Մեր հերոսները երիտասարդներ են, որոնք փորձում են, նախաձեռնում, իրագործում: Այդպես նրանք ինքնիրացվում են, շրջապատը՝ շահում:  Աշխարհը փոխելը նրանց ուժերից վեր է, բայց աշխարհում մի բան փոխել կարող են հաստատ:
 Շարքի ամեն հաղորդում ներկայացնում է երիտասարդական մի նախաձեռնության պատմությունն ու օգտակար գործողության գործակիցը:

«Հավեսին սենյակ»


Սահմանամերձ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակը» երեխաների զբաղմունքի միակ տեղն է: Կենտրոնի միակ ուսուցիչը՝ Մարիամը, շաբաթը մի քանի անգամ դասերից հետո երեխաներին անվճար նկարչություն, ձեռքի աշխատանք է սովորեցնում: Կենտրոնը չունի ֆինանսավորում: Արվեստագետների մի խումբ աջակցում է որոշ հարցերում:

«Վարորդի ընկեր»


Արդեն մի քանի տարի է, մեր վարորդները քաղաքացիական պաշտպաններ ունեն. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը դիտարկում և վերլուծում է իրենց դիմած յուրաքանչյուր քաղաքացու բողոք: Եթե վարորդը համոզված է, որ անհարկի տուգանվել է, կազմակերպությունը օգնում է իրավաբանորեն ճիշտ հայց կազմել, բողոքարկել, տեր կանգնել սեփական իրավունքներին: Բանիմաց փորձագետներն արագ արձագանքում են երթևեկության ամեն նոր փոփոխության, հաղորդակցության տարբեր միջոցներով իրազեկում քաղաքացիներին՝ ապահովելով անվտանգ երթևեկություն: 

Վիքիմեդիա Հայաստան


«Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանն աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպությունը համախմբել է տարբեր տարիքի ու մասնագիտության կամավորների, որոնք ջանք չեն խնայում հայերեն հոդվածներ գրել, խմբագրել արդեն եղածների սխալներն ու վրիպումները: Նրանց շնորհիվ հայերեն Վիքիպեդիան համաշխարհային մեծ ընտանիքի լիիրավ անդամներից է դարձել, հոդվածների թվով՝ 34-րդը: 

Դիլիջանի «Կաֆեին բրյու լաբ» սրճարանը


Մարիամ Սինանյանն ու Անի Հարությունյանը որոշում են ժամանցային նոր մշակույթ ստեղծել մարզում: Տեղափոխվում են Դիլիջան և բացում այլընտրանքային սրճարան՝ «Կաֆեին բրյու լաբը», պատրաստում այլընտրանքային սուրճ: Մթերքը գնում են տեղացի արտադրողից և այցելուներին առողջ սնունդ առաջարկում: Սրճարանի տեղում խորհրդային տարիներին մթերային խանութ է եղել, աղջիկները չեն փոփոխել ինտերիերը, դա տեղացիների համար սովորական է, զբոսաշրջիկների համար՝ գրավիչ:
Դիլիջանում գործունեություն ծավալելը ռիսկային է: Բայց աղջիկները շարունակ նոր ուղիներ են որոնում… 
 

Դասավանդելով Ձորագյուղում


Նարեկն ու Սամվելը աշխարհագրություն և ֆիզիկա են դասավանդում Լոռվա Ձորագյուղում: Դպրոցում տարիներ շարունակ չեն եղել այս առարկաների մասնագետ ուսուցիչներ: Տղաները նաև վարում են աստղագիտության, ռոբոտաշինության, թուրքերենի և թատերական արտադասարանական խմբակներ: Նրանք Ձորագյուղում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով: 

«Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» նախագծերը Գյումրիում


«Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» մոռացված խաղերը կյանքի են կոչվում առցանց հարթակում: Նեկայացնում են նախագծերի համահիմնադիրներ Գագիկ Մխիթարյանն ու Արսեն Վարդանյանը:   

Խնամելով կատուներին


Քանաքեռավան գյուղում կատուների մի կացարան կա: Կացարանը վարձակալել են Հասմիկը և Դիանան: Նրանք իրենց անձնական միջոցներով պահում և խնամում են անտուն կատուների: Կատուները շատանում են, իսկ կացարանը շատ փոքր է…

Դիլիջանի համայնքային կենտրոն


«Ողջույն հարգելի ռադիոլսողներ: «Դիլի ռադիոյի» եթերում «Նորություններ Դիլիջանից» հաղորդաշարն է...»:  
Դիլիջանի համայնքային կենտրոն է այցելել մեր նկարահանող խումբը:   
 

Հեծանիվ+


Հեծանիվ+ խմբի անդամները տարբեր մասնագիտության ու տարիքի մարդիկ են, որոնց համախմբում է բնության, հայրենիքի և հեծանիվ վարելու նկատմամբ սերը: Հեծանվարշավների միջոցով նրանք բնապահպանական ակցիաներ են իրականացնում, ուշադրություն հրավիրում շրջակա միջավայրի խնդիրների վրա: Այս անգամ նրանք Թռչկանում են:

Կողբի գեղարվեստի դպրոց


Սահմանամերձ Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցը բացվեց ի հեճուկս պատերազմին, սոցիալական ծանր վիճակին ու արտագաղթին: Այստեղ 18 տարի է` կերպարվեստի անվճար դասեր են անցկացվում: Բարեգործական հիմունքներով գործող դպրոց են հաճախում Կողբի և հարակից համայնքների երեխաները: Հիմնադիրներն ու դասավանդողները տեղացիներ են: Նրանք ամեն ինչ անում են, որ նոյեմբերյանցի երեխաները հետ չմնան իրենց մայրաքաղաքաբնակ հասակակիցներից: 

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն


Ապրիլյան քառօրյա պատերազմը հզոր ալիք բարձրացրեց հասարակության և հատկապես երիտասարդների շրջանում: Զինհանշմանդամների վերականգնողական խնդիրներով զբաղվող կինեզիստ երիտասարդների մի խումբ կամավոր ստանձնել է տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների վերականգնողական բուժումը: Մուրացան զինվորական հոսպիտալից բացի կամավորների խումբը աշխատում է Երևանի մի քանի հիվանդանոցներում, առողջական խնդիրներից բացի նրանք զբաղվում զինհաշմանդամների տարբեր խնդիրներով:

Ֆիթնես մարզիչները


Մի խումբ ֆիթնես մարզիչներ անվճար մարզումներ են կազմակերպում երևանցիների համար: Առողջությունը վերականգնելու, նիհարելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու, մարզվելու և հեծանիվ վարելու համար ամեն շաբաթ օր, ժամը 11-ին Մարզահամերգային համալիրի բակ են շտապում բազմաթիվ երևանցիներ: Նրանց միացել է նաև մեր նկարահանող խումբը: