Եկեղեցական կյանք 02.07.2018

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս առաքյալի հիշատակության տոնին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում հավաքված ուխտավորներին անսպասելիորեն միացավ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, խոսեց օրվա խորհրդի ու բոլոր ժամանակներում ի Քրիստոս մեր ունեցած սիրո մասին: 
Հունիսի 30-ին, Տասներկու առաքյալների և Պողոսի հիշատակության տոնին Մայր Աթոռում մատուցվեց պատարագ, հնչեցին առաքյալների վարքը փառաբանող շարականներ: 
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս առաքյալի հիշատակության տոնին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Սուրբ Տրդատի անունը կրող Բաց խորանի առջև համերգային ծրագրով ներկայացան Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան սաները: Տոնին մասնակցում էին նաև քաղաքի և մոտակա գյուղերի փոքրիկները, որոնք իրենց կավճանկարներով գունավորում էին Բաց խորանի հարակից տարածքը: Սուրբ առաքյալների տոնի խորհուրդը ներկաների համար մեկնաբանեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Տոնի մասնակիցներին շուտով միացավ նաև Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հունիսի 30-ին Հայ եկեղեցու տարբեր թեմերից ծխական համայնքի անդամներ, ուխտավորներ իրենց հոգևոր առաջնորդների հետ վաղ առավոտից ժամանում էին Մայր Աթոռ՝ ստանալու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը: Հովվապետն ընդունեց Շիրակի, Գեղարքունիքի, Գուգարաց, Տավուշի և Սյունիքի թեմերի հարյուրավոր ուխտավորների: Հայոց հովվապետն ուրախությամբ նշեց, որ անսասան են թեմերի անմնացորդ սերն ու նվիրումը հայոց հոգևոր կենտրոնի հանդեպ: Գարեգին Բ-ը հորդորեց ուխտավորներին՝ անսասան մնալ հավատքի մեջ, ամուր պահել ընտանիքները, կենսունակ՝  ազգային մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ՝  դպրոցներն ու եկեղեցիները: 
Ամեն ամառ՝ ուսումնական տարվա ավարտից հետո, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու դասախոսները ուղևորվում են դեպի Հայաստանի սրբատեղիներից որևէ մեկը: Այս տարի ճեմարանականներն ընտրել էին Տավուշի սահմանամերձ մարզը: 
 
Մեկնաբանություններ