Փաստավավերագրական շարքի հաղորդումները նվիրված են հայ միջնադարյան եկեղեցական արվեստի նշանավոր դեմքերին: Մանրանկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ, հոգևոր թեմաներով ստեղծագործող անհատներ, խմբեր, դպրոցներ, որոնք սերտորեն կապված են Հայ եկեղեցու հետ:
Արդեն պատրաստ են  Մոմիկի, Մանուել ճարտարապետի, մանրանկարիչներ Սարգիս Պիծակի, Թորոս Ռոսլինի և Թորոս Տարոնացու կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հաղորդումները:

Զորավոր ավետարան


Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 4060 թվահամարի տակ պահվում է հրաշագործ զորությամբ հռչակված մի ձեռագիր Ավետարան: Այն հայտնի է Զորավոր ավետարան անունով: Մատյանը հետաքրքիր ճակատագիր ունի. մինչ Մատենադարանում հանգրվանելը, հայտնվել է Երևանում, փրկվել կորստից, հանգրվանել Պարսկաստանում, ապա կրկին վերադարձել Հայաստան: Ձեռագիրը նաև հայտնի է հարուստ ու բազմազան մանրանկարչությամբ: 

Տրդատ ճարտարապետ


Տեսաֆիլմը պատմում է Բագրատունյաց Հայաստանի վերելքի ու վեհության խորհրդանիշ Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատի գործունեության, նրա կերտած հանճարեղ կառույցների մասին: Ֆիլմի ընթացքում անդրադարձ է կատարվում Տրդատի ստեղծած մյուս կոթողներին՝ Արգինայի տաճարին, Գագկաշեն եկեղեցուն, պետության հզորության խորհրդանիշ Անիի պարիսպներին, դրանց նախագծման ու ստեղծման առանձնահատկություններին, ճարտարապետի բերած նորություններին ու արվեստի յուրահատկություններին: 

Հաղպատի ավետարան. Ծաղկող Մարգարե


Հաղպատ-Անի-Գետաշեն-Էջմիածին և Երևան. հայկական շատ նշանավոր ձեռագրերի նման Հաղպատի ավետարանը» երկար ու չարչարանաց ճանապարհ է անցել: Ստեղծվել է 13-րդ դարում՝ Հաղպատի վանքում, նկարազարդվել Անիում, հայտնվել Արցախում, որտեղից էլ 1920-ական թվականներին Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը այն տեղափոխել է Էջմիածին: Այսօր Ավետարանը ցուցադրվում է Մաշտոցի անվան Մատենադարանում և ներկայացնում հայ ձեռագրական արվեստի յուրահատուկ մի էջ` Մարգարե Ծաղկողի անունով:

Թորոս Տարոնացի


Բուսական ու երկրաչափական զարդեր: Կենդանիների իրական ու հրաշապատում պատկերներ: Ժողովրդական արվեստի ու բանահյուսության արձագանքներ: Մանրանկարիչ Թորոս Տարոնացին լսում է արտաքին աշխարհից եկող ձայները, ձգտում արձանագրել դրանք: Ժողովրդական ավանդապատումները հետաքրքրում են նրան և թարմ վերաիմաստավորումներով հայտնվում ձեռագրի էջերին:

Թորոս Ռոսլին


Նոր հայացք ավանդական թեմաներին, ընդգծված դրամատիզմ ու կերպարների հոգեբանական լարվածություն, ապրումների արտահայտչականություն ու յուրահատուկ գունապնակ: Սրանք են Կիլիկյան մանրանկարչական դպրոցի յուրահատուկ բարձրակետ` Թորոս Ռոսլինի ստեղծագործության բնորոշիչները:
Հռոմկլայում ապրած ու ստեղծագործած մանրանկարչի ծննդյան մոտավոր տարեթիվը 13-րդ դար 20-ական թվականներն են, մահվան թիվն անհայտ է: Աշակերտել է իր նշանավոր ժամանակակիցներին` Կիրակոսին և Հովհաննեսին

 

Սարգիս Պիծակ


Հայ գրքարվեստի խոշորագույն ներկայացուցիչ է Սարգիս Պիծակը: Նրա գեղարվեստական լեզվի վարպետությնն անգերազանցելի է: Խորհրդանիշի ուժ ստացած նրա պատկերների շնորհիվ Աստվածաշունչն ու ծիսական գրականությունը մոտեցել ու հասկանալի են դարձել ընթերցողին, իսկ կարդալ չիմացող հավատացյալն հենց այդ նկարների միջոցով է առնչվել Սուրբ Գրքի խորհուրդներին:
Մանրանկարչի ծննդյան և մահվան թվերն անհայտ են: Հայտնի է միայն, որ ապրել և ստեղծագործել է 14-րդ դարում, Կիլիկյան Հայաստանի նշանավոր կենտրոններում

 

Մոմիկ


Գլաձորի մանրանկարչական դպրոցի երեք հայտնի ներկայացուցիչներից մեկն է Մոմիկը: Ծնվել է Վայոց ձորում, ամենայն հավանակությամբ` 13-րդ դարի 60-ական թվականներին: Ապրել ու ստեղծագործել է Սյունիքում: Մինչև կյանքի վերջը ապրել է Վայոց Ձորում, զավակներ ու թոռներ է ունեցել: Գեղեցիկ առասպելներով է հյուսվել Մոմիկ Վարդպետի կենսագրությունը: Մանրանկարչություն, խաչքարագործություն, ճարտարապետություն. բազմաշնորհ վարդպետը գեղեցկացրել ու ծաղկեցրել է այն ամենն ինչին դիպչել է. ոգի է հաղորդել մագաղաթին ու քարին, կենդանացրել ու վեհացրել ճարտարապետական կառույցը` այն որպես քարեղեն աղոթք փոխան-ցելով սերունդներին:

Մանուել Ճարտարապետ


Ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն. արվեստների համադրությամբ ստեղծված հոյակերտ տաճարներ, համալիրներ, թագավորական պալատներ ու ամրոցներ: 10-րդ դար, քաղաքական ու հոգևոր վերելք և այդ վերելքի խորհրդանիշ Աղթամարի Ոստան ավան, Սբ. Խաչ եկեղեցի ու դարերի մեջ հավերժացած անուն` Մանուել ճարտարապետ: