Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու Վահեն


Վահեի համար կիրակիները սպասված ու հետաքրքիր են անցնում, առավոտից ընտանիքը օրն սկսում է Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վահեն ու հայրիկը շապիկ են հագնում, մասնակցում պատարագին: Հետո միասին մարզվում, թենիս խաղում ու զբաղվում առօրյա գործերով:

ՏաՈւժի դպիրները


ՏաՈւժ դպրոցի սաներից մի քանիսը ցանկություն են հայտնել շապիկ հագնելու և խորան բարձրանալու, Տեր Աբելն էլ սիրով համաձայնել է: Իրենց բազմազբաղ առօրյայի, դասերի, խաղերի, ընկերության ու Տավուշի մասին պատմում են տաուժցիները:

Սառան


Սառան ամեն կիրակի ընտանիքի հետ այցելում է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի: Եղբայրը՝ Դավիթը, խորան է բարձրանում, իսկ Սառան երգչախմբում երգում է: Նա արագ սերտել է շարականների երգեցողությունը: Սիրում ու տիրապետում է չինարենին: Երազում է ուսումը շարունակել Չինաստանում:

Անիկն ու Յուրան


Անիկն ու Յուրան Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում են պատարագներին: Յուրան խորան է բարձրանում, Անիկը երգչախմբում երգում է: Անիկը օգնում է եղբորը, որ խորանի վրա լավ երգի շարականները: Նրանք նոր ընկերներ են ձեռք բերել եկեղեցում, միասին սիրում են խաղալ և ուխտագնացությունների մասնակցել:

Իմ Ծաղկազարդը


Սբ.Գայանե վանքի խորանը այս Ծաղկազարդին մանկաշատ էր: Տարբեր համայքներից եկած փոքրիկ դպիրները միացել էին տոնական պատարագին: Անակնկալներով լի օրվա մասին պատմում են երեխաները:

Բյուրականի դպիրները


Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դպիրները կիրակի վաղ առավոտյան շտապում են եկեղեցի՝ պատրաստվելու պատարագին: Դեռ պիտի հասցնեն Տեր Վրթանեսի հետ տնօրհնեքի մասնակցել ու այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Մեր նկարահանող խումբը կիրակին անց է կացրել Բյուրականի դպիրների հետ:

Վերին Արտաշատի դպիրները


Երվանդը, Գրիգորն ու Վարդանը ընկերներ են: Ամեն կիրակի Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում նրանք նույնպես միասին են: Շուտով Երվանդն ու Գրիգորը մեկնելու են Երուսաղեմի հայկական վարժարան, իսկ Վարդանը՝ զինվորական ծառայության:

Գեորգին


Գեորգին դեռ փոքր հասակից մայրիկի հետ հաճախում էր եկեղեցի: Մի օր ցանկություն է հայտնում շապիկ հագնել և խորան բարձրանալ: Գեորգին ու ընկերները սիրում են նաև Տեր Աբրահամի հետ շրջագայել: Այս անգամ Դաշտավան գյուղից եկել էին Մայր Աթոռի «Խրիմյան» թանգարան:

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու Արմանը


Մեր նկարահանող խումբը կիրակին անցկացրել է Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ծանոթացել Արմանի հետ:

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու երեք եղբայրները


Ջորջը, Ալենը և Նորայրը ամեն կիրակի Բուրաստան գյուղից ընտանիքով գալիս են Արտաշատ: Եղբայրներին հանդիպեցինք Ս. Հովհաննես եկեղեցում՝ խորան բարձրանալիս, մայրիկին՝ երգչախմբում երգելիս:

Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր եղբայրները


Ալեքսի ու Արմանի հետ ծանոթացել ենք Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում: Եղբայրներից մեկը որոշել է քահանա դառնալ՝ սիրելի տեր հոր օրինակով:

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու Տարոնը


Մեր նկարահանող խումբն այս կիրակին անցկացրեց Նորագավիթի Սբ․ Սարգիս եկեղեցում դպրական շապիկ հագնող Տարոնի ու նրա ընտանիքի հետ: