Նրանք մեզ հետ են, մեր կողքին: Նկարիչ են, երաժիշտ, գրող, հոգևորական, գիտնական, բժիշկ, ովքեր ամբողջ կյանքում արժեք են ստեղծում բոլորի համար, մարդիկ, ում գործը չի պարագծվում ներկա ժամանակով:
Նրանց պետք է ճանաչել, նրանց պետք է տեսնել իրենց ստեղծագործության ակունքում, պետք է իմանալ՝ ինչ են մտածում երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, մարդու, բնության և Աստծո մասին:

Մելիք Բաղդասարյան


Ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանը լուսանկարել է մեր հասարակական, քաղաքական կյանքի կարևոր իրադարձությունները, պատմական հուշարձանները, զբաղվել նաև սպորտային լուսանկարչությամբ: 

Էդուարդ Խարազյան


Գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը կյանքի այս փուլում ուրվագծել է ազատության իր սահմանները, որտեղ մենակ է ինքն իր հետ: Երիտասարդ տարիների բազմազբաղությունը նկարիչը փոխարինել է արվեստանոցային լռությամբ: 

Արա Զարյան


Արդեն վեց տարի, ամեն ամառ Իտալիայից Հայաստան է  գալիս հայազգի անվանի ճարտարապետ Արա Զարյանը, վերականգնում մեր եկեղեցիների ու վանքերի որմնանկարները: Թեև տասնամյակներ շարունակ ապրում է Իտալիայում, բայց հայրենիքի հետ կապը չի խզում: Համոզված է, որ անվանի պապից՝ Կոստան Զարյանից փոխանցված գաղափարները օգնում են հայ մնալ և հայրենիքի ուխտավորը լինել: 

Խորեն Տեր-Հարության


Քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է մանկության տարիներին տեսած հայկական ջարդերի թեման: Թեև ճակատագրի բերումով արվեստագետը հաստատվում է ԱՄՆ-ում, բայց ստեղծագործական ողջ ժառանգությունը նա կարողանում է հասցնել հայրենիք: Պատմում են Խ. Տեր-Հարությանի թանգարանի տնօրեն Հարություն Հարությունյանը, արվեստաբան Մարիամ Դավթյանը և Խ. Տեր-Հարությանի ազգական Գուրգեն Մուրադյանը: 

Ստեփան Օհանյան


Օդաչու Ստեփան Օհանյանն անցել է Արցախյան ազատամարտի միջով, կատարել վտանգավոր թռիչքներ, պատերազմական ծանր օրերին տեղափոխել զինվորների, վիրավորների՝ փրկելով հարյուրավոր կյանքեր: Պարգևատրվել է Մարտական խաչ շքանշանով: Օդաչուն այժմ «Արմ-աերո» ՓԲԸ փոխտնօրենն է: Ոչ հեռավոր օրերի մասին նա հիշում է մեր տեսախցիկի առջև... 

Գրիգոր Աճեմյան


«Ազգի թշնամու որդի» պիտակով է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Գրիգոր Աճեմյանը ուշ է հասկացել, թե ով է իրականում հայրը՝ Գուրգեն Մահարին: Հոր մահից հետո, երբ արդեն բացահայտել էր Մահարի գրողին, իրեն ամբողջությամբ նվիրում է մահարիագիտությանը: Չնայած առաջացած տարիքին՝ մինչ օրս ժամեր շարունակ գրասեղանի առջև է, գրադարանում կամ հրատարակչությունում. ապրում է Մահարու աշխարհում...

Սաշուր Քալաշյան


Նրա շնորհիվ 80-ական թվականներին Գյումրիում կորստից փրկվեցին տասնյակ պատմամշակութային շենքեր ու շինություններ, ձևավորվեց «Կումայրի» արգելոց-թանգարանը: Սաշուր Քալաշյանի և նրա թիմակից ընկերների նախագծով այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր է խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրն ու թանգարանը:
Ճարտարապետն այսօր ցավով է նշում մայրաքաղաքի պատմամշակութային շենքերի ոչնչացման ու միջավայրի աղավաղման մասին: 
 

Զավեն Վարդանյան


Դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ են անցել հայաստանյան բազմաթիվ փառատոններ և մրցույթներ, նրա մեկնաբանմաբ ունկնդիրն առաջին անգամ լսել է համաշխարհային շատ գլուխգործոցներ: Այսօր Զավեն Վարդանյանը Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, պարբերաբար հանդես է գալիս նոր նախագծերով: 

Վարուժան Ոսկանյան


2009 թ լույս տեսած  նրա Շշուկների մատյան» վեպը թարգմանվել է 20 լեզվով,  Ռումինիայում  արժանացել տարվա լավագույն գրական ստեղծագործություն մրցանակին, գրաքննադատների բարձր գնահատականին: Հաղորդման ընթացքում Վարուժան Ոսկանյանը խոսում է գրականության մասին իր պատկերացումների և Հայոց ցեղասպանության նահատակ, սրբադասված իր նախնիների մասին:

Լևոն Չաուշյան


Սիմֆոնիա, կոնցերտներ, սիմֆոնիկ պոեմներ, սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր, կվարտետներ… Ես դեռ խոսելուց առաջ երաժշտություն գիտեի»,-կես կատակ, կես լուրջ ասում է  կոմպոզիտոր:

Հակոբ Երիցյան


Ջութակ, ալտ, քանոն, ուդ, քամանչա, մանդոլին, սազ, թառ, սանթուր... Վարպետ Հակոբի ձեռքում փայտը շունչ ու հոգի էր առնում, վնասված գործիքները կենդանանում էին, նորովի հնչում: Վարպետ Հակոբի ու նրա պատրաստած գործիքների մասին պատմում են որդին՝ Սամվել Երիցյանը, երաժիշտներ Ծովինար Հովհաննիսյանը, Հակոբ Խալաթյանը, Միհրան Դեմիրճյանը:

Արկադի Բաղդասարյան


Երկար դադարից հետո անվանի նկարիչ Արկադի Բաղդասարյանը` Արկոն, կրկին վրձինը ձեռքն է վերցրել: Ուղեղի կաթվածի պատճառով նկարիչը 5 տարի գամված էր անկողնուն: Արկոն պատմում է անցած փորձությունների ու ապագայի երազանքների մասին: