Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

Լիլիթ Ստեփանյան. ավազանկարիչ


«Ավազանկարչությունը լույսի ու ստվերի արվեստ է, բայց նաև երկխոսություն է՝ մեր մտքի ու ձեռքերի երկխոսություն: Այդ լույսը ինձ միշտ ուղղորդում է, երբ ես մոլորվում եմ», - ասում է ավազանկարչուհի Լիլիթ Ստեփանյանը: Արվեստի այս տեսակը աշխարհում լայնորեն կիրառվում է անիմացիոն ֆիլմերի համար: Լիլիթը համոզված է, որ Հայաստանը բարձրարժեք անիմացիաներ անելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու ներուժ ունի, այնպես որ, ավազանկարչության արվեստի համար ամեն ինչ դեռ առջևում է:

 

Նունե Չուխաջյան


Թաղիքագործությունն այսօր Հայաստանում լայն տարածում ունի: Նունե Չուխաջյանն արհեստի այս տեսակի մեջ արվեստային աշխատանք է անում: Աշխատում է տարբեր մեթոդներով՝ նունոֆելթինգ, թաղիքե նկարչություն, էկոփրինթ: Պատրաստում է բաճկոններ, շարֆեր, պայուսակներ, գլխարկներ, աքսեսուարներ: 
 

Արամ Մուրադյան


Արամը մասնագիտությամբ անիմատոր է: Բացի այդ, կահույք է պատրաստում ձեռքն ընկած ամեն նյութից՝ հին կահույքից, երկաթի հին կտորներից, հեռուստացույցի էկրաններից, հին մահճակալներից: «Նյութը կապ չունի, կարևորը՝ տեսնես, թե ինչ կարող է այն դառնալ, իսկ ես դա տեսնում եմ»: Արամի և եղբոր՝ Հայկի համար հաղթանակի զգացողության պես է, երբ ոչնչից ինչ-որ բան է ստացվում: 

Մամիկոն Միքայելյան, Աշոտ Միքայելյան


Մամիկոն և Աշոտ Միքայելյանները նկարիչ, քանդակագործներ են, էքսպերիմենտների սիրահարներ: Աշխատում են տարբեր նյութերով՝ պղինձ, արծաթ, քար, փայտ: Նույնիսկ զարդերին են մոտենում ինչպես քանդակի: Երկվորյակ եղբայրները միասին են աշխատում՝ քննարկում են, վիճում, համաձայնվում, արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք երկուսին էլ գոհացնում են: 
 

Տատյանա Ֆետիսովա


Տիկնիկագործ Տատյանա Ֆետիսովան տեքստիլից տիկնիկներ է պատրաստում, որոնք մուլտերի հերոսներ են հիշեցնում: Տատյանան տիկնիկները չի վաճառում, իր խոսքով՝ որդեգրում է:

Արամ Հունանյան


Կավագործ Արամ Հունանյանը հրեշտակներ է պատրաստում, ընթացքում նրանց հետ լուռ զրուցում է: Վարպետը վստահ է, որ հրեշտակներ ծեփելիս պետք է խաղաղ լինել և հուշանվերի հետ այդ խաղաղությունը կհասնի ու կջերմացնի մարդկանց: 

Սպարտակ Գևորգյան


Սպարտակ Գևորգյանի պղնձե մանրաքանդակներում հիմնականում պատկերված են կանայք: «Արվեստում կեղծել չի կարելի, մանրաքանդակում հատկապես պետք է զգույշ լինել, իսկ կնոջ կերպար ստեղծելիս՝ առավել ազնիվ». համոզված է մեր հերոսը:

Հեղնար Պետրոսյան


Հեղնար Պետրոսյանը երկրորդ շունչ է տալիս ծաղիկներին՝ չորացած ծաղիկներով զարդեր է պատրաստում: Ծաղկային կոլաժները Հեղնարը փորձում է ստանալ Հայաստանում աճող բույսերով և պատկերել Հայաստանի բնության դրվագներ: 

Ամանորյա զարդարանքներ


Ամանորն անհնար է պատկերացնել առանց տոնածառի և տոնական խաղալիքների: Ձեռագործ աշխատանքի հայ վարպետներն առաջարկում են նորարարություններ: Թաղիքե խաղալիքներ, տարբեր նյութերից պատրաստված տոնածառներ և տոնական լուսատնակներ են պատրաստում Լալա Մնեյանը, Սոնա Ռամազյանը, Էռնեստ Ոսկանյանն ու Մարիամ Հակոբյանը:

Նաիրա Մխիթարյան


Հայկական լեռնաշխարհը գորգագործության հայրենիքներից մեկն է, արվեստի այս տեսակը շարունակում է զարգանալ նաև մեր օրերում: 
Մենք հյուրընկալվել ենք նկարիչ, դիզայներ Նաիրա Մխիթարյանին:

Կարինե Ավետիսյան


Կարինե Ավետիսյանը մասնագիտությամբ քիմիկոս է: Արվեստի հանդեպ սերը նրան մղել է յուրօրինակ զարդերի պատրաստման. սովորական շղթաների և քարերի համադրությամբ ստեղծվում են վզնոցներ, թևնոցներ, կրծքազարդեր: 

Սերգեյ Թովմասյան


Դերասան Սերգեյ Թովմասյանը սոճու փայտից պատկերներ է ստանում, որոնք կարծես շնչում են ու շարժման մեջ են: Թեմաները հայկական են ու համամարդկային: «Ես ավելի շատ սիրում եմ հայկական թեմատիկան իմ գործերում, որովհետև իմ արմատներն այստեղ են, ոչ մի այլ տեղում ես չեմ կարող այսպիսի գործեր ստեղծել»,- ասում է Սերգեյը: