Կարմիր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին Արցախում


1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում է: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Կարմի գյուղի Սուրբ Աստածածին եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Երից Մանկանց վանքն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Երից մանկանց վանքը հիմնադրվել է 17-րդ դարում: Պատկանել է պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյաններին: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին Արցախում


Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է 2002 թվականին։ Հեղինակը ականավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է։ Աղավնո գյուղի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Սրբոց Նահատակացը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։

Վերին Ծաղկավան. Շխմուրադի վանք


Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի այցեքարտն ու հպարտությունը 12-13 դդ Շխմուրադի վանքն է։ Այն գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Երբեմնի հզոր վանական համալիրը այժմ խոնարհված է: Եթե Շխմուրադի վանական համալիրը վերականգնվի ու դեպի սրբավայր տանող ճանապարհը բարեկարգվի, գյուղի կյանքում նոր փուլ կսկսվի:

Լուսագյուղ


Արագածոտնի մարզի Լուսագյուղը հարուստ է հնամենի սրբավայրերով, ուխատեղիներով` Մխեի վանք, Վերի Վանք կամ Սուրբ Գրիգորի վանք, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նախնիներից ժառանգություն ստացած սրբավայրերը հազարավոր ուխտավորներ ունեն նաև այժմ։

Ախթալայի Սուրբ Աստվածածնի վանքը


«Ես Մարիամ՝ դուստր Կյուրիկեի, կանգնեցրի զպղնձահանս հողհատի Սուրբ Աստվածածինս։ Որք երկրպագեք, զաղոթքս մեզ հիշեցեք»։ Մարիամ իշխանուհու պատվերով ստեղծված այս արձանագրությամբ խաչքարը Ախթալայի բակում է, այն վանքի փաստացի անձնագիրն է։ 1188 թվականին պատրաստված խաչքարը տարբեր ժամանակաշրջաններում օտարների, հատկապես վրացիների կողմից վանքը յուրացնել փորձելու և վեճերի լուծման անհերքելի վկայագիր ունեցող իրեղեն ապացույց է։ Ախթալայի վանքը Աստվածածնի անունը կրող ամենամեծ վանքն է տարածաշրջանում: Այն նաև որմնանկարներով ամենահարուստ վանքերից է՝ միջնադարյան 960 քմ եզակի որմնանկարներ են մեզ հասել, որոնք 800 տարվա ընթացքում երբևէ չեն վերականգնվել:

Ախթալա


Գուգարաց աշխարհի իշխանների կալվածք-ագարակն ու վանքը պատմագրությանը հայտնի են դեռևս հիգերորդ դարից։ Հետագա դարերում, երբ այստեղ պղնձահանքեր են հայտնաբերվել, Ագարակը վերանվանվել է Պղնձահանք, իսկ վանքը՝ Պղնձահանքի վանք։ Ախթալա անունով բնակավայրն ու եկեղեցին պատմական աղբյուրներում շրջանառվում են 14-րդ դարից։

Գյումրու Սուրբ Ամենափրկիչը


Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 ամյակը։ Պատմում են, որ գյումրեցիները երազել են Աիի Մայր տաճարի նմանությամբ եկեղեցի ունենալ և 1850 ականներին կառուցման համար հանգանակություններ են սկսել։ 1873 թվականին մեծ դժվարություններով և սպասումներով կառուցված եկեղեցին 1930 ականներին խորհրդային իշխանությունների պարտադրանքով դադարել է գործել, իսկ 37 թվականին բոլշևիկները պայթեցրել են Զանգակատունը։ Սուրբ Ամենափրկչին վերջին հարվածը 1988 թվականի կործանարար երկրաշարժն է հասցրել, եկեղեցին խոնարհվել է: Երկար տարիների վերականգնումից հետո 2024 թվականին ավարտվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը և Ամենայան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ վերաօծվեց:

Գրոց ու բրոց հետքերով


2024 թ. լրանում է Գարեգին Սրվանձտյանցի «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» գրքի հրատարակության 150-ամյակը։ Հայ բանագիտության ու ազգագրության համար այս նշանակալի գրքում ի թիվս այլ կարևոր նյութերի, հրատարակվել է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը։ Տեսաֆիլմում ներկայացվում է այս գիրքը, ուղեկցությամբ՝ Սասունում 2024 թ. իրականացված նկարահանումների բացառիկ կադրերի, որտեղ ներկայացված է ազգային էպոսում հիշվող վայրերը, հուշարձաներն ու եկեղեցիները, հայաբնակ գյուղերն ու մարդիկ։

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի


Առանց սյուների առաջին հայկական եկեղեցին
Մաստարայի Սուրբ Հովհաննես Եկեղեցին զարմացնում է ճարտարապետական լուծումներով։ Սա Հայաստանում առաջին եկեղեցին է, որ կառուցվել է առանց սյուների։ Առավել ուշագրավ է լայնաթռիչք գմբեթը, որը շրջված զանգի են նմանեցնում։ Շատերը Սուրբ Հովհաննեսը ճանաչում են հենց Մաստարա անունով։

 

Եղիպատրուշի Սբ. Աստվածածին եկեղեցին


13-րդ դարում Վաչե Վաչուտյանի պատվերով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին դարեր շարունակ արթուն է պահել ոչ միայն Եղիպատրուշի, այլև հարակից գյուղերի հոգևոր կյանքը։ Տեղացիները պատմում են, որ եկեղեցու զանգն այնքան զորեղ է հնչել, որ լսվել է մի քանի գյուղ այն կողմ։ Գյուղի եկեղեցու, որդան կարմիրով ներկված եզակի խաչքարերի մասին պատմում են տեղացիները։

Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցին


Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցման օրվանից երբեք չի դադարել գործել, անգամ խորհրդային ռեժիմի օրոք, տեղացիների համառության շնորհիվ, շինությունը կանգնում է մնացել և եկեղեցում պատարագներ են մատուցվել։ Մրգավանցիներն այսօր պատմում են իրենց եկեղեցու զորության և սրբավայրի հետ իրենց կապվածության մասին։