«Եկեղեցուց չպիտի սպասենք, որ քաղաքական այս կամ այն դրվագի մեջ ներկայանա որպես ինչ-որ մի կողմ»

Գարեգին վարդապետ Համբարձումյանն անդրադառնում է հասարակական կյանքի հեղաբեկումներին և եկեղեցու առաքելությանը: 
«Դարեր շարունակ և մինչև այսօր մեր եկեղեցու առաքելությունը եղել է Տիրոջ կենարար խոսքի քարոզչությունը, ինչպես նաև մեր հայ ազգային ինքնության պահպանությունը: Ինչպես դարերի խորքում, այնպես էլ այսօր եղել են և կան խնդիրներ, որոնք հուզում են թե մեր ազգային, և թե մեր եկեղեցական կյանքը: Այսպիսի խնդիրները մշտապես լուծելի են, եթե մթնոլորտում տիրողը խաղաղության ոգին է:
Մտածողներից մեկն ասում է, որ խաղաղությունը ոչ թե խնդիրների բացակայությունն է, այլ այդ խնդիրների լուծման փնտրտուքն է խաղաղության միջոցով: Այդ խաղաղությունն է, որ մեր տեր Հիասուս Քրիստոս մեզ ավանդեց որպես պատգամ, ասելով, որ իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, ոչ թե այս աշխարհի խաղաղությունը:
Չափազանց կարևոր է մեր Տիրոջ այս խոսքը, որովհետև այսօր աշխարհում կարող են լինել երևույթներ, որոնք խաղաղության պատրանք կարող են ստեղծել, այդուհանդերձ խաղաղության բնույթ չունենան, սակայն Քրիստոսի այդ խաղաղությունը կատարյալ խաղաղությունն է: Այդ խաղաղությունն է, որի համար մշտապես աղոթում ենք, որ տիրի մեր ազգային կյանքում և մեր եկեղեցում:
Դժբախտաբար, նաև այսօր կան բազմաթիվ հույզեր, բազմաթիվ ալիքներ, որոնք ուղղված են մեր եկեղեցու առաքելության դեմ, Ամենայն հայոց կաթողիկոսության դեմ և այս հույզերը փարատելու համար միանշանակ մեզ՝ եկեղեցականներիս,  մնում է աղոթել և այդ խաղաղության պատգամը բերել, շարունակել բերել, ինչպես որ մեր եկեղեցու հայրերն են բերել:
Մեր առաքելությունը ոչ թե ռազմատենչ պատգամներ ուղղելն է, երբեք այդպես չի եղել, այլ եկեղեցուց երբեք չպիտի սպասենք, որ քաղաքական այս կամ այն դրվագի մեջ ներկայանա որպես ինչ-որ մի կողմ:
Եկեղեցին մշտապես եղել է մի կողմում, այդ կողմը Քրիստոսի կողմն է, այդ կողմը իր ժողովրդի կողմն է: Այսօր Ամենայն հայոց կաթողիկոսությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ողջ զինվորյալ միաբանությամբ, ի գլուխ ունենալով Ամենայն հայոց հայրապետին, ջանում է, որպեսզի մեր թե ազգային, թե կրթական, թե հասարակական և թե բարեսիրական կյանքում լինեն այնպսի երևույթներ, որոնք որ առաջխաղացում կտան մեր ազգին: Ընտանիքում մշտապես լինում են խնդիրները, սակայն այդ խնդիրները երբեք չեն կարող լուծում գտնել ընտանիքից դուրս եղած մարդկանց կողմից: Այսօր ևս մեր եկեղեցին շարունակում է հրավիրել իր բոլոր հավատավոր զավակներին՝ գալու, մտնելու այդ ընտանիք և այդ ընտանիքի մեջ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են թե առանձին անհատների, և թե ամբողջական համայնքին՝   որպես եկեղեցի, որպես հայ առաքելական սուրբ եկեղեցի»: 
 
2018-06-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