Սիրելով երեխաներին


Արմեն Արմոս Մարտիրոսյանն ու Սոնա Ազարյանը՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, հաջողված մասնագետներ են: Բայց, հիմնական աշխատանքից առավել, իրենց ժամանակը, եռանդն ու նվիրումը նրանք ուղղում են մեկ այլ գործի՝ բարեգործական նախաձեռնությունների բարդ հիվանդություններով տառապող երեխաների համար: Արմենի, Սոնայի և նրանց շուրջ հավաքված մի խումբ մարդկանց շնորհիվ բազում երեխաներ կարողացել են հաղթել կյանքի ու մահվան անհավասար պայքարում: 

Սիրելով մարդուն


Բժիշկներ Արմինե Բարխուդարյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Գևորգ Ոսկանյանը 2017թ. մայիսին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով մեկնել էին Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ՝ փոխարինելով բժիշկ Թոմ Քաթինային և հնարավոր դարձնելով նրա այցը Հայաստան։

Սիրելով հայրենիքը


Ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից լրագրող Նարինէ Վարդանյանը 2016թ.-ի ապրիլին որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ և 14 օր անցկացրել առաջնագծում։ Երևանում ծնված, բայց արդեն ավելի քան 10 տարի Արցախում բնակություն հաստատած լուսանկարիչ Արեգ Բալայանն ապրիլյան այդ օրերին նույնպես սահմանին էր՝ մի ձեռքում՝ զենքը, մյուսում՝ լուսանկարչական ապարատը։ Նրանց երկուսին էլ դժվարին ու վտանգավոր այդ օրերին ուժ տվողը սերն էր, հայրենիքի հանդեպ մեծ սերը: 

Սիրելով պոեզիան


Ի՞նչ է պոեզիան: Ի՞նչ պոեզիա է ստեղծվում այսօր: Ի՞նչ են փորձում փոխանցել պոետն ու թարգմանիչը՝ տողատված տեքստի միջոցով: Այս հարցերի պատասխաններն են տալիս բանաստեղծ Տաթև Չախեանը և նկարիչ, թարգմանիչ Էդիկ Պողօսեանը:

Սիրելով քաղաքը


Ի՞նչ է քաղաքը: Ո՞րն է Երևանի ֆենոմենը: Ինչու և ինչպես են սիրում Երևանը մեր հաղորդման հերոսները՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը և նկարիչ, վավերագիր Պետո Պողոսյանը:

Սիրելով…


Ի՞նչ է սերը… մարդկությունն այս հարցի պատասխանը փնտրել է դարեր շարունակ: Այսօր էլ մտածողները, արվեստագետները, գիտնականներն ու փիլիսոփաները շարունակում են խոսել սիրո առեղծվածի մասին, և ամեն մի բնորոշում նոր հարցադրումներ է առաջ բերում: 
Ի՞նչ է սերը… այս հարցին են փորձում պատասխանել մեր հերոսները՝ Նշան քահանա Ալավերդյանը, դերասան, ռեժիսոր Հայկ Զորիկյանը, ռեժիսոր, դերասան Անահիտ Տեր-Սարգսյանը, ռեժիսոր Հակոբ Մանուկյանը, գրականագետ Նաիրա Բալայանը, բանասեր, թարգմանիչ Շուշան Կարապետյանը: 

 

Սիրելով կյանքը


Մեկ տարի առաջ նույն խնդիրը ծանոթացրեց ու միավորեց Մարինա Պարազյանին ու Լիլյա Կարապետյանին: Նրանք ստեղծեցին Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման հիմնադրամը: Հիմնական նպատակը  ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ գտնելն ու նրանց ծնողներին աջակցելն է: Այս կանանց և նրանց շուրջը համախմբված մարդկանց առաջնորդողը մեծ սերն ու հավատն է: 

Սիրելով նկարչությունը


Մեր հերոսները նկարիչ Արթուր Հովհաննիսյանն ու մանրանկարիչ Լուսինե Մաթևոսյանն են: Ռեալիստական ոճը նախընտրող ու հիմնականում մեծածավալ կտավներ ստեղծող Արթուրի հերոսը մարդն է, նրա ապրումները, հույզերն ու կենսակերպը:
Իսկ ահա Լուսինեին մեծ բավականություն է բերում փոքր տարածքի վրա ամիսների մանրակրկիտ աշխատանքը: Նրան հարազատ է միջնադարյան արվեստը: Մատենադարանում կրկնօրինակող-մանրանկարչի աշխատանքը Լուսինեին հնարավորություն է տալիս ամենօրյա շփում ունենալ մեր մանրանկարչության հարուստ գանձարանի հետ: Տարբեր ուղղություններ ու աշխատաոճ նախընտրող մեր երկու հերոսներին միավորողը նկարչության հանդեպ մեծ սերն է:

 

Սիրելով պարը


Մեր հերոսները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Աննա Կոստանյանն ու Mad force crew բրեյքդանս խմբի ղեկավար Սարգիս Անդրեասյանն են: Լիովին տարբեր ոճերում հանդես եկող երիտասարդներին միավորողը մեծ սերն է դեպի պարը: Երկուսի ստեղծագործական ճանապարհն էլ բավական հետաքրքիր է: Աննան 4 տարի եղել է Իսրայելի ազգային բալետի թատրոնի մենապարուհի, կերտել բազմաթիվ դերեր: Իսկ Սարգիսն առաջիններից էր, ով Հայաստանում սկսեց զբաղվել բրեյքդանսով: Նրա ստեղծած խումբն արդեն հասցրել է հաջողություններ ունենալ միջազգային հարթակներում:

Սիրելով Սուրբ Ծնունդը


Ճարտարապետ Միքայել Մկրտչյանը երկար տարիներ տոնական խաղալիքներ է պատրաստում, որոնց ընտրանին անընդհատ շատանում է: Այս տարվա նորությունը Սուրբ ծննդյան աստղն է: Միքայել Մկրտչյանի համար Սուրբ Ծնունդն ընտանիքի տոն է: Այդ օրերին գտած խաղաղությունն ու ջերմությունը նրան ուղեկցում են ողջ տարվա ընթացքում:

Սիրելով կինոն


Մեր հերոսները ռեժիսոր Դիանա Կարդումյանը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն են:
Յոթ խաղարկային և երկու վավերագրական ֆիլմերի հեղինակ Դիանան ցավով նշում է, որ իր հնարավորությունների համեմատ շատ քիչ է աշխատում, խոչըդոտները շատ են: Սակայն, չնայած դրան, կինոյի հանդեպ սերն այնքան մեծ է, որ անկեղծանում է՝ ֆիլմ նկարելը մի բան է, որը պարզապես չի կարող չանել:
Րաֆֆի Մովսիսյանն էլ շատ պատահաբար է ընտրել իր մասնագիտությունը: Բայց հենց այդ պատահականության արդյունքում է, որ այսօր ունի սիրելի աշխատանք և իրեն առանց կինոյի այլևս չի պատկերացնում: Գործի բերումով տարեկան ավելի քան 400 ֆիլմ է դիտում: Կինոյի օգնությամբ Րաֆֆին փորձում է գոնե իր համար խմբագրել» այն բոլոր բացթողումները, որ կան իրական կյանքում:

 

Սիրելով երաժշտությունը


Մեր հերոսները դաշնակահար Ջուլիետա Վարդանյանն ու ռեժիսոր Հակոբ Մանուկյանն են: Թեև դաշնամուրի հետ կապված Ջուլիետայի առաջին հիշողություններն այնքան էլ լուսավոր չեն ու կապված են դասատուի՝ սարսափ առաջացնող երկար կարմիր եղունգների հետ, սակայն դա նրան չի խանգարել հետագայում երաժշտությունն ընտրել որպես մասնագիտություն ու դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար: Դաշնակահարուհու օրվա մեծ մասն զբաղեցնում են փորձերը, ձայնագրություններն ու համերգները:
Իսկ ռեժիսոր Հակոբ Մանուկյանի համար երաժշտությունը հոգեբուխ բան է, նա ընտրել է ինքնակատարելագործման ոչ պրոֆեսիոնալ ճանապարհը՝ ստեղծել է իր ռեգգի խումբը և երաժշտության միջոցով փորձում է լռեցնել աղմուկը, որի մեջ ենք ամեն օր: