Եկեղեցական կյանք 28.05.2018

Մայիսի 28-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանում Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանարպետության 100-ամյակի առթիվ գոհաբանական մաղթանք կատարվեց: Հայոց հոգևոր առաջնորդը ծնկաչոք և գլխաբաց աղոթեց՝ Տիրոջ բարերարությունը խնդրելով Հայաստանի համար:
Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ «Հաղթանակի դար» միջոցառումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրում, որից հետո Վեհափառը աղոթք հնչեցրեց: Զինվորական շքերթից ու տոնական համերգից հետո, հանդիսության ավարտին Նորին սրբությունը ողջունեց հավատացյալներին՝ տալով իր օրհնությունը: 
Այս տարի մայիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հռիփսիմյանց կույսերի տոնը: Մայր Աթոռից սուրբ Հռիփսիմեի վանք  տարվեց սրբուհու մասունքը: Այս տարի սուրբ Հռիփսիմեի անունը կրող եկեղեցին նշում է նաև  կառուցման 1400-ամյակը:
Այս օրերին մեր երկիր բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, նաև սփյուռքահայեր են ժամանել՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-մյակի և Սարդարապատի հերոսամարտերի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Գարգեին Բ Ամենայն հայոց հայրապետը նախ ընդունեց ԱՄՆ Օքլենդ քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովել քահանա Օհանյանի առաջնորդած խմբին: Ուխտավորներից շատերն առաջին անգամ էին հայրենիքում: Այնուհետ Վեհափառ հայրապետն ընդունեց Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի ուղեկցությամբ հայրենիք եկած արգենտինահայ ուխտավորներին: 
Մայիսի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ Վեհափառ հայրապետը նրան մաղթեց արդյունավետ ծառայություն՝ ի նպաստ հայրենիքի և հայ ժողովրդի մշակութային կյանքի զարգացման:
Մայր Աթոռի հրատարկչությունը մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով լույս է ընծայել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը: Երկու աշխատությունների հեղինակն էլ Մատենադարանի գիտաշխատող  Լուսինե Թումանյանն է:
Մայիսի 22ին, Կալիֆորնիայի Նյուհոլ քաղաքի Իթերնըլ Վէլլի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի կրկնօրինակի բացման և օրհնության հանդիսավոր արարողություն: 
Հեռավոր 1974 թվականին ընթերցողի սեղանին դրվեց Սարդարապատի հերոսամարտի մասին պատմող առաջին՝ Ռոբերտ Կարայանի «Արևը գեղեցիկ է մայրամուտին» գիրքը: Վեպը կրճատումների էր ենթարկվել, սակայն գրեթե տասը տարի անց հեղինակը կարողանում է այն տպել ամբողջությամբ` այս անգամ «Փրկություն» վերնագրով: Մայիսյան հերոսամարտերի հոբելյանական օրերը ամենահարմար առիթն են՝ գրողի խիզախումը վերարժևորելու համար:
 
Մեկնաբանություններ