Հարթավան


Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները...

Մաստարա


Մաստարա գյուղի երեխաները զբոսաշրջիկներին առաջինը ուղեկցում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հետո՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի մատուռ: Մեր նկարահանող խմբին նույնպես նրանք են ուղեկցել և պատմել, պատմել, պատմել...

Գեղցոնց ժամ


Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ ավելի շատ հայտնի է Գեղցոնց ժամ անունով, գյումրեցի երեխաների սիրելի վայրերեից է: Քաղաքի հյուրերին երեխաները նախ հին Գյումրին են ցույց տալիս, հետո անպայման ուղեկցում Գեղցոնց ժամ, պատմում եկեղեցու պատմությունը: 

Ազատան


Ազատանը Շիրակի ամենամեծ գյուղն է: Գյուղի եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է: Սուրբ Ստեփանոսը միշտ լի է երեխաներով: Նրանք մասնակցում են բոլոր ծեսերին, կիրակնօրյա դասերին: Հետո իրենց ձեռքով մաքրում են եկեղեցին ու բակը: Ժամանցը, խաղերն ու զրույցները նույնպես եկեղեցու բակում են: «Այն ինչ զգում ենք մեր եկեղեցու պատերից ներս, ոչ մի ուրիշ տեղ չենք զգում: Ուր էլ գնանք, մեր եկեղեցին ամենալավն է»,-ասում են ազատանցի մանուկները:

Եղիպատրուշ


Նրանք ճանաչում են գյուղի բոլոր սրբավայրերը, գիտեն խոնարհված եկեղեցիների պատմությունը, դրանց հետ կապված ավանդազրույցները, գյուղի հյուրերին էլ առաջինը եկեղեցի են տանում ու պատմում, անդադադար պատմում... Նրանք Եղիպատրուշ գյուղի երեխաներն են:

Խաչիկ


Սահմանամերձ Խաչիկ գյուղի եկեղեցին վերաբացվելուց հետո իր շուրջն է համախմբել գյուղի երեխաներին: Օրվա մեծ մասը նրանք եկեղեցում են անցկացնում: Շատ  պատմություններ ունեն իրենց եկեղեցու ու հարազատ գյուղի հետ կապված և հաճույքով պատմում են: