրավ անդամ զգալու զգացողությունը և նոր Հայաստանում ապրելն ու արարելը: 

Տ. Համազասպ քահանա Գրիգորյան


«Աղոթքը անկեղծ զրույց է Աստծո հետ: Մեր հորդորն է հարց ու պատասխանի բռնվել Աստծո հետ, խոսել և ականջալուր լինել Նրան»: 
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Հրազդան քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանին: 
 

Վալերի Նազարեթյան


Վալերին ձեռքի ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքներ է պատրաստում՝ կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, դուդուկ: Վարպետը վստահեցնում է, որ մանրակերտերը չեն տարբերվում իրական գործիքներից՝ նույնն են ինչպես տեսքով, այնպես էլ հնչողությամբ: Պատրաստման հիմնական նյութը թուղթն է և, իհարկե, սերն ու համբերությունը: 

Լիլիթ Ստեփանյան. ավազանկարիչ


«Ավազանկարչությունը լույսի ու ստվերի արվեստ է, բայց նաև երկխոսություն է՝ մեր մտքի ու ձեռքերի երկխոսություն: Այդ լույսը ինձ միշտ ուղղորդում է, երբ ես մոլորվում եմ», - ասում է ավազանկարչուհի Լիլիթ Այվազյանը: Արվեստի այս տեսակը աշխարհում լայնորեն կիրառվում է անիմացիոն ֆիլմերի համար: Լիլիթը համոզված է, որ Հայաստանը բարձրարժեք անիմացիաներ անելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու ներուժ ունի, այնպես որ, ավազանկարչության արվեստի համար ամեն ինչ դեռ առջևում է:

Լիանան ու Ռիտա տատիկը


Լիանան և Ռիտա տատիկը Հրազդանի Ս. Մարիամ եկեղեցու համայնքից են: Հաճախել են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպություն: Տարիներ հետո հասկացել են, որ մոլորության մեջ են... 

Նարեկ Ղազարյան


Նարեկ Ղազարյանը Սան Ֆրանցիսկոյից տարիներ առաջ տեղափոխվել է Հայաստան և աշխատում է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամում: Հայաստան տեղափոխվելու իր քայլը համարում է երբևէ արած իր ամենաճիշտ քայլը: Նարեկը հստակ նպատակ ունի, որի շուրջ էլ կիսել է մտքերը մեր տեսախցիկի առջև: 

Նունե Չուխաջյան


Թաղիքագործությունն այսօր Հայաստանում լայն տարածում ունի: Նունե Չուխաջյանն արհեստի այս տեսակի մեջ արվեստային աշխատանք է անում: Աշխատում է տարբեր մեթոդներով՝ նունոֆելթինգ, թաղիքե նկարչություն, էկոփրինթ: Պատրաստում է բաճկոններ, շարֆեր, պայուսակներ, գլխարկներ, աքսեսուարներ: 
 

Վիգեն Հովսեփյան


Վիգենը 2001 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա, այնտեղ ավարտել է դպրոցը ու սկսել զբաղվել երաժշտությամբ: Նվագել է «Բարսելոնա էթնիք» խմբում: Հետո ծանոթացել է ապագա կնոջ հետ և վերադարձել Հայաստան: «Այսօր Երևանը շատ է փոխվել, հույս ունեմ, որ շուտով կկառուցենք այնպիսի Հայաստան, որ բոլորին դուխով կանչենք հայրենիք»:  

Արամ Մուրադյան


Արամը մասնագիտությամբ անիմատոր է: Բացի այդ, կահույք է պատրաստում ձեռքն ընկած ամեն նյութից՝ հին կահույքից, երկաթի հին կտորներից, հեռուստացույցի էկրաններից, հին մահճակալներից: «Նյութը կապ չունի, կարևորը՝ տեսնես, թե ինչ կարող է այն դառնալ, իսկ ես դա տեսնում եմ»: Արամի և եղբոր՝ Հայկի համար հաղթանակի զգացողության պես է, երբ ոչնչից ինչ-որ բան է ստացվում: