Հայ կինոյի 100 տարվա պատմությունը


Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ. ապրիլի 16-ի դեկրետով ստեղծվում է «Պետկինոն»։ 2019 թվականի ՀՀ ազգային ժողովը տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացնում է նոր հոդվածով «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: 2023 թվականին լրացավ Հայ կինոյի 100-ամյակը։

 

Գոհար Գասպարյան՝ «Հայաստանի սոխակը»


Այս տարի լրանում է օպերային արվեստի մեծագույն վարպետ, սոպրանո Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակը: «Իմ երգը ես վերցնում եմ աշխարհի երաժշտական հարուստ շտեմարանից։ Արտասահմանի շատ երկրներում եմ համերգներ տալիս, հիշում եմ ամեն ինչ՝ սկսած Ճապոնիայից և Ամերիկայից, վերջացրած Եվրոպայով, Մերձավոր Արևելքով։ Բոլոր մարդկանց մեջ նկատելի է նույնը՝ տիեզերական թուլությունը. սիրում են երգել, երգում են, երբ ուրախ են, երգում են, երբ տխուր են։ Իսկ ինձ համար այդ թուլությունը մասնագիտություն է»։

Երվանդ Քոչար. տարածական նկարչության հիմնադիրը


Այս տարի լրանում է նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Քոչարը համաշխարհային արվեստում Տարածական նկարչության հիմնադիրն է: Ահա թե ինչ է ասել Երվանդ Քոչարը Տարածական նկարչության մասին՝ «Տարածական նկարչությունը նոր զգայություն է՝ մեր դարի զգայությունը, ես ձեզ տալիս եմ կենդանի հացը, կերե՛ք... Դուք նայում և չեք տեսնում». Երվանդ Քոչար:

Տեսաֆիլմում հնչում է 1979թ. «Գարուն» ամսագրում տպագրված՝ Քոչարի «Ես և դուք» էսսեն:
 

Ինչպե՞ս ծագումով հայ Ագրիպինա Վագանովան դարձավ ռուս դասական բալետի տեսության հիմնադիր


Ծագումով հայ, կարճ ոտքերով, թմբլիկ երեխան դարձավ ռուս դասական բալետի տեսության հիմնադիր 

Այս տարի լրանում է բալետի արտիստուհի, պարուսույց, ռուս դասական բալետի տեսության հիմնադիր, ծագումով հայ Ագրիպինա Վագանովայի ծննդյան 145-ամյակը: Նա տասը տարեկանում ես հայտնվել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի խորեոգրաֆիայի ուսումնարանում: Նա, ինչպես ինքն է հիշել, կարճ ոտքերով, թմբլիկ երեխա է եղել և առանձնապես հույս չի ներշնչել, որ կարող է դառնալ բալետի պարուհի։ Նա չէր ծնվել Ագրիպինա Վագանովա։ Նա դարձել է։  

Զահրատ


Այս տարի լրանում է պոլսահայ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Սիմոն Եալտըզճեան) ծննդյան 100-ամյակը: Նա ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Ավելի ուշ հրատարակել է «Մեծ քաղաքը» (1960), «Գունաւոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծութիւններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Նրա բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունն ու հումորը։ Այս հեռուստաֆիլմում հնչում են հատվածներ Զահրատի պոեզիայից, մասնավորապես, «Գունավոր սահմաններ» շարքից: