«Շողակաթը» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն է: Հիմնադիրը Հայ Առաքելական Եկեղեցին է: Հեռարձակվում է օրական 18 ժամ, Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և Հ1-ի արբանյակային հեռուստաալիքով: Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուսաալիքի սփռման տարածքը կազմում է 90%:
Ինչից է սկսվել «Շողակաթը»
«Շողակաթ» հեռուստաընկերության պատմությունն սկսվում է 1995թ-ից, երբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի սենյակներից մեկում երեք հոգանոց աշխատակազմով սկսեց գործել թեմի հեռուստաստուդիան: Նախաձեռնողն ու հիմնադիրը առաջնորդական փոխանորդն էր` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Առաջին տարիներին ստուդիան պատրաստում էր հոգևոր-եկեղեցական թեմաներով հաղորդումներ, տոների մասին իրազեկող տեսահոլովակներ, որոնք մեծ պատրաստակամությամբ հեռարձակում էին Հայաստանի հեռուստաընկերությունները: Հոգևոր-կրոնական հաղորդումների պահանջարկն այնքան մեծ էր և դրանց ազդեցությունն այնքան տեսանելի, որ հեռուստաստուդիան սկսեց աշխատակազմ հավաքել և տեխնիկապես համալրվել: Հինգ տարի անց այն արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գրանցված էր որպես «Շողակաթ» հեռուստաընկերություն:
Հեռուստաընկերության պատրաստած տեսանյութերը աչքի ընկան հատկապես 2001թ., երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը:
2002թ. «Շողակաթը» հեռարձակման արտոնագիր ստացավ և նոյեմբերից արդեն գործում էր որպես օրական 18 ժամ եթեր ունեցող հեռուստաընկերություն: Ավանդական եկեղեցական – հոգևոր հաղորդումների կողքին սկսեցին եթեր հեռարձակվել կրթական, մշակութային հաղորդաշարեր:
Հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիքը սեփական կանոնադրությամբ իրեն արգելեց ալկոհոլային խմիչքների, վիճակախաղերի, խաղատների գովազդը, որոնց մեծ մասն այդ տարիներին օրենքով արտոնված էին հայաստանյան հեռուստաեթերում: Սեփական եթերային քաղաքականության շրջանակներում արգելվեց նաև բռնություն ու սարսափ քարոզող հայրենական ու արտասահմանյան տեսաֆիլմերի ցուցադրումը:
Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004թ-ից սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումներն սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:
Անկախ Հայաստանում երկու անգամ մշակութային հեռուստաալիք ստեղծելու փորձ արվել է: Երրորդ փորձը 2010թ-ին էր՝ Հեռուստատեսության մասին նոր օրենքը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը պարտադրեց ստեղծել առանձին հոգևոր-մշակութային հեռուստաալիք: ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով «Շողակաթ» հեռուստաընկերության փորձը, նորաստեղծ ալիքին առաջարկեց համագործակցության պայմանագիր կնքել: 2011թ հունվարից «Շողակաթն» սկսեց հեռարձակվել հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և իրականացնել նաև երկրի մշակութային կյանքի լրատվությունը:
Մեր արժեքները և գործունեությունը
Մեր գործունեության նպատակը քրիստոնեական արժեքների, էթիկայի ու բարոյականության քարոզչությունն է: Հայ և համաշխարհային մշակույթի լուսաբանումը: Այս առաքելությամբ է «Շողակաթը» պատրաստում և հեռարձակում քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներ, լուսաբանում ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունները։
Ինչ է առաջարկում «Շողակաթը»
Եկեղեցական ու մշակութային իրադարձություններն ամփոփում են շաբաթական կայուն եթերաժամ ունեցող լրատվական երեք՝ Եկեղեցական կյանք, Մշակութային ազդագիր, Ձայնագիր հաղորդաշարերի ամենշաբաթյա թողարկումները:
Օր 6-րդ, Երրորդ հազարամյակ, Թեմա տաղավարային հաղորդաշարերում զրույցի ձևաչափով քննարկումներ են ծավալվում հասարակական հետաքրքրության սոցիալական, մշակութաբանական, բարոյական խնդիրների շուրջ:
Շողակաթի եթերացանցում գործում են հոգևոր-կրոնական բնույթի շուրջ 25, մշակութային՝ 15, 10-ը՝ հասարակական և նույնքան էլ ուսումնամանկական հաղորդաշարեր:
«Շողակաթը» մեծ տեղ է հատկացնում գիտության և արվեստի մեծերի մասին պատմող վավերագրական ֆիլմերի արտադրությանը:
Հեռուստաընկերությունը մշտապես համագործակցում է Հայսատանում գործող միջազգային կառույցների հետ: Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի, Վորլդ վիժըն Հայաստան բարեգործական միջազգային կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի, Եվրասիա-համագործակություն հիմնադրամի և այլ կազմակերպությունների պատվերով ստեղծվել են վավերագրական, քարոզչական, ճանաչողական տեսաֆիլմեր:
Հեռուստաընկերությունն իր եթերում մշտապես կարևորել է հասարակության կայացմանը նպաստող կրթական, ճանաչողական հաղորդումները և բարձրարժեք երաժշտության պրոպագանդան:
Եվրոպական «Արտե» մշակութային հեռուստաընկերության հետ համագործակցության շնորհիվ 2011թ.-ից հեռուստաալիքը ցուցադրում է նաև եվրոպական հեռարձակողների պատրաստած մշակութային տեսաֆիլմեր:
«Շողակաթը» ցուցադրում է տեղական և արտասահմանյան արտադրության ֆիլմեր և համերգային ծրագրեր:
Հեռուստաընկերության կայքէջը հիմնականում արտացոլում է «Շողակաթի» ամենօրյա եթերը՝ բացառությամբ ՀՀ տարածքից դուրս ցուցադրելու արտոնագիր չունեցող գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի, համերգային ծրագրերի:
Հեռուստաընկերությունը ղեկավարում է Ստեղծագործական խորհուրդը։ Գործադիր տնօրենն է Մանյա Ղազարյանը։