Եկեղեցական կյանք 08.07.2018 Վարդավառ

Հուլիսի 8-ը «Դեպի հայներնիք, դեպի Սուրբ էջմիածին» հավաքի վերջին օրն էր: Այն համընկավ Պայծառակերպության տոնի հետ: Տոնական պատարագը Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցեց Հովնան սրբազանը: Պատարագին Մայր աթոռի միաբանների ուղեկցությամբ մասնակցում էր Վեհափառ հայրապետը: Նա վարդաջրով ցողեց հավատացյալներին և օրհնեց նրանց: Հավաքի վերջին օրը երիտասարդները այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հուլիսի 7-ին ՀԵՀԵՄ-ն իր հավաքը շարունակեց Ծաղկաձորում: Հավաքի 400 անդամները հոգևորականների հետ երգելով հասան մինչև Կեչառիս վանական համալիր:  Երեկոյան երիտասարդները հանդիպեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանն իր ընկերներներին տեղեկացրեց, որ  Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ՝ Սուրբ Աննա եկեղեցուն կից կաթողիկոսական նստավայրը հատկացվել է ՀԵՀԵՄ-ին:
Հինգ տարի առաջ ԱՀԹ-ում ձևավորվեց Վարդավառի նախատոնակը նշելու ուրախ ավանդույթը: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ քայլերթ են կազմակերպում դեպի Մանկական զբոսայգի՝ երգ ու պարով, ժողովրդական խաղիկներով: Մանկական զբոսայգում նախատոնակի մասնակիցներին միացան անցորդներ, զբոսաշրջիկներ, զբոսայգում հանգստացող մարդիկ: 
Այսօր նշվում է Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը: Մեր եկեղեցին այն նշում է Սուրբ Հարության տոնից 98 օր հետո, հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Միածնաէջ Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Մայր Աթոռի միաբան Մինաս աբեղա Հախվերդյանը: 
Պայծառակերպության տոնին նշվում է նաև Հովհանավանքի ուխտի օրը: Ավանդույթի սկիզբը Գարեգին Բ հայրապետն է դրել: Այն նշվում է   2013 թվականից, հենց այդ ժամանակ է առաջին անգամ Մայր Աթոռից  դուրս բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող արծաթյա մասնատուփն ու տարվել Հովհանավանք: Ըստ ավանդության,  Գրիգոր Լուսավորիչ հայրապետը վանքը հիմնել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա: Մեծաթիվ հավատացյալներ եկել էին մասնակցելու տոնական պատարագին և արժանանալու  Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի օրհնությանը: