«Շողակաթ» հեռուստաստուդիան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաստուդիան յուրօրինակ լրատվամիջոց է, որը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր առաքելությունը, լուսաբանում է Եկեղեցու գործունեությունը և նպաստում քրիստոնեական մշակույթի տարածմանը: Ստուդիան, որպես եկեղեցու քրիստոնեական բարոյախոսության տարածող ու ջատագով, հանրությանը հաղորդ է դարձնում Հայ Եկեղեցու հարուստ ժառանգությանն ու ներկա հոգևոր կյանքին: Ստուդիայի պատմությունն սկսվում է 1995թ-ից, երբ հիմնադրվեց Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ: Առաջին տարիներին ստուդիան պատրաստում էր հոգևոր-եկեղեցական թեմաներով հաղորդումներ, տոների մասին իրազեկող տեսահոլովակներ, որոնք մեծ պատրաստակամությամբ հեռարձակում էին հայաստանյան հեռուստաընկերությունները: Հոգևոր-կրոնական հաղորդումների պահանջարկն այնքան մեծ էր, և դրանց ազդեցությունն այնքան տեսանելի, որ հեռուստաստուդիան, աշխատակազմ հավաքելով և տեխնիկապես համալրվելով՝ մեծացրեց իր արտադրած նյութերի ծավալը և հինգ տարի անց արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գրանցված էր որպես «Շողակաթ» հեռուստաընկերություն:2002 թ. «Շողակաթը» հեռարձակման արտոնագիր ստացավ և նոյեմբերից արդեն գործում էր որպես օրական 18 ժամ եթեր ունեցող հեռուստաընկերություն: Ավանդական, եկեղեցական հաղորդումների կողքին եթեր հեռարձակվեցին նաև կրթական, մշակութային հաղորդաշարեր:Հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիքը սեփական կանոնադրությամբ իրեն արգելեց հեռարձակել ալկոհոլային խմիչքների, վիճակախաղերի, խաղատների գովազդ, որոնց մեծ մասն այդ տարիներին օրենքով արտոնված էր հայաստանյան հեռուստաեթերում: Սեփական եթերային քաղաքականության շրջանակներում արգելվեց նաև բռնություն ու սարսափ քարոզող հայրենական ու արտասահմանյան ֆիլմերի ցուցադրումը:Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004 թ․ սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումներն սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:Անկախ Հայաստանում երկու անգամ մշակութային հեռուստաալիք ստեղծելու փորձ արվել էր: Երրորդ փորձը 2010թ-ին էր: Հեռուստատեսության մասին նոր օրենքը Հանրային հեռարձակողի խորհրդին պարտադրեց ստեղծել առանձին Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն: ՀՀ կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերությունը, հաշվի առնելով «Շողակաթ» հեռուստաընկերության փորձը և հանրօրգուտ մեդիաարտադրանք ստեղծողի հանրային բարձր հեղինակությունը, առաջարկեց համագործակցության պայմանագիր: 2011 թ․ հունվարից հանրապետական սփռմամբ Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը, հեռարձակում էր «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը: Հեռուստընկերության կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներն անհատույց տրամադրում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը։
«Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության նպատակը քրիստոնեական արժեքների, էթիկայի ու բարոյականության քարոզչությունն էր, հայ և համաշխարհային մշակույթի լուսաբանումը: Այս առաքելությամբ էին պատրաստվում և օրական 24 ժամ հեռարձակվում քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումները, լուսաբանվում ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունները։
Հեռուստաընկերությունն իր եթերում մշտապես կարևորում էր հասարակության կայացմանը նպաստող կրթական, ճանաչողական հաղորդումները և բարձրարժեք երաժշտության տարածումը:
ՀՀ կառավարության 2025թ դեկտեմբերի 25-ի որոշման հետևանքով Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը լուծարվեց և «Շողակաթը» զրկվեց հանրային հեռարձակման հնարավորությունից:
2026թ.-ից Շողակաթ ՀԸ-ը վերակազմավորվեց որպես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռսուստաստուդիա և շարունակեց Հայ առաքելական եկեղեցու գործունեության լուսաբանման, քրիստոնեական մշակույթի ու արժեքների տարածման իր առաքելությունը:
Այժմ հեռուստաստուդիայի տեսաարտադրանքը հեռարձակվում է «Շեմ» հեռուստածրագրով՝ ցանցային օպերատորների միջոցով, ինչպես նաև հասանելի է համացանցային բոլոր հարթակներում.
Մեր էջերի լինքերը՝ Facebook , youtube, instagram
Հասցե` Հայաստան, 0039 Երևան, Հայկ Հովսեփյան 8
Հեռ.` +374-10-420-811
Էլ. փոստ` info@shoghakat.am
Կայքէջ՝ www.shoghakat.am