Գրեթերթ. գիր անկախության


Տեսաֆիլմը պատմում է «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթի գործունեության տասը տարիների, գրական նոր սերնդի` իրականության նկատմամբ վերաբերմունքի, գրական հայացքների, հայ արդի գրականության զարգացման խնդիրների ու առանձնահատկությունների մասին: 

Տավուշից Տահույս


Տավուշի թեմում սոցիալ-տնտեսական, կրթական ու հոգևոր-մշակութային բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ի՞նչ դերակատարում ունի Տավուշի կյանքում Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը կամ Հաղարծին համալիրի տարածքում գործող մուրաբաների արտադրությունը, ինչպե՞ս է ապրում, ստեղծում ու սահման պահում տավուշցին: Մեր նկարահանող խումբն այցելել է Տավուշի թեմ: 

Գրական-մշակութային կյանքը դրսից և ներսից


Շատ մտավորականներ հաստատվելով արտերկրում` չեն կտրում կապը հայրենիքի հետ, ստեղծում են մշակութային հիմնադրամներ, բարեգործական կառույցներ, կազմակերպում միջոցառումներ, կատարում թարգմանություններ` փորձելով մասնակցել նաև հայաստանյան մշակութային, հասարակական անցուդարձին: Ինչպիսի՞ն է մեր մշակութային-հասարակական կյանքը դրսից, ի՞նչ կարևոր խնդիրներ կան, որոնց լուծմանը կարող են մասնակցել արտերկում հաստատված մեր հայրենակիցները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ: 

Զորավոր ավետարան


Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 4060 թվահամարի տակ պահվում է հրաշագործ զորությամբ հռչակված մի ձեռագիր Ավետարան: Այն հայտնի է Զորավոր ավետարան անունով: Մատյանը հետաքրքիր ճակատագիր ունի. մինչ Մատենադարանում հանգրվանելը, հայտնվել է Երևանում, փրկվել կորստից, հանգրվանել Պարսկաստանում, ապա կրկին վերադարձել Հայաստան: Ձեռագիրը նաև հայտնի է հարուստ ու բազմազան մանրանկարչությամբ: 

Դասագրքերն ու ժամանակակից կրթությունը


Կրթական համակարգի խնդիրների մասին խոսելիս հաճախ է անդարադարձ կատարվում դպրոցական դասագրքերի որակին: Ովքե՞ր և ինչպե՞ս են ստեղծում դասագրքերը, ի՞նչ չափորոշիչների հիման վրա, որքանո՞վ են այդ չափորոշիչները համապատասխանում ժամանակակակից կրթական չափանիշ¬ներին, ո՞վ է վերահսկում դասագրքերի բովանդակային ու հրատարակչական որակը, ինչպե՞ս է հնարավոր ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և կրթության պատասխանատուներին բավարարող դասագիրք ստեղծել: Այս հարցերի մասին  Հայկ Համբարձումյանը զրուցել է «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ:
 
 

 

Չարենց՝ թանգարանային


Ժամանակակից տուն-թանգարանը ոչ միայն ցուցանմուշների պահպանության ու ցուցադրության վայր է, այլև բազմապրոֆիլ մշակութային միջավայր՝ թանգարանային, գիտական, հրատարակչական, ճանաչողական ու ժամանցային գործառույթներով: Այս շաբաթ լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը: Բանաստեղծի ստեղծագործության ներկայացման ու հանրահռչակման հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ:

Հայկական ռոք. ներշնչանքի աղբյուրներ և ուղերձներ


«Զգացեք երաժշտությունը, զգացեք դրայվը». այս կարգախոսով Երևանում մեկնարկեց Music Drive Festival եռօրյա միջազգային փառատոնը, որի ընթացքում երաժշտասերին կներկայանան ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում ստեղծագործող արտասահմանյան և հայաստանյան երկու տասնյակ խմբեր: Փառատոնի, ինչպես նաև հայաստանյան ռոք երաժշտության ներկայի, խնդիների և ուղերձների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի հետ:

Իսահակյանը նամակներում


Գրողների նամակները, որոնք սովորաբար հրատարակվում են նրանց երկերի լիակատար ժողովածուների եզրափակիչ հատորներում, ավելի հազվադեպ` առանձին ժողովածուներում, հետաքրքիր կարող են լինել ոչ միայն գրականագետ-տեքստաբաններին, այլ նաև հանրության ավելի լայն շրջանակներին: Նամակները հնարավորություն են տալիս ստեղծագործությանը զուգահեռ տեսնել հեղինակին նաև կյանքում և կենցաղում, ստուգել գրականութունը կենսագրությամբ և հակառակը:  Միևնույն ժամանակ, հաճախ հարց է առաջանում, որքանո՞վ է ճիշտ անձնական նամակների հրատարակությունը, ի՞նչ է դա տալիս գրողի ստեղծագործությունը ճանաչելու գործում: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լրագրող Լիլիթ Ավագյանի հետ:

Հայ կինը արդի հանրային ընկալումներում


Կանանց և մայրերին նվիրված տոներին հնչում են շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր հայ կնոջ դերի մասին: Միևնույն ժամանակ հնչում են նաև մտահոգություններ մեր հասարակության մեջ կանանց իրավունքների խախտումների, ընտանեկան բռնությունների, սեռային խտրականության վերաբերյալ։ Ինչպե՞ս են համատեղվում կենացներն ու մտահոգությունները, կա՞ իսկապես խտրականություն և ինչպե՞ս է այն արտահայտվում։ Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Գևորգյանի հետ։

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում


Հայաստանում քիչ ընտանիքներ կարելի է գտնել, ում այս կամ այն կերպ չեն դիպել ստալինյան բռնաճնշումները, սակայն այս հարցերին նվիրված ուսումնասիրություններ շատ չկան: Հատկապես այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Հայաստանի այդ շրջանի բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնաճնշվողների վերաբերմունքը քաղաքական հետապնդումներ իրականացնող մարդկանց ու համակարգի նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Հարություն Մարությանի հետ:

Ձեռագրերի ուսումնասիրության և հրատարակության արդի խնդիրներ


Մատենադարանում և այլ հավաքածուներում պահվող մեր հարուստ ձեռագրական ժառանգությունը, ցուցադրության և հպարտության նյութ լինելուց բացի, նոր ուսումնասիրությունների ու հրատարակության կարիք ունի: Ձեռագրագիտական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվում այսօր, ինչպե՞ս են այդ ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում հայագիտության մեջ, գիտաքննական բնագրերի հրատարակության ի՞նչ խնդիրներ կան: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է Մատենդարանի գլխավոր ավանդապահ, պատմագիտության դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի հետ:

«Ռեքվիեմից» մինչև «Պոեմ հաղթանակի»


2011 թ. Բեռլինում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան: 2017թ. ապրիլի 24-ին Երևանում առաջին անգամ կատարվեց Մաեստրոյի նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը: Խորհրդանշորեն ամբողջացավ ստեղծագործական  գաղափարական  շղթան՝  հոգեհանգստյան  ծեսից մինչև հաղթանակի ու հերոսական կյանքի մոտիվներ: Ցեղասպանության զոհերի հիշատակությունից մինչ հաղթանակի ցնծություն ստեղծագործական ու հոգեբանական այս  ընթացքի, արդի հանրային տրամադրությունների, ինչպես նաև «Ռեքվիեմի» խորհրդի ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տիգրան Մանսուրյանի հետ: