Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Բարձրագույն կրթության որակ և հավատարմագրում


Թեև կրթության փորձագետները, կրթական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, դասախոսները, ուսանողները տարիներ շարունակ խոսում են կրթության ցածր որակի, աշխատաշուկայի պահանջներին անհամապատասխանության և հարակից այլ խնդիրների մասին, սակայն հայաստանյան կրթական հիմնարկները, մասնավորապես ԲՈՒՀ-երը, հաջողությամբ հավատարմագրեր են ստանում, շարունակում աշխատել առանց իրական փոփոխությունների: Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս է ընդհանրապես Հայաստանում կազմակերպվում կրթական հիմնարկների աշխատանքի գնահատումն ու հավատարմագրումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի:
 
 

Պետական աջակցություն արվեստին. խրախուսո՞ւմ, թե՞ վերահսկողություն


Ինչպիսի՞ն պետք է լինի պետության քաղաքականությունը արվեստի ոլորտում, որպեսզի խրախուսի ստեղծագործական ազատությունը, պայմաններ ապահովի արվեստագետի գործունեության համար, սակայն չվերահսկի արվեստագետին ու ստեղծագործության բովանդակությունը: Ի՞նչ դեր ունեն ստեղծագործական միությունները մեր իրականության մեջ և որքանո՞վ է պահանջված դրանց գործունեությունը: Պե՞տք է արդյոք պետական աջակցությամբ գրքեր հրատարակվեն և ինչպիսի՞ գրքեր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:
 

Մշակութային հեղափոխություն


Հանրային կյանքը խաթարող արատավոր երևույթները, թեև հաճախ թվում է պայմանավորված են միայն քաղաքական, իրավական կամ տնտեսական հանգամանքներով, սակայն մտավորականների, արվեստին մոտ կանգնած մարդկանց համար ակնհայտ է, որ ամեն ինչի հիմքում մշակութային ճգնաժամն է, որն արտահայտվում է, օրինակ, արվեստի հետ հաղորդակցման խաթարմամբ, գրականության նկատմամբ անտարբերությամբ, ընթերցանության անկմամբ, ընկալումների պարզունականացմամբ, հասկացությունների ու արժեքների շրջմամբ: Հնարավո՞ր է արդյոք մշակութային հեղափոխություն: Եվ պե՞տք է արդյոք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:

Մատենադարանն ու նոր իրականությունը


Հայաստանում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Հանրությունն ակնկալում է, որ քաղաքական, իրավական ոլորտներին զուգահեռ դրական զարգացումներ կլինեն նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում: Մասնավորապես գիտական համակարգում պետք է բացառվեն կոռուպցիան, հովանավորչությունը, քաղաքականացվածությունը, մշակվեն գիտական հիմնարկների արդյունավետ կառավարման ու ֆինանսավորման նոր մոդելներ: Պատրա՞ստ են արդյոք այդպիսի փոփոխությունների գիտական կազմակերպությունները, ի՞նչ արձագանք ունեցավ հեղափոխությունը գիտական աշխարհում: Ի՞նչ նոր հրատարակություններ ու ծրագրեր կան հայագիտության մեջ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ. դոկտոր, Մատենդարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի հետ:

Սփյուռքն ու թավշյա հեղափոխությունը


Թավշյա հեղափոխությանն իր աջակցությունն ու մասնակցությունը բերեց նաև Սփյուռքը: Տարբեր համայնքներում հայաստանյան հանրահավաքներին զուգահեռ տեղի ունեցան երթեր ու հավաքներ: Ի՞նչ ընդգրկում ուներ այս աջակցությունը, արդյո՞ք ներառում էր սփյուռքահայության բոլոր շերտերը և, ընդհանրապես, ի՞նչ վերաբերմունք կա հայաստանայան այս զարգացումների նկատմամբ սփյուռքում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է սփյուռքագետ, Միչիգանի համալսարանի արևելյան ուսումնասիրությունների դոկտոր Վահե Սահակյանի հետ:
 

