Ամենայն հայոց հայրապետի այցը Նյու Յորք

2018թ. սեպտեմբերի 24-ին աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտանում, պաշտոնապես բացվեց «Հայաստան» ցուցահանդեսը: 140 նմուշները ներայացնում էին հայկական մշակույթը՝ քրիստոնեության ընդունումից՝ 4-րդ դարից մինչև 17 դար: 
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար Նյու Յորք էր մեկնել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: «Մենք պահպանել ու պաշտպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը: Եվ այսօր այստեղ ենք՝ ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին», - ողջույնի և օրհնության խոսքում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:  
Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, Հայոց հայրապետը ներկա գտնվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ վարչապետի ելույթին: 
Հայ համայնքի և ԱՄՆ հայոց արևելյան թեմում սպասավորող հոգևոր դասի հետ Վեհափառ հայրապետը և վարչապետ Փաշինյանը հանդիպեցին Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցում: