Եկեղեցական կյանք 16.07.2018

Երկու օր առաջ մի խումբ մարդիկ Վայոց Ձորի մարզում արգելափակել են Ամենայն hայոց կաթողիկոսի ճանապարհը Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ: Հայրապետն ուխտագնացության մեկնել էր միայնակ, առանց ուղեկցողների: Իրավապահներն արգելափակումը դադարեցրել են և Հայրապետը արդեն երեկոյան հասել է Մայր Աթոռ, որտեղ նրան դիմավորել են հոգևոր դասն ու դեպքերին հետևող անհանգստացած հավատացյալները: Մայր Աթոռ է ժամանել և Վեհափառին հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առցանց հնչեցված հարցերին պատասխանելիս: Նա ասել է, որ տեղյակ է Վայոց Ձորի մարզում ստեղծված իրավիճակին և գոհ չէ ոստիկանների գործողությունններից: Այս օրերին ոստիկանությունը որևէ հաղորդում դեռ չի տարածել դեպքերին ձևակերպում տալու, սեփական պասիվությունը բացատրելու կամ հետագա քայլերի մասին :
Հուլիսի 15-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսից և ԱՄՆ արևմտյան թեմից Հայաստան եկած ուխտավորներին: Եգիպտահայ պատանիններն արդեն երրորդ տարին է, հայրենիք են գալիս և երկու շաբաթ անցկացնում «Թումո» ճամբարում: Նրանք հասցրել են շրջել բազմաթիվ սրբավայրերում և որոշել են իրենց ուսումն անպայման Հայստանում շարունակել: Վեհափառ հայրապետը հորդորեց պատանի ուխտավորներին՝ ամեն ինչ անել Եգիպտոսի փոքրաթիվ հայ համայնքն արժանապատիվ ներկայացնելու համար: Ավելի ուշ Գարեգին Բ-ն ընդունեց ԱՄՆ արևմտյան թեմից եկած ուխտավորներին՝ Հարություն քահանա Թաշչյանի առաջնորդությամբ:
Հուլիսի 10-17-ը Կոտայքի թեմի ամառային էկումենիկ ճամբարը հյուրընկալել էր Հայաստանում գործող տարբեր եկեղեցիների՝ 13-16 տարեկան 40 աղջիկների:  Յոթնօրյա ճամբարի ծրագիրն ամփոփվեց աստվածաշնչային գիտելիքի մրցույթ-ստուգատեսով: Երեխաներին  այցելել էին Հայաստանի Աստվածաշնչային  ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և քահանաների վերապատրաստման դասընթացներին մասնակցող հոգևորականնները: Այս տարվա ճամբարը «Սիրիր մերձավորիդ, ինչպես քո անձը» կարգախոսն էր կրում: 
Հուլիս 16-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի կունենա արժանապատիվ Տաճատ ավագ քահանա Դավիդյանի հոգեհանգստի արարողությունը։ Տեր հայրը գտնվում էր երեւանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, որտեղ և վախճանվել է: Հուղարկավորությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, մարմինը կամփոփվի լուսահոգի երեցկնոջ կողքին: 
 
Մեկնաբանություններ