Կայացած ընտրություն՝ առկախ հարցերով


Ստամբուլի նահանգապետարանը ընտրությունից կես ժամ անց  հայտարարեց,  որ չի ճանաչում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները և կարծում է, որ հայկական համայնքը չի կարող պատրիարքական ընտրությունների գործընթաց սկսել: Ի՞նչ իրավական հիմնավորմամբ է թուրքական իշխանությունը միջամտում Պոլսի հայոց պատրիարքարանի ներքին հարցերին: Ո՞րն է լինելու պատրիարքական տեղապահի ընտություններին հաջորդող քայլը: Քննարկում են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Վերականգնողական արդարադատության հնարավորությունը


Պրոբացիոն պետական ծառայության մասին ՀՀ օրենքի գլխավոր նպատակներից մեկը ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցումն է վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը: Համաձայն դրա, պատժի նպատակը դառնում է ոչ թե ազատազրկումը, այլ հանցանք կատարած անձի ուղղումն ու վերասոցիալականացումը, որի շոնրհիվ հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները տուժողի հետ, փոխհատուցել հասցրած վնասը, չկտրվել ընտանիքից ու հասարակական հարաբերություններից: Ինչպե՞ս է ընթանում պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, ի՞նչ նախադրյալներ կան պրոբացիոն ծառայության արդյունավետ գործունեության համար: Քննարկում են Արդարադատության նախարարության իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:

Ապրիլի 6-ը` խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած հոգևորականների հիշատակի օր


Ապրիլի 6-ը Հայ առաքելական եկեղեցում կդառնա խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած հոգևորականների հիշատակի օր: 1938թ.-ի ապրիլի 6-ին բռնաճնշումների հետևանքով մահացել է hայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը: Կա վարկած, որ Խորեն կաթողիկոսին Խորհրդային Հայաստանի Պետանվտանգության գործակալները խեղդամահ են արել Վեհարանում: Խորհրդային շրջանում հոգևորականների հետապնդումների և բռնաճնշումների սոցիալ-մշակութային հետևանքների մասին զրուցում են Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և Մայր Աթոռի արխիվի ու թագարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ինքնության խախտումներն` իբրև ցեղասպանության հետևանք


Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր հրաժարվել են իրենց ինքնությունից՝ թերարժեքությունից ազատվելու և  նոր միջավայրում հեշտությամբ ինտեգրվելու նպատակով: Մասնագետներն ինքնության այս խախտումները համարում են ցեղասպանության հեևանքներից մեկը: Վարքային ի՞նչ դրսևորումներ են ի հայտ եկել ինքնության խախտումների պատճառով և ի՞նչը կարող է հայկական ինքնության վերարժևորման ու ամրապնդման առիթ դառնալ: Քննարկում են փիլիսոփա Սիլվա Պետրոսյանը և ազգագրագետ Հարություն Մարությանը:

Կրոնը՝ սպանության գործիք


Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար թե՛ Օսմանյան կայսրության իշխանավորները, թե՛ երիտթուրքերը կարողացան զանգվածային ջարդերի մեջ ներքաշել շարքային մարդկանց: Ինչպե՞ս դա հաջողվեց նրանց, որո՞նք էին սպանություններին թուրք և քուրդ ժողովրդների զանգվածային մասնակցության մշակութային և հոգեբանական նախադրյալները: Թեման քննարկում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և գիտաշխատող Շուշան Խաչատրյանը:

Չապաքինված ցավը փոխանցվում է


Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց սոցիալական հոգեբանները փորձում են վերլուծել վերապրածների և զոհերի սերունդների հոգեբանական և հոգեախտաբանական վիճակը, հետազոտել սթրեսի հետվնասվածքային խանգարումները և դրանց հեռավոր հետևանքները` արտացոլված տարբեր հիվանդություններում: Ի՞նչ է միջսերնդային հիշողությունը, ինչպե՞ս և ինչո՞ւ է փոխանցվում: Թեման քննարկում են ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սյուզան Սարգսյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը:

Ինչ սպասելիքներ ունենք հոգևորականից


Ի՞նչ է ակնկալում հանրությունը հոգևորականից և որքանո՞վ է եկեղեցականն արդարացնում այդ ակնկալիքն այսօր: Քննարկում են հոգեբան Ինգա Հարությունյանը և Ասողիկ քահանա Կարապետյանը:

Վիրահայոց թեմ. սեփականության վերադարձի գործընթաց


Վիրահայոց թեմը կազմել և Վրաստանի կառավարությանն է ներկայացրել այդ պետության տարածքում գործող հայկական խոնարհված, ավերված կամ վրացականացված եկեղեցիների ցանկը՝ պահանջելով ետ վերադարձնել այդ սեփականությունը: Ինչո՞ւ է հապաղում վերադարձի գործընթացը: Քննարկում են Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և պատմաբան Արմեն Ասատրյանը: 

Սուրբ Սարգսի տոն. ձևի և բովանդակության խզվածքը


Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները նպատակ ունեն որքան հնարավոր է գրավիչ դարձնել տոնը: Երբեմն, սակայն, տոնի խորհրդի մատուցումն այնպես է փաթեթավորված, որ տոնը գրեթե անճանաչելի է: Ու թեև ձգտումը մեծ է, բայց ձևը հաճախ այդպես էլ չի դառնում բովանդակություն: Թեման քննարկում են Տ. Եսայի քահանա Արթենյանև և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը:

Ազգային ինքնությունը գլոբալացվող աշխարհում


Ինչո՞ւ են գլոբալացվող աշխարհին մտահոգում ազգային ինքնության հետ կապված խնդիրները: Ի՞նչ արդյունք կարող է տալ ազգային ինքնությունը կարևորող քաղաքականությունը: Ինչպե՞ս կարող են ինքնության տարրերը ծառայել ազգային հեղինակության կառուցմանը: Ազգային ինքնությանն առնչվող սոցիալ-հոգեբանական խնդիրների շուրջ զրուցում են միջազգայնագետ Վահագն Վարդանյանը և հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը: 

Կյանքը սահմանում


Սահմանամերձ գյուղերի հոգևոր խնամքի առանձնահատկությունների, համայնքների տնտեսական, սոցիալական ու մշակութային ակտիվությունը խթանելու մասին զրուցում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և սահմանամերձ Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանը: 

Բարեգործության մշակույթ


Զարգացած երկրներում բարեգործությունը ոչ միայն պարզապես մարդկանց առաջնային կարիքները հոգալն է, այլ առաջին հերթին՝ ներդրումներ կատարելն այնպիսի ծրագրերում, որոնք կարող են լուծել սոցիալական ապահովության խնդիրները, բարելավել կրթական մակարդակը ու զարգացնել հմտությունները: Բարեգործության հայաստանյան մշակույթի մասին զրուցում են Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը և «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչուհի Զարուհի Մուրադյանը: