Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Թույլ չենք, բայց չենք գիտակցում մեր ուժը


Եթե Հայաստանը շարունակի բավարարել Ադրբեջանի պահանջները, ապա շատ արագ ինքնալուծարվելու է, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչու՞: Չէ՞ որ մեզ առաջարկվում է խաղաղություն, համագործակցություն, բարեկեցություն: Աննա Սարգսյանը թեման քննարկել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

Վախեցած չենք, այլ՝ ապակողմնորոշված


Ու՞ր է մեր մտավորականությունն այսօր հարցը պարզ պատասխան ունի՝ այնտեղ, որտեղ նրան ուղարկել ենք՝ արվարձան ու «Վերնիսաժ»: Ի՞նչ հասարակություն ենք մենք այսօր: Վախի՞ ազդեցության տակ ենք, թե՞ պարզապես չենք կողմնորոշվում՝ ի՞նչ անել, ի՞նչ պետություն կառուցել: Ի՞նչ է փոխել Արցախյան կոնֆլիկտը մեր ազգային վարքագծում: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ, քաղաքագետ Արթուր Աթանեսյանի հետ:

Մերկ դիվանագիտություն


Երկիրը հայտնվել է ազգայինի, պետության, լեգիտիմության և քաղաքական ինքնության բարդ տուրբուլենտության գոտում։ Քաղաքական այս թեմաների դիապազոնն այնքան լայն է ու բազմազան, որ տպավորություն է, թե իսթեբլիշմենտը հասարակությանը հատուկ է ներքաշում այս հարապտույտ խոսակցության մեջ։ Սա այնքան վտանգավոր գործընթաց է, որ արդյունքում կարող է լինել Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ հայկական պետություն: Ինչպե՞ս ոտքի կանգնել և քայլել սեփական դրոշի տակ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ

Ինչու՞ է Հայաստանը խնդրականացնում իր գոյությունը


Մեր ամենօրյա թեժ լուրերում արդեն բավական ժամանակ է՝ կայուն տեղ ունեն պետություն և հայրենիք բառերը, բայց մշտապես հարցական նշանով: Ինչու՞ է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան հարցականի տակ դնում պետության գոյության իմաստը: Եթե պատճառը պատերազմում կրած պարտությունն է, ապա դա պիտի անի հակառակորդը: Քննարկում ենք արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայաստանի՞, թե՞ հայոց պատմություն. իրավաքաղաքական մտքի ճգնաժամը


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ (e-draft.am) Կառավարությունը քննարկման և քվեարկության համար տեղադրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում միջնակարգ կրթության 7-րդ դասարանում պարտադիր դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը դարձնել «Հայաստանի պատմություն»: Ի՞նչ իրավաքաղաքական դրդապատճառներ կան դրա համար և ինչի՞ կարող են դրանք հանգեցնել: Քննարկում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2023 թվականը «Երրորդ հազարամյակի» տաղավարում


Ազգային, պետական կյանքի արդիական խնդիրները 2023թ. ընթացքում քննարկվել են 40-ից ավելի փորձագետների, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետների, քաղաքագետների, հոգևորականների ու ազգագրագետների հետ։ Զրույցներն ամփոփվել են մեկ տեսանյութում:

Չթաքնվել «էթնիկ զտում» եզրույթի հետևում


Ի՞նչ է էթնիկ զտումը: Արդյո՞ք Արցախի հայաթափումից հետո մենք հանձնառու ենք ևս մի ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի: Եվ, ամենակարևորը, հայության մեկ հատվածի «էթնիկ զտումը» ավարտվա՞ծ հանցագործություն է, թե՞ ցեղասպանական գործողություն, որի ցավալի շարունակությունը հնարավոր է կանխել։ Մեր զրուցակիցը ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն է։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Չեղարկվա՞ծ է արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը


Ի՞նչ լեզվով պիտի խոսել աշխարհի հետ Արցախի ինքնորոշման իրավունքի և արցախցիների քաղաքական իրավունքների պաշտպանության մասին: Ե՞րբ և ինչպե՞ս պետք է սկսել իրավական պահանջատիրության գործընթացը: Քննարկում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արցախցիների քաղաքական իրավունքների պաշտպանության հրամայականը


Ո՞րն է ՀՀ քաղաքականությունը Արցախի հարցում: Ինչու՞ է կարևոր արցախցիների քաղաքական իրավունքների հետագա պաշտպանությունը: Արդյո՞ք արցախահայերին փախստականի կարգավիճակ տալը բավարար է Հարավային Կովկասում հայ քաղաքական գործոնի պահպանման պայքարում: Քննարկում ենք ազգարագետ Արսեն Հակոբյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Լուծվա՞ծ է արդյոք Արցախի հարցը


Ի՞նչ հիմքով այսօր կարելի է խոսել Արցախյան հակամարտության մասին: Փաստացի, արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման հարցը այլևս փախստականների իրավունքնների պաշտպանության հարց է: Իրավակա՞ն են արդյոք Ադրբեջանի պահանջները ՀՀ-ում «անկլավների» նկատմամբ: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Քննարկում ենք միջազգանյանգետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ի՞նչ գործիք է պետականությունը և ի՞նչ է իշխանափոխությունը


«Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ». ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկում է ինքնահայեցում կատարել՝ 32 տարվա մեր պետականության մասին վերլուծություններ անելիս և շեշտում, որ այս հարցերի՝ քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր զրուցակիցը պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Բռնի տեղահանության մարդաբանական հիմնահարցերը


Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով 2023թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ: Նրանցից 12 404-ը 65 և ավելի տարիքային խմբի անձինք են, 30 000-ը՝ մինչև 19 տարեկան: Ի՞նչ խորքային իրողություններ կան այս չոր թվերի հետևում: Ո՞րն է բռնի տեղահանության մարդաբանական կողմը: Զրուցում ենք ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: