Եկեղեցական կյանք 24.09.2018

Ապարանի շրջանի Սարալանջ գյուղի համար սեպտեմբերի 21-ը եռակի տոն էր՝ գյուղը միաժամանակ նշում էր Հանրապետության անկախության 27-ամյակը, գյուղի ուխտի և Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման օրը: Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով ու աղոթքով վերաօծեց եկեղեցին, որին հաջորդեց պատարագը:
Կոտայքի թեմի Նոր Գեղի համայնքն այժմ եկեղեցի ունի: Թեմակալ առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ և թեմի քահանաների մասնակցությամբ օգոստոսի 22-ին օրհնվել և սրբալույս մյուռոնով են օծվել նորաշեն եկեղեցու 16 սյուները, սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, Տիրամոր սրբաապատկերը: Օծման ժամանակ նորակառույց կեղեցին կոչվեց սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով: 
Սեպտեմբերի 23-ին Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրի հարակից բակում անցկացվեց ազգային երգ ու պարի փառատոն՝ «Պետական աջակցություն մշակույթին» ծրագրի շրջանակում: Օձունի վանահայրը սիրով հյուրընկալում է մշակութային խմբերի, աջակցում կազմակերպչական հարցերում: 
Ամռանը Կանադայի հայոց թեմի հովանու ներքո կազմակերպվել է «Արարատ» ճամբարը, որին մասնակցել են շուրջ 130 մանուկներ: Օտտավայից, Տորոնտոյից, Մոնրեալից, Լավալից, Համիլթոնից և Վանկուվերից եկած հայ ընտանիքների երեխաները մեկ շաբաթ միասին են անցկացրել` բացահայտելով իրենց ինքնությունը և ուսումնասիրելով հայ մշակույթը, լեզուն և դավանանքը: 
 
Մեկնաբանություններ