Հովհաննես սարկավագ Էվինյան


Դադիվանքից բերված քարերը նոր շունչ են ստանում

Հովհաննես սարկավագ Էվինյանը Դադաիվանքից իր հետ բերել է ջրաներկ ու քարեր, որոնց վրա նկարում է։ Ջրաներկը պատահաբար են գտել Դադիվանքում ծառայելու ընթացքում։  Նա իրեն չի համարում նկարիչ, սակայն կարծում է, որ եթե մարդը ինքնաարտահայտվելու ձգտում ունի, միջոցները անպայման կգտնի։

Թովմա վարդապետ Խաչատրյան


Հայր Թովման ուրախությամբ է հիշում առաջին հանդիպումը քամանչայի հետ, որն արդեն քսանութ տարի իր անբաժան ընկերն է։ «Շնորհը Աստծո պարգևն է մարդուն, այն պիտի ճանաչել ու ավելացնել աշխատանքով»,-ասում է հայր սուրբը և պատմում իր երաժշտական ուղու, հանդիպումների, ընկերների մասին։ Մեր նկարահանող խումբը մեկ օր անցկացրեց Թովմա վարդապետի հետ՝ իր սիրելի ծննդավայր Չարենցավանում:

Իսահակ վարդապետ Պողոսյան


Իսահակ վարդապետ Պողոսյանն իրեն գրող չի համարում, ասում է՝ առաջին հերթին հոգևորական եմ։ Իր ստեղծագործական ուղու, գեղեցիկ ճամփորդությունների ու կյանքում տեղի ունեցած կարևոր հանդիպումների մասին է պատմում հայր սուրբը։

Թադեոս Վարդանյան


Մինչ Վազգենյան դպրանոց ընդունվելը, Թադեոսը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջում: Թադեոսը պատմում է նկարչությունը չթողնելու և հոգևոր ճանապարհն ընտրելու իր որոշման մասին. «Ամեն անգամ Սևանավանք բարձրանալիս բոլորովին այլ զգացողությամբ ու գույներով է կտավը լցվում»:

Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան


Ֆրանց Վերֆելի «Երեմիա. լսեք ձայնը» վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը: Գիրքն արժանացել է ՀՀ գրողների միության «Կանթեղ» մրցանակի: Հակոբ սրբազանը գրական ու թարգմանական արժեքավոր ժառանգություն ունի, թեև շատ համեստ է համարում իր վաստակը: «Ինչ կարողանում ենք ստեղծել, միայն Աստծո շնորհի ու ողորմածության շնորհիվ է»,-ասում է սրբազանը:

Տեր Վահան քահանա Ազարյան


Ճարտարապետական էսքիզներ, գծանկար, մանրանկարչություն. Տեր Վահանի ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը լայն է: Ամենափոքրիկ էսքիզի կամ նախագծի իրականացում մեծ ոգևորության ու ավելին անելու ցանկության առիթ է:

Թովմաս ուրարակիր Առաքելյան


Թե ինչպես մի փոքրիկ միջադեպը դարձավ նոր գրքի սկիզբ, ինչպես փոքրիկ ծավալով տեսանյութերը դարձան շատ դիտարժան ու նոր մտահղացումների իրականացման բերեցին, պատմում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը:

Գրիգոր սարկավագ Թադևոսյան


Գրիգորը դուդուկ նվագում էր դեռ փոքր տարիքից, բայց երաժշտությանը լրջորեն սկսեց վերաբերվել, երբ ուսումնասիրեց հոգևոր երաժշտությունը: Սարկավագը պատմում է, որ դուդուկով շարականներ նվագելու փորձը նոր դռներ բացեց իր առջև: Ճեմարանական առօրյայի մաս է դարձել ընկերներով նվագելը:

Արտակ սարկավագ Ղևոնդյան


«Շնորհը ինքնաճանաչողության ճանապարհ է: Այդ ճանապարհը պիտի անցնել լուռ»: Հոգևոր երգեցողությունը և բանաստեղծություններ գրելը Արտակ սարկավագ Ղևոնդյանի համար ամենաներդաշնակ վիճակն է: Արդեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մի բուռ լռությունը»:

Վազգեն դպիր Սարգսյան


Վազգեն դպիր Սարգսյանը Հառիճավանքում ուսանելուց հետո ընդունվում է Վազգենյան դպրանոց: Շուտով խումբ է հավաքում, որն սկսում է կատարել Կոմիտասյան պատարագը: Վազգենը տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների՝ դաշնամուր, կիթառ, շվի։ «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթի անդամ է: Վերջերս տարվել է նաև համշենական մշակույթով։

Դավիթ սարկավագ Գիշյան


Դավիթը լուրջ հաջողություններ էր գրանցել մարտարվեստում, երաժշտության ու խոհարարության մեջ: Մի օր Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցում առաջին անգամ պատարագի մասնակցելուց հետո կյանքի ճանապարհը փոխվեց:

Տեր Հովհան Լեոն Խոջա-Էյնատյան


Մասնագիտությամբ երաժիշտ է տեր Հովհանը, Էվանսթոնի Սուրբ Հակոբ եկեղեցում հիմնել է «Նարեկ զանգակներ» նվագախումբը: Հայաստան այցը առիթ հանդիսացավ «Երևան» լարային քառյակի հետ ներկայացնելու Ալան Հովհաննեսի «Խորհուրդ նահատակաց» ստեղծագործությունը: