Մայր տաճարի զանգակատան վնասված հատվածները վերականգնվում են


Մայր տաճարի զանգակատան առաստաղին քանդակազարդ հատվածներ կան: Դրանք և Պողոս, Պետրոս առաքյալների պատկերները վնասված են, որոնք այս պահին մասնագետները ամրացնում են: Բացի այդ՝ վնասված են կամարները, դրսում որմնանկարները շատ արագ են տուժում անձրևներից և արևից: Վերականգնումը կտեւի մի քանի ամիս։

 

Տորոնտոյում մեծ շուքով վերաբացվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին


Վերաօծման արարողությունը կատարել է կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցու դպրաց դասի երգեցողության ներքո, հոգեւոր դասը եւ հավատացյալները մուտք են գործել վերանորոգ եկեղեցի: Սրբազան հայրը վերստին օծել է մայր խորանը, հարակից խորանները, մկրտության ավազանը, հիմնասյուները, նորակերտ մոմավառության սեղանը և սրբապատկերը։

 

Կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը օգնություն է տվել արցախցիներին


Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը Գուգարաց թեմի խնամքի ներքո գտնվող արցախցի ընտանիքներին օգնություն է բաժանել՝ անվանական փաթեթներ ընտանիքի բոլոր անդամների անուններով: Յուրաքանչյուր ընտանիքի նաև դրամական օգնություն է հատկացվել: Արցախցիներին համախմբումի ատենապետը հանդիպել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում։

 

Քրիստոնեությունը 21-րդ դարում հսկայական քաղաքակրթություն է


Newmag հրատարակչության կազմակերպած քննարկմանը Տավուշի թեմի երիտասարդների պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը ասել է, որ հավատքը պայքար է, օգնություն, մարտահրավեր: Իսկ 21-րդ դարում քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլև հսկայական քաղաքակրթություն: Թովմաս Առաքելյանն այս տարի հրապարակել է իր առաջին գիրքը՝ «Ճանապարհը», որը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։

 

Այս տարի Հարության տոնին հայոց եկեղեցիները հատկապես լեցուն են եղել


Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նկատել է, որ հատկապես բարդ ու դժվար իրավիճակներում Հարության շնորհներով հավատացյալները զորանում են։ Հայրապետը հորդորել է չընկրկել պատուհասած փորձությունների դիմաց, չգործել պարտվողական հոգեբանությամբ և չվերածվել վհատված ու տկար ազգի՝ վտագելով հայրենիքի ապագան ու անկախ պետականությունը: Ամենայն հայոց Հայրապետի զատկական ուղերձը ընթերցել են հայկական բոլոր եկեղեցիներում։

 

Վիրահայոց թեմը մեծ շուքով նշել է Քրիստոսի Հարության տոնը


Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե-Ջավախքի, Մառնեուլի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում ու գյուղերում գործող հայկական եկեղեցիներում մեծ բազմությամբ և սրբազան արարողություններով նշվել է Հիսուսի հրաշափառ Հարության տոնը։ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ վիրահայերին շնորհավորել են պետական և հասարակական գործիչները։

 

Եկեղեցի չունեցող Օսթինի հայ համայնքը Հարության տոնը նշել է հունական եկեղեցում


Քրիստոսի հրաշափառ հարության տոնը նշել են Օսթինի հայ համայնքում: Թեքսաս նահանգի մայրաքաղաքում թեև եկեղեցի չկա, բայց հայկական եկեղեցական համայնք է գործում: Բոլոր պատարագները մատուցվում են հույն ուղղափառ սուրբ Էլիաս եկեղեցում:

 

Այս կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Հարության տոնը


Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում ճրագալույցի պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում: Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Խոկում


Ավագ շաբաթվա առաջին օրը, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցավ Խոկում: Առաջնորդանիստ եկեղեցում եկեղեցականներին համատեղ աղոթքին միացել են Թբիլիսիի հայ հավատացյալները:

 

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է հաղորդության խորհուրդը, հնչել են Քրիստոսի վերջին պատգամները:

 

Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել


Այս տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնի առթիվ Հայաստանի բոլոր թեմերից շուրջ 600 արցախցի մանուկներ ծնողների հետ այցելել են Սուրբ Էջմիածին, օրհնվել, նվերներ ստացել, ապա ճաշել Մայր աթոռի միաբանների հետ։

 

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է բաց պատարագ


Հայ առաքելական եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները։ Ընթրիքին Քրիստոս սեղանից վերցնում է հացը, օրհնում է այն, բաժանում աշակերտներին, ապա գինի է բաժանում, մատուցելով իբրև նոր ուխտի սուրբ նշաններ՝ իր մարմինն ու արյունը։