Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

Արմինե Խաչատրյան


Հայկական հնագույն ասեղնագործության մասին վկայում են մատենագիրներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին: Հայտնի են և մինչև մեր օրերը հասել են Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթապի, Վանի ասեղնակարերը: Այսօր ասեղնագործ վարպետները փորձում են շարունակել հայկական ասեղնագործության ավանդույթները: Ասեղնագործ վարպետ Արմինե Խաչատրյանը կարծում է, որ հայ ասեղնագործներին հասած հարուստ ժառանգությունը կարելի է դարձնել արվեստի զարգացող ճյուղ Հայաստանում:

Գրիգոր Ջանոյան


«Գրին աջե» հասարակական կազմակերպությունը 2015թ.-ին Արմավիրի շրջանի Ապագա գյուղում հիմնել է Աքվա փոնիքս (aqua ponics) ջերմոցը, որը միակն է Հայաստանում և տարածաշրջանում, որ բանջարեղեն է աճեցնում ջրի վրա: Ջերմոցի հիմնադիրներից Գրիգոր Ջանոյանը կարծում է, որ նման եղանակով բանջարեղենի աճեցումը թույլ է տալիս ունենալ էկոլոգիապես մաքուր սնունդ: Ինչպես ցանկացած նորարարություն, այն դեռ ճանապարհ ունի անցնելու, բայց ջերմոցն արդեն եվրոպական «Աքվա փոնիքս» միության անդամ է: 

Նոնա Մելքոնյան. տիկնիկագործ


Նոնա Մելքոնյանի պատրաստած տիկնիկները թղթից են («պապյե մաշե»), բայց խոսուն են ու զգացմունքային: «Ես բարձրաձայն զրուցում եմ նրանց հետ աշխատելիս, այդ պատճառով նրանք տարբեր են ու չեն կրկնում մեկը մյուսին»: 

Արփի Ռուստամյան


Արծնապակու արհեստը տարածված է շատ երկրներում: Այսօր դրանով զբաղվում են նաև հայ վարպետները՝ կիրառելով հայկական զարդանախշերը: Մասնագիտությամբ երաժիշտ Արփի Ռուստամյանն արդեն մի քանի տարի է՝ երաժշտությունը և արծնապակու արհեստը համատեղում է: «Ինձ ոգեշնչում են հին վարպետները և նրանց գործերը, իմ բոլոր աշխատանքներում հայկական շունչ կա»,-ասում է Արփին:

Լինա Գագիկյան


Ասեղնագործություն երկաթի վրա: Այսպես կարելի է անվանել Լինա Գագիկյանի աշխատանքները: Ասեղով երկաթի վրա պատկերներ և ավանդական զարդանախշեր դրոշմելուց և ծծումբով վերամշակելուց հետո ստացվում են հնություն հիշեցնող զարդեր: 

Անուշ Ղուկասյան. կավագործ


Անուշ Ղուկասյանը երկխոսում է կավի հետ, կավի հետ աշխատանքը նրա համար պայքար է ու փնտրտուք: Երբ գտնում է փնտրածը, պայքարն ավարտվում է: 
Վերջերս Անուշը կավագործության մեջ նոր աշխարհ է բացել՝ պատրաստում է զարդեր:
 

Այլ կերպ


Սոֆյա Խաչատրյանը, Անահիտ Հակոբյանը և Էլինա Մելիքյանը 2014 թվականին որոշեցին արտադրել «Այլ կերպ» հայերեն, ինտելեկտուալ սեղանի խաղ, որն այսօր արդեն մեծ տարածում ունի երիտասարդների շրջանում: «Այլ կերպին» հետևեց «Այլ կերպիկը» երեխաների համար, ապա՝ «Մեկ շնչովն» ու «Զիլ զառը»: 
Սկզբում դա ընկերների համար պարզապես հոբբի էր, հետո դարձավ նախագիծ, այժմ նաև փոքրիկ բիզնես է, որին հիմնադիրները սիրով ու ջերմեռանդությամբ են վերաբերվում:
 

Արամ Օհանյան


Արամ Օհանյանի` պոլիմերային կավից պատրաստված տիկնիկներն ավելի շատ քանդակների են նման: Դրանք զգացմունքային են, միմիկայով հարուստ: 30 օրինակից բաղկացած հավաքածուի մեջ հայտնի ու անհայտ մարդկանց պատկերող տիկնիկներ են՝ իրենց բնորոշ հագուստներով և աքսեսուարներով: 

Լուսինե Ազնաուրյան


Թաղիքագործ վարպետ Լուսինե Ազնաուրյանի համոզմամբ թաղիքի պատրաստման հին ավանդույթների և ժամանակակից մեթոդների օգտագործմամբ կարելի է ստանալ ժամանակակից և որակյալ արտադրանք, որն այսօր կարելի է ներկայացնել համաշխարհային շուկայում որպես հայկական արտադրանք:

Վազգեն Բրուտյան


Մեր նկարահանող խումբն այցելել է «Արդեան» տեխնոլոգիաների կենտրոն: Դիզայն ստուդիայի հիմնադիր Վազգեն Բրուտյանը ներկայացնում է, թե ինչ է պատրաստվում Հայաստանում դիզայնի ոլորտում, մասնավորապես, «Արդեան» կենտրնում:

Նունե Մալաքյան


Նունե Մալաքյանը միատեղելով արծաթն ու արծնապակին, օգտագործելով հայկական ավանդական զարդանախշերը և գունային նոր լուծումներ՝ փորձում է վերականգնել արծնապակու (տաք էմալ) արհեստը, նոր շունչ տալ դրան: «Ուզում եմ, որ այդ զարդերը կրենք ու հպարտանանք մեր ժառանգությամբ»,-ասում է Նունեն, ցուցադրում արծնապակուց զարդեր ստանալու տեխնիկան և իր աշխատանքները:

Գևորգ Պողոսյան. կաշեգործ


Կաշեգործական արհեստը Հայաստանում լայն տարածում է ունեցել 16-17-րդ դարերում: Այսօր Հայաստանում վարպետները փորձում են վերականգնել կաշեգործության ավանդույթները՝ նոր մոտեցմամբ: Գևորգ Պողոսյանն օգտագործում է կաշվի դրվագման տեխնիկան: Նա վստահ է, որ հայ կաշեգործները շուտով նոր խոսք կունենան ասելու աշխարհին այս բնագավառում: