Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Անի Քալաֆյան


Անի Քալաֆյանը Հայաստանում իրեն անհամեմատ ավելի ուժեղ է զգում, քան ԱՄՆ- ում, որտեղից 2 տարի առաջ Հայաստան էր տեղափոխվել «Դեպի Հայք» ծրագրով: «Չորս ամսով էի եկել, բայց հենց սկզբից հասկացա, որ ուզում եմ այստեղ նոր կյանք սկսել»: 
Անին աշխատում է Ամերիկյան համալսարանում, զբաղվում է ռեյկիով, որը ճապոնական բժշկության տարատեսակ է: «Հայաստանում էներգիան շատ է ու այն ինձ օգնում է վերադառնալ իմ արմատներին, որ ԱՄՆ-ում մասամբ կորցրել էի ու ամերիկացի էի դարձել: Դա շատ հաճելի զգացողություն է»: 
 

Պերճ Քարազյան


Պերճ Քարազյանը Հայաստան է տեղափոխվել Հալեպից: Այսօր օպերային թատրոնի մեներգիչներից է: «Աշխարհի տարբեր բեմերում եմ եղել, բայց ամենաթանկը հայ հանդիսատեսի ծափահարությունն է»: 

Իվետա Թաջարյան


Իվետան ու Կարենը Հայաստանում են 1995 թվականից: Իվետան արվեստաբան է, Կարենը՝ ճարտարապետ, եկել էին ուսանելու նպատակով, բայց ուսումն ավարտելուց հետո որոշեցին չվերադառնալ Պարսկաստան: Ամուսինները վստահ են, որ հայերն իրենց կարողությունները ամենալավն են դրսևորում հայրենի հողի վրա... 

Արեն Ապիկյան


Արեն Ապիկյանը ծնվել է Հայաստանում, ապա՝ ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա, աշխատել բանկային և իրավաբանական ոլորտներում: Մշտապես ուեցել է Հայաստան վերադառնալու ցանկություն և ՎՏԲ բանկում աշխատելու հրավերը նրան սպասեցնել չի տվել: Այսօր Արենն աշխատում է IDEA հիմնադրամում՝ «100 կյանք» ծրագրի համագործակցության գծով տնօրենն է: Վստահ է, որ Հայաստանը երեխաներ դաստիարակելու ամենաապահով վայրն է: Ցավում է, որ այսօր Հայաստանը քիչ է հետաքրքիր աշխարհին, պետք է մտածել՝ ինչպես շարժվել առաջ, ինչպես դիմակայել նոր մարտահրավերներին:
 

Նազեհ Նազլումյան, Առլեն Շահվերդյան


Նազեհը Հայաստան է տեղափոխվել 2004-ին: Ամերիկյան համալսարան ընդունվելուց հետո իրեն ամբողջությամբ ներգրավված է զգում հայաստանյան կյանքին: Այժմ աշխատում է PICS ART-ում: Ամուսնու՝ Առլեն Շահվերդյանի հետ չեն էլ պատկերացնում իրենց Հայաստանից դուրս: Այստեղ նրանք ամբողջականության զգացողություն ունեն և դա ամենակարևորն է:

Ամանորը հայրենիքում 2015 թվականին


Ամանորյա շնորհավորանքեր սիրիահայերի, իրանահայերի լիբանանահայերի կողմից: Վերջապես նրանց պապերի երազանքը կատարված է՝ Սուրբ Ծնունդը նշում են հայրենիքում: Բոլորը համակարծիք են, որ Հայաստանը այլ զգացողություն ուժ և հավատ է տալիս...

Ուիլիամ Բայրամյան, Նորա Բայրամյան


Հայաստան տեղափոխվելու ամենամեծ պատճառը մեր ապագա երեխաներն են, նրանք մեզ նման իրենց հայությունը ապացուցելու խնդիր չեն ունենա»: Ուլիամն ու Նորան ԱՄՆ-ում ամուսնանալուց անմիջապես հետո տեղափոխվում են Հայաստան...

