Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Պատերազմի դասերը


Հայ-ադրբեջանական սահմանագծին ծավալված չորսօրյա պատերազմը խորհել տվեց բազում հարցերի մասին. ինչպե՞ս պետք է ապրել պատերազմի պայմաններում ու դրանից հետո, ի՞նչ պատասխանատվություն ունեն պետությունն ու հասարակությունը ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս է հնարավոր ազգային միասնություն ապահովել սոցիալական ու քաղաքական բազում չլուծված խնդիրների պարագայում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Հայաստանի աստվածաշնչային ընկերության» ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի հետ:

Հայը և աշխարհը


Վերջին օրերի ծանր, ողբերգական իրադարձությունները մեծ ցավ ու դառնություն պատճառելուց  զատ, նաև մեր հերոսների խիզախությամբ, անձնազոհությամբ  հպարտանալու, մեր ժողովրդի՝ ճգնաժամային պահերին միասնական կամք դրսևորելու զարմանալի ունակությամբ հիանալու հնարավորություն տվեցին: Առիթ եղավ  ևս մեկ անգամ խորհելու մեր ժողովրդի էության ու բնավորության առանձնահատկությունների,  աշխարհի հետ հարաբերության կերպի մասին: Ո՞վ է հայը,  ինչպե՞ս է իրեն ընկալում ժամանակակից աշխարհում, ինչպե՞ս է պատկերացնում իր ապագան:  Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրական գիտություն

Ազգային երաժշտությունը՝ Արևելիքի և Արևմուտքի միջև


Թեև շատ է հոլովվում «արդի ազգային կոմպոզիտորական դպրոց» արտահայտությունը, սակայն լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեն «ազգային» ու «արդի» հասկացությունները: Հատկապես ժամանակակից՝ սահմաններ չճանաչող աշխարհում ի՞նչ տարրերով է բնութագրվում ազգային երաժշտարվեստը, որտե՞ղ է ազգայինի ու վերազգայինի սահմանը, ինչպե՞ս են ժամանակակից հայ կոմպոզիտորները մեկնաբանում այս երևույթների առանձնահատկությունները: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ:  
 

Հայրենիքի գույների ջերմությունը


Արևելյան տաք գույներ, խորհրդավոր բնանկարներ, ուշագրավ գրաֆիկական աշխատանքներ ու ծովանկարներ, հայկական ավանդական ու եվրոպական գեղանկարչության արդի ուղղությունների սկզբունքների համադրություն: Գեղանկարիչ Էդման Այվազյանը, թեև երկար տարիներ ապրում է Լոնդոնում, սակայն ծննդավայր Իրանի և պատմական հայրենիքի՝ Հայաստանի տեսարաններն ու կյանքը  շարունակում են մնալ նրա ստեղծագործության հիմնական թեմաները: Ի՞նչ է ներշնչում նկարչին այսօր, ինչպես է փոխվել նրա արվեստը անցնող տասնամյակներում և ի՞նչ հանգրվանում է հիմա: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանի հետ:

Պոեզիան ոչ պոետիկ ժամանակներում


Թեև այսօր ամենաքիչը աշխարհում հենց պոեզիա է ընթերցվում և աշխարհն ապրում է առավելապես ոչ պոետիկ, այլ պրոզաիկ ժամանակներում, սակայն 1999 թվականից սկսյալ մարտի 21-ը նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Մեզանում այդ օրը տարբեր միջոցառումներ են լինում,  փորձ է արվում ոչ պոետիկ իրականությանը բանաստեղծական շունչ հաղորդել: Պոեզիայի օրվան նվիրված միջոցառումների, ՀՀ մշակույթի նախարարության՝ գրականության հանրահռչակմանն ուղղված ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող, բանաստեղծ Արմեն Սարգսյանի հետ:

Դատարկության հզորությունը


Օրերս բացվեց «Դատարկության հզորությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին հեռավոր Բրազիլիայում ծնված, սակայն պապերի երկրի կարոտով հայրենիք վերադարձած ու այդ կորուսյալ հայրենիքը լուսանկարներով անմահացրած Նորայր Շահինյանի աշխատանքները: Ինչպե՞ս է հնարավոր վերադարձն արմատներին, ինչո՞վ է տպավորիչ դատարկությունը, ինչպե՞ս է հնարավոր պատկերել կարոտը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ճարտարապետ, լուսանկարիչ Նորայր Շահինյանի հետ:   

