Եկեղեցական կյանք 25.05.2018

Մայիսի 25-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մայիսի 24-ին հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսն ու Հայաստանի Հանրապետության վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետին, գոհունակությամբ նշել է, որ Նորին սրբության և Հայ եկեղեցու խաղաղության ու հանդուրժողականության ուղերձները օգնել են, որ վերջին շրջանի ներքաղաքական լարվածությունը խաղաղ հանգուցալուծում ստանա:
Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանաների հերթական հավաքն էր: Իրենց թեմակալ առաջնորդների հետ Էջմիածին էին ժամանել շուրջ 200 քահաններ: Մինչ ժողովի սկիզբը, Հայոց հայրապետի գլխավորթյամբ եկեղեցականները Մայր Տաճարում նախ ժամերգության մասնակցեցին, ապա խմբվեցին Գևորգ 5-րդ Սուրենյաց կաթողիկոսի շիրիմի առջև, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Մայիսի 18-ից 20-ը կայացել է Կանադահայոց թեմի պատգամավորական տարեկան ժողովը, որին մասնակցել են երկրի հայկական ծխերի ներկայացուցիչները: Թեմական պատգամավորները նշել են նաև հյուրընկալի` սուրբ Վարդան եկեղեցու ծխի հիմնադրման 50-ամյակը: Այս պատմական առիթով Եղիսաբեթ Բ թագուհին հռչակագիր է հղել հայոց թեմին, որում մայիսի 20-ը հռչակել է Հայկական ժառանգության օր: Կանադայի կառավարության անունից երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն հատուկ ուղերձով ողջունել է ժողովի մասնակիցներին և հաջողություն մաղթել:
Օրերս ԱՄՆ «Հայրենիք միություն» բարեգործական հիմնադրամի միջոցներով և «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով Վանաձորում գնվեց հերթական բնակարանը: 21-րդ բնակարանի սեփականատեր դարձավ Արա Շեկոյանի բազմանդամ ընտանիքը:
Հայաստանի և Արցախի դպրոցներում այսօր՝ մայիսի 25-ին հնչեց վերջին զանգը: Արաբկիր համայնքի թիվ 82 և թիվ 128 դպրոցների շրջանավարտների օրը մեկնարկեց նորակառույց եկեղեցու բակից: Վերջին դասից առաջ եկել էին օրհնություն ստանալու, աղոթելու իրենց նպատակների ու երազանքների իրագործման համար:
Ուսումնական տարին ավարտվում է Մայր Աթոռի հովանավորությամբ գործող բոլոր հայորդյաց տներում: Ամենուր հաշվետու բաց դասեր են, համերգներ և ցուցահանդեսներ: Նորքի հայորդյաց տան «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթի սաները հուզմունքով են պատրաստվել տարեվերջյան ստուգատեսին:
Մշակույթի նախարարությունում ստորագրվեց Կոտայքի մարզի Կարենիս գյուղի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման` պետության և մասնավոր կառույցների համատեղ աշխատանքների մասին հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Կոտայքի մարզի Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը:
 
Մեկնաբանություններ