Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցագիր է հղել Ամենայն հայոց կաթողիկոսը

«Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը:
Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով, շնորհներով, բարձր արվեստով և աշխարհի տարբեր երկրների հայտնի բեմերում հնչեցրած իր անզուգական կատարումներով:
Այսօր մխիթարությամբ ենք անդրադառնում, որ բարեհիշատակ Շարլ Ազնավուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնությամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղետալի երկրաշարժի օրերին Ազնավուրը երգեց ժողովրդի ցավը շատ հայտնի երգիչների հետ, իր բոլորանվեր ջանքերը բերեց Հայաստանի օգնության համար: Նրա հանրահայտ երգերի շարքում են նաև Հայաստանին, Ցեղասպանության սուրբ նահատակերին նվիրված ստեղծագործությունները, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին: 
Շարլ Ազնավուրի մահը կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժեքով նաև ողջ մարդկության զավակն է, որին գիտեն, սիրում են և ում համար այսօր աղոթում են ամենուր: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեծանուն հայորդու հոգու հանգստության համար:
Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը և երկրավոր ճանապարհը ավարտելով՝ շարունակում է իր ընթացքը դեպի հավերժություն և հավիտենական կյանք», - ասված է Վեհափառ հայրապետի ցավակցագրում:
 
Մեկնաբանություններ