Հայկական բալետը ռուսական անցյալի ու անորոշ ապագայի միջև


Հայ ժամանակակից բալետի մասին խոսելիս մի կողմից ցավով նշում ենք, որ բալետային պրեմիերաներ հազվադեպ են լինում, խաղացանկը դժվարությամբ է համալրվում, մյուս կողմից՝ ուրախությամբ արձանգրում, որ   մեր պարողները, հանդես են գալիս աշխարհի մեծ բեմերում, աշխատում հայտնի պարային խմբերի հետ: Ինչպե՞ս է մեկնաբանվում այս վիճակը, ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի հայ բալետային արվեստն այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ժող. արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ:

«Արտասահմանյան գրականության» նոր կյանքը


Արդեն 15 տարի՝ հրատարակվում է «Արտասահմանյան գրականություն» հանդեսը, որտեղ թարգմանաբար հրատարակվում են համաշխարհային հանրաճանաչ հեղինակ¬ների գործեր, հայ ընթերցողին ներկայացվում նոր ու անծանոթ գրողների, արդի արտասահմանյան գրականության զարգացումներին: «Արտասահմանյան գրականություն» հանդեսի, ինչպես նաև թարգամանական արդի խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ, հանդեսի գլխավոր խմբագիր Վահե Արսենի հետ:
 

Գիրքն իրական խոսքի տարածությունում


Ժամանակակից աշխարհում թեև փոխվել են գրքի ձևաչափերը, սակայն որպես մշակութային ֆենոմեն այն պահպանում է իր  նշանակությունը: Ինչո՞ւ են մարդիկ այսօր գիրք կարդում և ինչո՞ւ պետք է կարդան, ինչպես պետք է խթանել ընթերցանության մշակույթը և ի՞նչ դեր ունեն այս գործում գրականագետները, գրողներն ու մեդիան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի եհտ:

Ռուսական կայսերական թանգարաններն ու հայ ավանդական մշակույթը


Ռուսական հայտնի թանգարաններում, սկսած 20-րդ դարի սկզբներից, տարբեր արշավախմբերի ու առանձին հնագետների աշխատանքի շնորհիվ հավաքվել են հայ նյութական մշակույթի արժեքավոր նմուշներ: Մասնավորապես,  Պետերբուրգում գտնվող Ռուսական ազգագրության թանգարանում պատմական Հայաստանի տարբեր շրջաններից հավաքաված մի մեծ հավաքածու կա, որը պարբերաբար ցուցադրվում և ուսումնասիրվում է: Այս հավաքածուի, ինչպես նաև՝ հայ ավանդական մշակույթի նմուշների հավաքման ու ներկայացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ռուսական ազգագրության թանգարանի ավագ գիտաշխատող Լուսինե Ղուշչյանի հետ:

Հայտնի ու անհայտ Գուրգեն Մահարին


20-րդ դարի հայ գրականության ամենահակասական ու մինչ օրս վեճեր հարուցող հեղինակներից մեկը՝ Գուրգեն Մահարին, ընթերցողին է ներկայանում երկերի լիակատար ժողովածուով: Արդեն լույս են տեսել ժողովածուի 6 հատորները, որոնք հավակնում են ամբողջությամբ՝ գրականությամբ, հրապարակախոսությամբ, նամակներով ներկայացնել Մահարուն, պատասխանել նրա ստեղծագործությանը առանչվող հարցերին: Մահարու կյանքի ու ստեղծագործության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Գրիգոր Աճեմյանի հետ:

Առնո Բաբաջանյան. երաժշտության հարատև հմայքը


Անվանի կոմպոզիտոր, փայլուն դաշնակահար, նախկին ԽՍՀՄ ամենահայտնի երաժիշտներից մեկը: Լրացավ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Կոմպոզիտորի կյանքի ու արվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի հետ: