Նրանք մեզ հետ են, մեր կողքին: Նկարիչ են, երաժիշտ, գրող, հոգևորական, գիտնական, բժիշկ, ովքեր ամբողջ կյանքում արժեք են ստեղծում բոլորի համար, մարդիկ, ում գործը չի պարագծվում ներկա ժամանակով:
Նրանց պետք է ճանաչել, նրանց պետք է տեսնել իրենց ստեղծագործության ակունքում, պետք է իմանալ՝ ինչ են մտածում երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, մարդու, բնության և Աստծո մասին:

Հարություն Փանոսյան


Հարություն Փանոսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, բայց հանրությանը նա առավել հայտնի է որպես ազգագրագետ, բանահավաք, «Ակունք» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար: Հաղորդումը Հարություն Փանոսյանի հարուստ, ազգային երգ ու պարի գույներով հագեցած ճանապարհի մասին է:

Սերգեյ Սարաջյան


Նրա գործունեությունը հոր՝ Գեորգի Սարաջևի պես, մեծապես կապված է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հետ: Սերգեյ Սարաջյանը 18 տարեկանից զբաղվում է մանկավարժությամբ, մոտ տասը տարի ղեկավարել կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը, այսօր էլ շարունակում է երիտասարդների կրթությամբ զբաղվել, նրա սաներն անվանի դաշնակահարներ են:

Գայանե Էլիազյան


Արդեն 25 տարի, Գայանե Էլիազյանը ղեկավարում է Մ. Մաշտոցի անվան մատենադարանի վերականգնման բաժինը: Հիշում է, երբ ընդունվեց աշխատանքի, բաժնում ութ աշխատակից կար, այժմ իր ղեկավարությամբ քսանյոթ մասնագետ է աշխատում: Տիկին Գայանեն խոստովանում է, որ հնագույն ձեռագրերի հետ աշխատանքը իմաստավորում է կյանքը: 

Հենրիկ Սիրավյան


«Ահա այսպես, մի  գեղեցիկ օր հայ ժողովուրդը քեզ գրկելու և սիրելու է». դեռևս 1961 թվականին Մարտիրոս Սայրանը, նկարելով իր աշակերտին, կանխատեսել է նրա ապագան: Հենրիկ Սիրավյան՝ 60-ականների սերնդի ամենավառ ու ինքնատիպ նկարիչներից մեկը: 

Արա Շիրազ


«Դիմաքանդակի վարպետ». այսպես են արվեստաբանները բնութագրում 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենավառ երևույթներց մեկին՝ Արա Շիրազին: Նրա նորարար հայացքների, ստեղծագործության շրջափուլերի ու կենսագրության հետաքրքիր դրվագների մասին է մեր հաղորդումը: 

Հովհաննես Զարդարյան


1956 թվականին արված Զարդարյանի «Գարունը» խորհրդանշում է սովետահայ   նկարչության ձնհալի սկիզբը: Հովհաննես Զարդարյանը խորհրդահայ այն եզակի արվեստագետներից է, ում այդ տարիներին հաջողվել է մասնակցել միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, վենետիկյան երեք բիենալեի: Զարդարյանի հարուստ ժառանգության մեծ մասը ուսումնասիրված չէ և անհայտ է հանրությանը: 

Ստեփան Մարտիրոսյան


Ստեփան Մարտիրոսյանը հայկական հեռուստատեսության առաջին օպերատորներից է, որն իր ուղին շարունակեց կինոյի ճանապարհով: «Սայաթ-Նովա», «Խղճի ձայնը», «Վերջին նետում», «Հարսնացուն հյուսիսից»՝ նրա նկարահանած գեղարվեստական ու վավերագրական բազմաթիվ ֆիլմեր հայ կինոյի համար ուղեցույց են:

Մուրադ Հասրաթյան


Մուրադ Հասրաթյանը ուսումնասիրել և հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն շարադրել է հայկական ճարտարապետության ամբողջական պատմությունը: Հասրաթյանը դասախոսել է հեղինակավոր գիտաժողովներում ու արտերկրի համալսարաններում:  Այսօր էլ գիտնականը երիտասարդական եռանդով շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը: ԳԱԱ արվեստի ինստիտուտում նրա ղեկավարությամբ շարունակում է լույս տեսնել հայկական ճարտարապետությանը նվիրված վեցհատորյակը: 

Ստեփան Ռոստոմյան


Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի միջազգային ճանաչումը սկսվեց 1989-ին, երբ Խորհրդային Միությունը նրան պատվիրեց ստեղծագործություններ Գլազգոյի «Նյու Բիգինինգ» փառատոնի համար: Այսօր Ռոստոմյանի սիմֆոնիաները հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում: Կոմպոզիտորի ջանքերով ստեղծվել է նաև «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որն արդեն հարուստ կենսագրություն ունի: 

Հակոբ Խալաթյան


Հակոբ Խալաթյանն արդեն քառասուն տարի անբաժան է քամանչայից: Նա  դասական և ժողովրդական գործերի բազմաթիվ փոխադրումներ, մշակումներ է արել: Աշխարհի տարբեր բեմերում քամանչայով կատարել է Ա. Խաչատրյանի ջութակի և նվագախմբի կոնցերտը, էդ. Բաղդասարյանի Ռապսոդիան, Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան և այլ դասական գործեր: 

Արմեն Աթայան


94-ամյա գեղանկարիչն իր ամենահաջող նկարը մանկապարտեզում արած նկարն է համարում: Արմեն Աթայանն այսօր էլ ժամեր շարունակ արվեստանոցում է, իր հազարավոր գործերով փորձում է պատմել բնության և մարդու ներդաշնակության մասին: 

Կարեն Քոլոյան


«Մանկական օրթոպեդը նախ պետք է լավ հոգեբան լինի: Բժշկության ոլորտում նվիրումն ու աշխատասիրությունն են հաջողություն բերում»,- համոզված է բժշկական գիտությունների թեկնածու, Հյուսիսային Ամերիկայի մանկական օրթոպեդների միության (POSNA) թղթակից անդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ Կարեն Քոլոյանը: