Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Հրաչյան


Հրաչյան կիրակին սկսում է Առինջի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում. ընկերների հետ  օրը լավ է անցնում: Օրվա մնացած մասը հայրիկի արվեստանոցում է, մանրանկարչությամբ է զբաղվում: Գիտի, որ դեռ շատ բան ունի սովորելու: 

Հրազդանի դպիրները


Նորայրը, Արենն ու Արամն ընկերներ են, նրանք ծանոթացել են Հրազդանի Սբ. Աստվածածին եկեղեցում: Ամենակրտսերը Նորայրն է, բայց Արենն ու Արամը պատմում են, որ շատ բաներ սովորել են նրանից...
 

Ս. Շողակաթ եկեղեցու դպիրները


Ամեն կիրակի, երբ Հովհաննեսը գնում էր Գրիգորի հետ խաղալու, ասում էին, որ Գրիգորը եկեղեցում է: Մի օր էլ Հովհաննեսը խնդրեց Գրիգորին, որ միասին գնան: Այդ օրվանից Հովհաննեսն ու Գրիգորը միասին են գնում Շողակաթ եկեղեցի: 
Ասում են, որ իրենց ընկերությունն էլ ավելի է ամապնդվել: 
 

Դսեղի երգչախումբը


«Կարծրատիպեր ունեի... հետո հասկացա, որ եկեղեցում երգելը և՛ ինձ համար է լավ, և՛ եկեղեցու: Հիմա սիրով մասնակցում եմ»:
Մեր նկարահանող խումբը Լոռվա Դսեղ գյուղ է մեկնել:
 

Էդուարդը


Էդուարդը երազում է ֆուտբոլիստ հոգևորական դառնալ: Գիտի, որ հեշտ չի լինելու…

Ջրվեժի Գրիգորը


«Երբ ամբողջ ընտանիքով  ենք  պատարագի մասնակցում, զգացողություններս մի տեսակ ամբողջական են»,- ասում է Ջրվեժի Սբ. Աստվածածին եկեղեցու փոքրիկ դպիր Գրիգորը: 

Նարինեն ու Մարինեն


Նարինեին ու Մարինեին հանդիպեցինք Հաղպատի վանքում, պատարագ երգելիս: 
«Սկզբում մի քիչ դժվար էր, չէինք հասկանում գրաբար, բայց, երբ հասկանալով ես  երգում, ավելի վստահ ես,-պատմում են մեր հերոսները,- տեր հայրը մեծ համբերատարությամբ է մեզ սովորեցնում շարականները»: 
Իսկ եկեղեցու երգչախմբի խմբավար տիկին Ռիտայի համար ամենակարևորը պատարագներին երեխաների ձայնն է, քանի հոգի էլ լինեն:  
 

Ալեքսանդրը


«Շատ եմ սիրում, երբ եկեղեցով ուխտի ենք գնում: Տեր հայրերի հետ ֆուտբոլ ենք խաղում, նրանք մեր ավագ ընկերներն են»: Ալեքսանդրը Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու դպիրներից է: Երազում է դառնալ ֆուտբոլիստ, ծրագրավորող և շատ ու շատ այլ բաների մասին:

Աշտարակի դպիրները


Համբարձումն ու Գոռը ընկերացել են Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում: Տղաները միասին մասնակցում են պատարագներին: Սիրում են  Խաչիկ դպիրի հետ ուխտագնացության գնալ ու երեկոյան խարույկի շուրջ կիթառ նվագել:

Հովհաննեսն ու Տիգրանը` Ջրվեժի դպիրները


Հովհաննեսի ու Տիգրանի առօրյան շատ հեգացած է: Երկուսն էլ երազում են ճարտարապետ դառնալ: Հաճախում են ավիամոդելավորման դասերի, ձիարշավարան, խնամում ձիերին: Սիրելի զբաղմունք է նաև Ջրվեժ Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագների մասնակցելը: Խոստովանում են, որ երբ հայրիկի հետ են խորան բարձրանում, ավելի ինքնավստահ են: 

Իջևանի դպիրները


Արսենը, Ժորան, Մկրտիչը, Վահանը, Դավիթն ու Միքայելը Իջևանում են ապրում: Տղաների կիրակին սկսվում է եկեղեցուց: Պատարագից հետո ընկերներով զբաղվում են խեցեգործությամբ, ֆուտբոլ են խաղում, հեծանիվ քշում: Ասում են, որ իրենց համախմբում ու ոգևորում է Բագրատ սրբազանը, կիրակին ավելի ուրախ է, երբ սրբազանի հետ են: 

Օձունի դպիրները


Վրթանես քահանա Բաղալյանի համար հաճելի անակնկալ էր, երբ որդիներն ու դուստրը խնդրեցին մասնակցել ու օգնել իրեն պատարագների ժամանակ: Պետրոսը, Սողոմոնն ու Սեդան մայրիկի հետ սկսեցին սովորել շարականները…