hhLNlXRZzRw

Սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժնի» Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի երկրների գրասենյակների ղեկավարներին, խորհրդի ղեկավարներին: «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի ղեկավար Ժիրայր Էդիլյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ հանդիպման հնարավորության և իրականացվող ծրագրերին մշտապես սատարելու համար: Հանդիպումից հետո հյուրերը մասնակցեցին Խաչվերացի տոնական պատարագին:
Տաղավար հինգերորդ տոնը՝ Խաչվերացը, Հայ եկեղեցին այս տարի նշեց սեպտեմբերի 16-ին: Խաչվերաց նշանակում է խաչի բարձրացում, պանծացում և խորհրդանշում է Քրիստոսի Խաչափայտի գերությունից ազատագրումը: Տոնի խորհրդին հաղորդակից դառնալու համար շատերը Ս. Էջմիածնի մայր տաճար էին եկել:
Արաբկիրի նորակառույց եկեղեցում այս տարի տոնեցին անդրանիկ Խաչվերացը: 
Մայրաքաղաքում Սուրբ Խաչ անունով առաջին եկեղեցին Ներքին Չարբախ թաղամասում է: Խաչվերացի տոնին պատարագ մատուցեց Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը: 
Սեպտեմբերի 16-ին՝ Խաչվերացի տոնին, հակաօդային պաշտպանության զորքերի հոգևոր սպասավոր Տ. Կորյուն քահանա Կարապետյանը զորամասերից մեկում վեմ քարի վրա բաց պատարագ մատուցեց: 
Ս. Էջմիածնի մայր տաճարում Խաչվերացի տոնի երեկոյան ժամերգության ավարտին Ամենայն հայոց հայրապետը կատարեց անդաստանի կարգ: Հայոց հոգևոր առաջնորդը Տիրոջից խաղաղություն խնդրեց բովանդակ աշխարհի չորս կողմերի, հայ ազգի, մեր պետության ու Հայ առաքելական եկեղեցու համար: Աղոթքին միացան նաև հավատացյալները: 
Երեկոյան ժամերգությունից հետո, Արաբկիրի նորակառույց եկեղեցուց Տիրոջ խաչափայտի մասունք պարունակող խաչը՝ ռեհանով ու ծաղիկներով զարդարված, դուրս բերվեց նորակառույց եկեղեցուց, որից հետո անդաստանի կարգ կատարվեց. վարդաջուր ցողվեց հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնվեց աշխարհի 4 կողմերը՝ Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար:
 
2018-09-16T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