Արա Մարկոսյան, Անահիտ Մարկոսյան


Սիլիկոնյան հովտում աշխատանք ստանալուց հետո հասկացա, որ դա նաև լավ հնարավորություն է Հայաստանին օգնելու համար: Այդպես, փոքր խմբով Հայաստանում հիմնեցինք Արսեթը», որը հետագայում գնեց Սինոփսիսը» և այն մուտք գործեց Հայաստան: Ապա՝ մասնակից եղանք նաև Հայթեքի» հիմնադրմանը»:
Արա և Անահիտ Մարկոսյանները ավելի քան 20 տարի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո այսօր վերադարձել են Հայաստան: Այստեղ էլ հիմնել են բնական նյութերով պատրաստված հայկական առաջին Նաիրյան կոսմետիկս» ապրանքանիշը: Վստահ են, որ այն Հայաստանը ճանաչելի կդարձնի ևս մեկ բնագավառում:

Alt

Աննա Գարգարյան


Վերջերս Գյումրի-Երևան գնացքում ցուցահանդես էր: Փոփ-ափ» շրջիկ պատկերասրահը ցուցադրությունների նորարարություն է բերել Հայաստան. արվեստագետների ստեղծագործությունները ցուցադրում է լքված կամ կիսաքանդ տարածքներում, շարժվող և մշտական հասցե չունեցող վայրերում: Փոփ-ափի» հիմնադիր Աննա Գարգարյանն է իր հետ հայրենիք բերել իր հետաքրքիր մասնագիտությունը: Աննան ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բնակվել նաև Իտալիայում: Արդեն 2 տարի է՝ Աննայի մշտական բնակության վայրը Հայաստանն է...

Alt

Վարուժան Մուրադյան


Վարուժան Մուրադյանը 1990-ականներին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ և բնակվում այնտեղ 20 տարի: Ամեն ամառ հայրենիք գալու և Միացյալ Նահանգներ տեղափոխվելու փոխարեն, մի օր որոշում է թողնել հաշվապահի աշխատանքը ԱՄՆ-ում և վերադառնալ Հայաստան: Հաշվապահությունից անցնում է... այգեգործության, ապա՝ գինեգործության: Այսօր ՎանԱրդին» ճանաչված ապրանքանիշ է հայկական գինեգործության մեջ: Եթե այս տարածքում են ապրել նախնիներդ, ուր էլ որ ճակատագիրը քեզ տանի, միևնույն է, մի օր վերադառանալու ես հայրենի տուն»,-ասում է Վարուժանը:

 

Alt

Լիլի Ջանյանց


Հայրենիքի հանդեպ զգացողություններս միշտ խառն են եղել, բայց երբ հայրենիք ունենալու կայծը բոցկլտաց՝ մոռացա համոզմունքներս, որ ես մոլորակի քաղաքացի եմ, որ պարտադիր չէ հայրենիք ունենալը ու նման բաներ: Միակողմանի տոմս գնեցի ու եկա»:

Alt

Նիկոլ Գույումճյան


Նիկոլը Հալեպից Հայաստան է գալիս սովորելու, բայց ուսումն ավարտելուց հետո որոշում է մնալ հայրենիքում: Հայաստանում ամեն ինչ չէ, որ լավ է, բայց ինձ մագնիսկան ուժով ձգում է ֆրունզիկյան, խաչատրյանական, փարաջանովյան Երևանը: Լինում է` բարկանում եմ, մտածում եմ Հայաստանը լքելու մասին, բայց առավոտյան արթնանում եմ ու նույն մագնիսական ուժը այս կողմ է թեքում նժարը: Գենետիկ հիշողություն է միգուցե, չգիտեմ, բայց նաև ուզում եմ իմ ձեռքերով նոր Հայաստան կառուցել»,-ասում է Նիկոլը: