Ֆիլմաշարի հերոսները ծանր անցյալ ունեցող մարդիկ են, որոնց կյանքում փրկարար շրջադարձ է եղել:  Ճանապարհը բերել է դեպի եկեղեցի:

Alt

Ենոք դպիր Գաբրիելյան


Ենոք դպիր Գաբրիելյանը Բյուրավան գյուղի բնակիչ է: Առաջին հոգևորը ցնցումը ապրել է Ավագ ուրբաթ օրը: Կնոջ հորդորներով այդ օրը եկեղեցում մասնակցել է Քրիստոսի Թաղման կարգին: Ճանապարհին ընկերներիս ամբարտավան կեցվածքով ասացի` թաղում եմ գնում: Իսկ եկեղեցում ծաղիկներով զարդարված Տիրոջ գերեզմանը պտտելու համար տղամարդ չկար և ստիպված ես վերցրեցի: Այդ օրվանից Քրիստոսի քաղցր լուծը կարծես մնաց իմ ուսերին, իմ հոգին աշխարհիկ կյանքի համար խաչվեց»,- ասում է Ենոք դպիրը:

Alt

Իրինա Սողոմոնյան


Իրինա Սողոմոնյանը լսողության խանգարում ունի: 18 տարեկան է: Փոքր տարիքում մայրն արգելում է խոսել ժեստերի լեզվով, Իրինան բարդույթներ է ձեռք բերում, որոնք նրան խանգարում են նաև ուսումնառության ընթացքում: 15 տարեկանում Զեյթունի հատուկ դպրոցում աղջիկն առաջին անգամ ծանոթանում է ժեստերի լեզվով քարոզող քահանայի` Տեր Եսայիին: Երիտասարդ աղջկա առօրյան սկսվում է փոխվել: Ձեռքբերումների ու հուզումների մասին նա մեզ պատմում է արդեն հարազատ ժեստերի լեզվով...

Սարգիս Գրիգորյան


Սարգիս Գրիգորյանի մանկությունն անցել է Օշական գյուղում: Ս.Մեսորպ Մաշտոց եկեղեցուց փող գողանալը նրա պատանեկության տարիների սիրած զբաղմունքն է եղել: Հետագայում չարաճճիությունը վերածվում է սովորույթի, ապա դառնում կենասակերպ... Բանտարկության ժամանակ երդվում է ծնկաչոք եկեղեցի գնալ և ներում հայցել Աստծուց: Դուրս է գալիս բանտից ու քահանայի հետ հանդիպման գնում: Այդ հանդիպումը ամբողջապես փոխում է նրա կյանքը...

Alt

Սիրան Աթաբեկյան


Հաղորդման հերոսուհին`Սիրանը, 100 տոկոսանոց կույր է: Հայաստանի անկախությունից հետո ստեղծված տնտեսական կացության պատճառով կորցրել է աշխատանքը և հայտնվել մեկուսացած վիճակում: Ընտանիքում սկսված պարբերական վեճերը հասցրել են նրան հոգեկան ճգնաժամի, Սիրանը հայտնվել է հոգեբուժարանում: Պատմում է, որ հոգևորականի հետ հանդիպելու որոշումը կտրուկ է կայացրել: Հանդիպումը եղել է բախտորոշ: Քահանան օգնել է նրան նոր կյանք սկսել: Սիրանն այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու համայնքի ակտիվ անդամներից է:

Անուշ Գևորգյան


Հաղորդման երիտասարդ հերոսուհին ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան, ուսանողության տարիներին հայտնվում վատ ազդեցությունների գոտում: Անհաջող ամուսնությունից ու երեխայի կորստից հետո վերադառնում է Հայաստան: Հոգեկան անհավասարակշիռ վիճակ, ինքնասպանության երկու փորձ, առողջական լուրջ խնդիրներ... Անուշը որոշում է դիմել հոգևորականի օգնությանը՝ հուսալով, որ կազատվի անցյալի հետապնդումներից:
Ֆիլմում հերոսուհին ինքն է պատմում եղելությունը: