9r8QmRzuFkU

Հոկտեմբերի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել էր Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու Միլանի Սուրբ Քառասուն մանկանց հայկական եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այցի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետերի հանդիպումը: Վերադարձին, Զվարթնոց օդանավակայանում Վեհափառ հայրապետը պատմեց Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման մանրամասների մասին: Քննարկվել են երկու եկեղեցիներին հուզող հրատապ հարցերը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Երուսաղեմի կալվածքների հարցերը,  ինչպես նաև  անդրադարձ է կատարվել կաթոլիկ և առաքելական եկեղեցիների համագործակցության հեռանկարներին:   
Հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական այցով մեկնել է Բառնաուլ՝ հանդիսապետելու Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցու օծման 10-ամյակին նվիրված արարողությունները և մասնակցելու համայնքի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին։ 
Օծվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասի մատուռը:   Մատուռն անվանվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի, այդպես էին ցանկացել դատապարտյալները:  ՀՀ ՔԿ հոգևոր առաջնորդ Ռուբեն վարդապետ Զարգարյանը նորաօծ մատուռում առաջին մկրտությունը կատարեց:  
Այս տարի լրանում է Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի մահվան 80-րդ տարելիցը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ կոնֆերանս և ցուցահանդես: Ներկայացված  վավերագրերը պատմում էին խորհրդային իշխանության տարիներին  հայ եկեղեցու վիճակի ու դերի մասին: Ցուցահանդեսին հաջորդեց «Հայոց եկեղեցին 16-20-րդդ դարերում. առաքելություն, մաքառում, նահատակություն, հաղթանակ» կոնֆերանսի բացումը: 
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 23-րդ բնակարանը: Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի համար բնակարանը գնել են լոսանջելեսաբնակ Սարգիս և Ալիս Սեթյանները:
 
Մեկնաբանություններ