Լեզվի կոմիտե. տուգանքներից՝ լեզվի նկատմամբ սիրո ձևավորում


Հայոց լեզվի կարգավիճակի, պաշտպանության անհրաժեշտության, լեզվի նկատմամբ ոտնձգությունների կանխման ու հարակից այլ հարցերը տարիներ շարունակ բարձրացվել, բայց պատասխաններ չեն ստացել: Ի՞նչ է փոխվել նոր՝ հետհեղափոխական իրականության մեջ, արդյո՞ք երկրի ընդհանուր մթնոլորտը, պետական նոր քաղաքականությունը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում հայերենի զարգացման խնդիրների լուծման համար: Այս հարցերի Հայկ Համբարձումյանը զրուցել է լեզվաբան, ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

Պատմության դասագիրքը` որպես իշխանության լեգիտիմացման միջոց


Պատմության դասագրքերը կարևոր դեր ունեն հանրույթի պատմական գիտակցության ձևավորման գործում: Լինելով պետության կողմից պատվիրվող և ֆինանսավորվող գիրք՝ դասագիրքն անխուսափելիորեն ընկալվում է նաև որպես իշխանության քարոզչական գործիք, գաղափարախոսական պայքարի դաշտ և այլն: Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է մասնավորապես հայոց պատմության դասագրքերում արտացոլվել Հայաստանի առաջին հանրապետութայն պատմությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ:

Կյանքն Առաջին հանրապետությունում. քաղաքականություն, մշակույթ, կենցաղ


Ինչպիսի՞ն էր կյանքը Հայաստանի առաջին հանրապետությունում, ինչպե՞ս էին ապրում մարդիկ, ի՞նչ ֆիլմեր ու ներկայացումներ էին դիտում, զարգանու՞մ էր արվեստը, ի՞նչ գրողներ կային: Ինչպիսի՞ն էին կուսակցությունների հարաբերությունները, եկեղեցի-պետություն հարաբերությունները: Այս հարցերի պատասխանները պատմության դասագրքերում դժվար է գտնել: Առաջին հանրապետության մշակույթի, կենցաղի ու քաղաքականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ:

Առաջին հանրապետության պատմությունը. փաստերի խեղաթյուրումից մինչև ակադեմիական ուսումնասիրություն


Հայաստանի առաջին հանրապետության պատմության ուսումնասիրությունը զարգացման մի քանի փուլ է անցել: Կախված քաղաքական օրակարգից, արխիվային նյութերի հասանելիությունից և ուսումնասիրողների քաղաքական ու գիտական կողմնորոշումներից, տարբեր ժամանակներում այն տարբեր կերպ է ներկայացվել, ինչն էլ անդրադարձել է Հայաստանի հանրապետության նկատմամբ հանրային պատկերացումների ձևավորման վրա: Ի՞նչ և ինչպե՞ս գիտենք մենք հայոց պատմության այս կարևոր շրջանի մասին, որքանո՞վ և ինչպե՞ս է հետանկախության շրջանի պատմագիտությունն անդրադարձել Առաջին հանրապետության պատմությանը: Այս հարցերի մասին  Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ:

Կրթական նոր միջավայր. նախադրյալներ ու խնդիրներ


Կրթության բարեփոխումների իրականացումը պայմանավորված է կրթության նպատակների ճշգրտմամբ, ուսուցման նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությամբ և օրենսդրական բարենպաստ դաշտի ստեղծմամբ: Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է հնարավոր ապահովել այս պայմանները և ովքե՞ր կարող են իրականացնել այս փոփոխությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Նոր իրականությունն ու կրթական բարեփոխումների տեսլականը


Կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած կրթական նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտությամբ, ընդհանրապես կրթության նպատակների ճշգրտմամբ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում: Պատրա՞ստ են արդյոք ոլորտի պատասխանատուներն ու համակարգը բարեփոխումների, ինչպե՞ս կարող է և պետք է փոխվի կրթությունը Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Ընդվզման ցասումից՝ ստեղծարար ներշնչանք


Համաժողովրդական շարժումն, ի թիվս այլ ձեռքբերումների, ծնունդ տվեց ստեղծարար մեծ ուժի: Ինչպե՞ս է հնարավոր ընդվզման էներգիան փոխակերպել ստեղծարար ուժի ու ներշնչման, ի՞նչ կտա այս շարժումը հայ ժամանակակից արվեստին, ընդհանրապես մեր մշակությաին իրականությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանի հետ: