Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Գրող, լեզու և իրականություն


Ինչպե՞ս է լեզվի ընտրության խնդիրը լուծում սփյուռքահայ գրողը, ի՞նչ իրականություն է արտացոլում իր ստեղծագործություններում: Ինչպե՞ս է հարաբերվում գրականությունը, մասնավորարպես, վեպի ժանրը արդիականության հետ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, գրող Գրիգոր Պըլտյանի հետ:

Արևելքից՝ Արևմուտք, զգացական աշխարհից դեպի կոնցեպտ


2016 թվականը հոբելյանական է սփյուռքահայ մտավորական Գրիգոր Պըլտյանի համար: Այս տարի լրացավ նրա գրական գործունեության 50-ամյակը: Գրիգոր Պըլտյանը Երևանում ներկայացրեց «Ինչ որ չես տեսներ» նոր գիրքը: Ի՞նչ խոհերով է մոտենում մտավորականը ստեղծագործական կեսդարյա հոբելյանին, ինչպե՞ս է գնահատում սփյուռքահայ գրականության արդի վիճակը  և ի՞նչ հեռանկաներ է տեսնում արևմտահայերենի ներկա դրության պայմաններում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, գրող Գրիգոր Պըլտյանի հետ:
 

Գյուղական համայնքների զարգացումը՝ բարեկեցիկ ապագայի երաշխիք


«Երեխաները մեր ապագան են». հայտնի արտահայտություն, որ հաճախ կարելի է լսել երկրի զարգացման մասին տարբեր քննարկումներում և այլուր: Հարց է, թե ի՞նչ է իրապես արվում երեխաների կրթության ու դաստիարակության պայմանների ու հնարավորությունների ստեղծման համար: Հատկապես մարզերում, որտեղ երեխաների կյանքը շատ ավելի դժվար է, իսկ՝ հնարավորությունները քիչ: Ի՞նչ ծրագրերով է հնարավոր նպաստել երեխաների ներուժի բացահայտմանը: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր, ատենապետ Կարո Արմենի հետ: 
 

Սուրբ Էջմիածինը արվեստում


Հայոց հոգևոր կենտրոն սուրբ Էջմիածնի նկատմամբ պաշտամունքն իր գեղարվեստական արտահայտությունն է գտել ոչ միայն  միջնադարյան բանավոր ու գրական ավանդույթներում, այլ նաև արվեստում: Տարբեր վայրերում ստեղծվել են մանրանկարներ, քանդակներ, վարագույրներ, արծաթյա կազմեր և շատ այլ առարկաներ, որոնց վրա կարող ենք հանդիպել Ս. Էջմիածնի թեման ու խորհրդաբանությունը: Ինչպե՞ս և ե՞րբ է ձևավորվել Սուրբ Էջմիածնի պատկերագրությունը, ի՞նչ հիմնական մոտիվներով է այն ներկայանում և ինչպե՞ս է հարաբերվում միջնադարյան գրականության հետ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրության դոկտոր, ԳԱԱ Մ.

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն ու հայ երաժշտական իրականությունը


Այս շաբաթ արդեն 12-րդ անգամ մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Ի՞նչ դեր և ազդեցություն ունի մրցույթը ակադեմիական երաժշտության բնագավառում, ինչպե՞ս է նպաստում նոր տաղանդների բացահայտմանն ու հայկական դասական երաժշտության հանրահռչակմանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի հետ:

Հենրիկ Սիրավյանի արվեստը


Ստեղծագործական աշխատանքը սկսելով Մարտիրոս Սարյանի արվեստանոցում՝ հետագա տասնամյակներում Հենրիկ Սիրավյանն իր ստեղծագործություններով՝ մեծածավալ որմնանկարներով, պաննոներով, արտերկրում Հայաստանի տաղավարների ձևավորումներով իր մնայուն տեղը զբաղեցրեց մեր գեղանկարչության մեջ: Նկարչի կյանքի ու ստեղծագործության առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարչի որդու՝ գեղանկարիչ Գագիկ Սիրավյանի հետ: 

Հարրի Փոթերն ու հայկական ֆենթզիի հեռանկարները


Հայ ընթերցողին է ներկայանում աշխարհի ամենահայտնի ու սիրված վեպերից մեկը, որն արդեն շուրջ երկու տասնամյակ  աննախադեպ հաջողություն է ունեցել, թարգմանվել բազում լեզուներով, վաճառվել  միլիոնավոր օրինակներով: Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարի առաջին՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»  երկար սպասված վեպի գաղտիքների, հայ ընթերցողին սպասող անակնկալների ու ֆենթզի ժանրի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ:  

Թանգարանները և մշակութային ժառանգությունը


«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո այս շաբաթ անցկացվում է  թանգարանային գիշեր ակցիան: Այս տարի ակցիային կմասնակցի 112 թանգարան:  Որքանո՞վ են թանգարանները հոգ տանում և ինչպե՞ս են օգտագործում մշակութային միջավայրերը: Ինչպե՞ս կարող են դրանք նպաստել հասարակության մեջ մշակությաին ժառանգության նկատմամբ պատասխանատվության գաղափարների տարածմանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել է Հովհ. Շարաբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի    գիտաշխատող, ազգագրագետ Տաթևիկ Մուրադյանի հետ:

Պատերազմ և մշակույթ


Այս օրերին հայ զինվորները Արցախում անտիկ  շրջանի դամբարաններ ու այլ գտածոներ են հայտնաբերել: Բացի այդ, հայ գիտնականները տարիներ շարունակ պեղումներ են իրականացնում Արցախի հնավայրերում, մասնավորապես, Տիգրանակերտում: Ի՞նչ վնասներ կարող են հասցնել ռազմական գործողությունները Արցախի հնավայրերին, ինչպե՞ս է հնարավոր հանրահռչակել Արցախի հնագիտական արժեքները, միջազգային մշակութային կառույցները կարո՞ղ են օգնել մեր ժառանգության պահպանության հարցում: 

Կեղծված պատմություն


Լեռնային Ղարաբաղի պատմությունը թեև բավական լավ ուսումնասիրված է, սակայն տասնամյակներ շարունակ Ադրբեջանը պետական մակարդակով կեղծում է պատմությունը: Հակագիտական ուսումնասիրություններով, ակնհայտ ստերով հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում ժողովրդի մեջ՝ նրան զրկելով իրական պատմությունն իմանալու հնարավորությունից: Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց այս վիճակը, ի՞նչ կարող է անել մեր պատմագիտությունը այս խնդիրների լուծման հարցում: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ:
 

Մեր զենքը մեր հայրենիքն է


Քառօրյա պատերազմի ու Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում այս օրերին շարունակվող մարտական գործողությունների ընթացքում մենք հաճախ ենք վերհիշում Արցախյան հաղթական ազատամարտը, նաև՝ համեմատություններ անում: Ինչպիսի՞ն էր այն ժամանակ ուժերի հարաբերությունը, ի՞նչ մթնոլորտ ու տրամադրություններ էին ռազմաճակատում ու թիկունքում: Համեմատե՞լի են արդյոք այս երկու իրադրությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ:   

Պատմություն և հիշողություն


Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 2-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է՝ Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Ի՞նչ կարող են տալ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը այս օրինագծերը, ի՞նչ սկզբունքներով են ընդունվում, բարոյակա՞ն, թե քաղաքական նշանակություն ունեն դրանք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ: