Նրանք մեզ հետ են, մեր կողքին: Նկարիչ են, երաժիշտ, գրող, հոգևորական, գիտնական, բժիշկ, ովքեր ամբողջ կյանքում արժեք են ստեղծում բոլորի համար, մարդիկ, ում գործը չի պարագծվում ներկա ժամանակով:
Նրանց պետք է ճանաչել, նրանց պետք է տեսնել իրենց ստեղծագործության ակունքում, պետք է իմանալ՝ ինչ են մտածում երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, մարդու, բնության և Աստծո մասին:

Անդրանիկ Քոչար


Ռոլեյֆլեքսի 3-րդ սերնդի լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ էր, նկարում էր աննկատ, չէր սիրում ուշադրություն գրավել: Մինչ իր փնտրած ակնթարթը գտնելը, երկար էր մտմտում:
Հաղորդումը Անդրանիկ Քոչարի մասին է, ում նկարներով հայ արվեստի, գիտության, մշակույթի երևելիները բացահայտված են նոր կողմերով: Նրա բնանկարներն ու կոմպոզիցիոն աշխատանքները հայ լուսանկարչության մեջ նոր ուղիներ են բացել:

Մարտին Ահարոնյան


Մարտին Ահարոնյանը կարծում է, որ իր բոլոր երգերն ունեն ինքնուրույն ճակատագիր: Պրոֆեսիոնալ նկարչին այսօր ճանաչում են հեղինակած երգերով ու երաժշտությամբ: Մարտին Ահարոնյանը երաժշտությունն արվեստներից ամենահոգևորն է համարում:

Սոս Սարգսյան


ՀՀ ժող. արտիստ Սոս Սարգսյանի մտորումներն ու խոհերը անցած ուղու, մտահոգությունները մերօրյա արվեստի, թատրոնի ու կյանքի մասին:
Սոս Սարգսյանի մասին պատմում են նաև Համազգային թատրոնի՝ նրա գործընկերները:

 

Արմեն Բլբուլյան


Արմեն Բլբուլյանն այնքան վաղուց է երաժշտական գործիքներ պատրաստում, որ իրեն առանց կիթառի չի հիշում: Նրա՝ 100-ից ավելի գործիքներով աշխարհում հայտնի շատ երաժիշտներ են նվագում: Վարպետի բոլոր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են: Արմեն Բլբուլյանը միակ հայ կիթառագործն է, ով տարիներ շարունակ մասնակցում է ԱՄՆ-ում անցկացվող NAMM» երաժշտական գործիքների միջազգային ցուցահանդեսին: Արմեն Բլբուլյանը կիթառի երկու մոդելի հեղինակային իրավուք ունի. առաջինը` առանց լադի չորս օկտավայով գործիքներն են, իսկ երկրորդը`ութ լարանի բաս կիթառն է:

Ալբերտ Ազարյան


Սպորտում նրա արձանագրած հաջողությունները քչերին է հասանելի: Անվանի մարմնամարզիկ, Օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ մարզիչ Ալբերտ Ազարյանը հետաքրքիր դրվագներ է պատմում իր կյանքի և հաղթանակների մասին:

Հարություն Քեհեյան


Լեգենդար Արարատ 73-ի» մարզիչ, ֆուտբոլի երախտավոր Հարություն Քեհեյանը բազում սպորտային պատնեշներ է հաղթահարել»: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ է, 1975 թվականից մինչ այսօր՝ Հրազդան» մարզադաշտի տնօրենը:

Ռուբեն Ալթունյան


ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը պատմում է իր ստեղծագործությունների, կատարած մշակումների, ղեկավարած նվագախմբերի մասին: Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի հին ու նոր գործերը: Ռուբեն Ալթունյանը խոստովանում է, որ կարողացել է շատ բան հասցնել օրվա խիստ ռեժիմի շնորհիվ. առավոտյան՝ դասեր Կոնսերվատորիայում, կեսօրին՝ անսամբլի հետ փորձեր, իսկ երեկոյից մինչև ուշ գիշեր ստեղծագործելու ժամեր են... Մասնակցում են՝ Ռուբեն Ալթունյան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

Սարգիս Մուրադյան


Հաղորդումը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին է: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Սարգիս Մուրադյանի հասարակական--քաղաքական գործունեությանը, անկախության համար մղած նրա պայքարին: Մասնակցում են՝ Զառա Մուրադյան -- նկարչի դուստրը Անատոլի Գրիգորյան- ՀՀ վաստակավոր նկարիչ Զուլում Գրիգորյան- ՀՀ ժող. նկարիչ

Ռաֆայել Պապայան


Մեր օրերի հայտնի մտավորական, հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ Ռաֆայել Պապայանը Հայաստանի անկախացման համար մղվող պայքարի առաջամարտիկներից էր, ՀՀ առաջին խորհրդարանի պատգամավոր, Խղճի և դավանանքի ազատության մասին օրենքի հեղինակը: Ռ. Պապայանը նար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի և ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ էր: Նա հեղինակ է մի շարք գիտական գրքերի և հոդվածների: Ռաֆայել Պապայանը մեր գրականությունը հարստացրել է նաև թարգմանություններով ու ստեղծագործություններով:

Վիգեն Ղազարյան


Միջնադարագետ Վիգեն Ղազարյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, ԳԱԱ թղթակից անդամ: Հեղինակ է մի շարք մենագրությունների` Սարգիս Պիծակ», Մեկնություն խորանաց»: Արվեստաբանը նաև Հայ արվեստի պատմություն» ձեռնարկի չորս հեղինակներից մեկն է: Վիգեն Ղազարյանի կարծիքով արվեստագետն ու գիտնականը ճգնավորի կյանք են ապրում, կամքը կարող է ուղղորդել անգամ ճակատագիրը, տոկունությունը փրկում է...»: