Շրջեք մեզ հետ Հայաստանի սահմանամերձ գյուղերով: Ծանոթացեք մեր հայրենակիցների նիստուկացին, բառ ու բանին, հոգսերին և ուրախություններին: Դեմքով ճանաչեք մեր սահմաններն ապրելով պահող մարդկանց:

Սյունիք. Կաղնուտ


Կաղնուտում շատերի դռներն են փակված, գյուղի փողոցները դատարկ։ 105 տնից բնակեցված է ընդամենը տասներկուսը։ Այստեղ 1988 թվականին դպրոցը փակվելուց հետո կյանքը կտրուկ փոխվել է։ Տասնամյակներով չվերանորոգված ճանապարհը կղզիացրել է գյուղը, բազմապատկել բնակիչների սոցիալական ու տնտեսական խնդիրները։

Սյունիք. Եղվարդ


Մինչև 44-օրյա պատերազմը Սյունիքի մարզկենտրոն Կապանից Եղվարդ գյուղ տանող ճանապարհը 12 կմ էր։ Պատերազմից հետո այդ ճանապարհը գրեթե կրկնապատկվել է։ Այժմ Եղվարդը սահմանամերձ գյուղ է, որը թերակղզու նման երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ 250 բնակչությամբ գյուղը պահում է շուրջ 17 կմ սահման։

Սյունիք. Երիցվանք


Կապանի Արծվանիկ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ բնակավայրերից կտրված սարահարթի վրա է գտնվում վաղ միջնադարյան Երիցվանքը։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում ։ Դարեր շարունակ խոնարհված սրբավայրում առաջին անգան ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ը պեղումներ է իրականացնում։ Արշավախումբը ղեկավարում է հնագետ Ավետիս Գրիգորյանը։

Վահան


Սահմանամերձ Վահան գյուղը Հայաստանի հյուսիսարևելյան դարպասն է։ Գյուղը Ադրբեջանին սահմանակից է շուրջ 27 կմ երկարությամբ։ Որոշ հատվածներում սահմանը ընդամենը 2-3 կմ է հեռու։ Հարյուրամյա գյուղը նախկինում այլ անուններ է ունեցել․ 1925 թվականին հիմնադրվել է Ռուբենակերտ անունով, խորհրդային տարիներին վերանվանվել Օրջոնիկիձե և 1991 թվականին Արծվաշենի խիզախ արծիվ Տեր Վահան քահանայի պատվին ստացել ներկայիս անունը։

Արևիս


Սիսիանից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Արևիս գյուղը, սակայն ոչ բարեկարգ ճանապարհի պատճառով ժամեր են պետք գյուղ հասնելու համար։ Պաշտոնապես Արևիսը 41 բնակիչ ունի, որոնք գյուղում ապրում են հատվածաբար՝ գարնանը գյուղատնտեսության, մեղվապահության համար են գալիս։ Ձմռանը Արևիսում հազիվ տասը բնակիչ է մնում։ Թշնամուց 4 կմ է Արևիսը հեռու, բայց գյուղը բնակիչ չունենալու պատճառն ամենևին էլ սահմանին մոտ լինելը չէ, այլ կենցաղային պայմանների բացակայությունը։

 

Սահմանամերձ Խնձորուտի պատմությունն ու առօրյան


Խնձորուտը հիմանդրել են 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերը: Գյուղի ներկայիս տարածքում խնձորուտցիները հաստատվել են ավելի ուշ՝ 1969 թվականից սկսած: Խնձորուտի պատմությունը «Հին գյուղ» կոչվող տարածքում է, որը գյուղից վերև է:

Բագարան


Հայ-թուրքական գյուղերն այնքան մոտ են իրար, որ բագարանցիները օրը մի քանի անգամ ստիպված լսում են մոլլայի ձայնը։ Չնայած սահմանամերձ Բագարան գյուղը բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, բայց տներ են կառուցվում, հայկական նոր ընտանիքներ կազմում։

Ջրափի


Հայաստանի և Թուրքիայի 311 կմ սահմանագծի 72 կմ-ը Շիրակի մազին է բաժին ընկնում։ Ջրափին մարզի 15 բնակավայրերից մեկն է, որ սահմանամերձի կարգավիճակ ունի։ Գյուղը կառուցվել է 1974 թվականին: Ախուրյանի ջրամբարի կառուցման արդյունքում Ներքին և Վերին Ջրափի գյուղերը միավորվել են և տեղափոխվել վերև:

Այգեհովիտ


Այգեհովիտը իննսունականներին առաջիններից էր, որ իր վրա վերցրեց պատերազմի հարվածները և կրեց զգալի կորուստներ: Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, որտեղ վերաբնակեցվել են արցախցիները։ Հուշարձանները վկայում են, որ մինչեւ այդ էլ է գյուղը բնակեցված եղել։

Ոսկեվան


Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն ապրում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Գյուղի ներքեւի հատվածում թշնամին ակտիվ է՝ կրակում են հրաձգային զինատեսակներով, հարվածել է տանկով, հրետանիով, գնդացրով։ Գյուղացիները ճանաչելով թշնամուն պնդում են՝ թուրքի հետ հնաչավոր չէ ապրել։

Ճակատեն


Մինչև 44-օրյա պատերազմը թշնամին Ճակատեն գյուղից հեռու էր ավելի քան 100 կլիլոմետր, հիմա գյուղի տներից մի քանի մետր հեռավորության վրա է։ Գյուղն ու գյուղ մտնող ճանապարհը թշնամու կողմից ամբողջությամբ դիտարկվում է։ Գյուղացիների պնդմամբ՝ թշնամին վերցրել է արոտավայրերի մոտ կեսը։

Շիկահող


Սյունիքի մարզի Շիկահող գյուղը, որը մինչեւ 44-օրյա պատերազմը սահմանամերձ չէր, այժմ Ադրբեջանի հետ 30 կմ սահման ունի։ Ադրբեջանցիների վերջին հարձակումից, դիրքերի եւ տարածքների գրավումից հետո դաշտերում աշխատելը անհնար է դարձել։ Ադրբեջանի թիրախում են հայտնվել գյուղի վարչական տարածքում գտնվող վարելահողերը։ Չկա հեռավորություն ու չեզոք գոտի։
Թշնամու թիրախում հայտնված Շիկահողում դիմակայելով բոլոր մարտահրավերներին, անտրտունջ ապրում է, շենացնում և արարում հայ գյուղացին։