Վանաձորի Հայորդյաց տան սանը ոսկե մեդալ է նվաճել կարատեի միջազգային մրցաշարին


Վանաձորի Հայորդյաց տան Օլիմպիական կարատեի դասարանի սան Ալեն Գևորգյանը Հայաստանի հավաքականի կազմում Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Աշուն 2024» կարատեի միջազգային մրցաշարին և արժանացել է ոսկե մեդալի: Նա 12 տարի է՝ զբաղվում է կարատեով:

Լոռու մարզի Վահագնի համայքում վերաօծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին


Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ: Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան կա:

 

Արցախից տեղահանված կանայք եկեղեցու աջակցությամբ կար ու ձևի և մոդելավորման դասընթացի են մասնակցում


Գուգարաց թեմի Տուն սոցիալ կրթական կենտրոնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Ֆրանսիայի հայոց թեմի հովանավորությամբ Արցախից տեղահանված կանանց համար կար ու ձևի և մոդելավորման վերամասնագիտացման եռամսյա ծրագիր է գործում: Եվս մի քանի շաբաթ և Վանաձորում ապրող արցախցի այս կանայք մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելուց զատ, կստանան նաև կարի մեքենաներ և անհրաժեշտ պարագաներ ՝ նոր արհեստով իրենց ընտանիքների սոցիալական հոգսը թեթևացնելու համար:

 

Հարյուր դպրոցականներ գիտելիքի օրվա կապակցությամբ ստացել են գրենական պիտույքների փաթեթներ


Վանաձորի խոշոր սուպերմարկետների հարևանությամբ տեղադրված սոցիալական արկղերում Գուգարաց թեմի երիտասարդաց միության ու «Տուն» սոցիալ կրթական կենտրոնի կամավորները մի քանի օր շարունակ հավաքել են գրենական պիտույքներ և պարագաներ: Բացի այդ դրամատուփերի մեջ հավաքել են ավելի քան 438 հազար դրամ և դպրոցական պարագաներ ձեռք բերել և նվիրել դրանց կարիքն ունեցող աշակերտներին։

 

Սուրբ Աստվածածին եկեղեցին բարեկարգումից, կահավորումից ու նորոգումից հետո վերաօծվել է


Դորբանդավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին վաղ միջնադարի կառույց է: Վերջին անգամ նորոգվել է 1980-ականներին: Թեմակալ առաջնորդի նախաձեռնությամբ մի խումբ տեղացի բարերարներ հոգացել են եկեղեցու բարեկարգման և կահավորման մասին: Փոխվել են դռներն ու պատուհանները, լուծվել է լուսավորության հարցը։ Եկեղեցուն նվիրաբերվել են խորանի վարագույր, ջահ և մոմակալներ:

Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ փառատոնը


Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Վանաձորում, ապա շարունակվել Երեւանում: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հոգեբաններ, մանկավարժներ՝ նպատակ ունենալով մշակույթի լեզվով հասարակության հետ խոսել համամարդկային արժեքների՝ սիրո, հանդուրժողականության և խաղաղասիրության մասին: Փառատոնը կազմակերպել է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Մայր Աթոռը վերապատրաստման եռամսյա դասընթաց է կազմակերպել արցախցի կանանց համար


Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ և Ֆրանսիայի հայոց թեմի հովանավորությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և Գուգարաց թեմը սկսում են մասնագիտական վերապատրաստման եռամսյա ծրագիր: Մասնակիցները արցախցի կանայք են: Այս ծրագրով նոր բնակավայրում ինտեգրման հնարավորություններ են տրամադրում մասնակիցներին, որպեսզի կանխվի գործազրկությունը, արտագաղթը և լուծվեն սոցիալական խնդիրները: Արցախից բռնի տեղահանվածների համար Մայր Աթոռը միաժամանակ մի քանի ծրագիր է իրականացնում: Այդ ծրագրերին ամենայն հայոց կաթողիկոսի կոչով արձագանքել և աջակցում են եկեղեցու թեմերը և աշխարհասփյուռ հայությունը:

 

Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին


Նորոգումից հետո վերաօծվել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցին։ Գլխավոր խնդիրը տանիքի, անձևրաջրերից վնասված առաստաղի ու պատերի նորոգումն է եղել: Աշխատանքը տևել է մի քանի ամիս: Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը և եկեղեցու պատերը զարդարող ծավալուն որմնանկարների վնասված հատվածները։

 

Վանաձորի հայորդյաց տան կարատեի դասարանի սաները հաղթանակով են վերադարձել երկու մրցաշարերից


Վրաստանում կայացած «Օփըն Ջորջիա» կարատեի միջազգային խոշոր մրցաշարում Վանաձորի Հայորդյաց տան սան Ալեն Գևորգյանը զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Ալենն այժմ ընդգրկվել է ազգային հավաքականում: Կարատեի մրցաշարին Հայորդյաց տան սաները նաև արծաթե, բրոնզե մեդալների են արժանացել: 4 մասնակցից 3-ը մրցանակով են վերադարձել:

 

Վանաձորի Հայորդյաց տունը հյուրընկալել է մյուս բոլոր Հայորդաց տների սաներին


Երեխաների պաշտպանության միջազգային օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Վանաձորի Հայորդյաց տունը հյուրընկալել հանրապետությունում գործող բոլոր՝ 7 հայորդյաց տների սաներին: Վանաձորում գործում են կարատեի, մարմնամարզության, շախմատի, գոբելենի, դասական ու ազգային պարերի և շատ այլ դասարաններ: Այս անգամ վանաձորցի սաների համար ելույթ են ունեցել մյուս հայորդյաց տների գեղարվեստական խմբերը:

 

Կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը օգնություն է տվել արցախցիներին


Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը Գուգարաց թեմի խնամքի ներքո գտնվող արցախցի ընտանիքներին օգնություն է բաժանել՝ անվանական փաթեթներ ընտանիքի բոլոր անդամների անուններով: Յուրաքանչյուր ընտանիքի նաև դրամական օգնություն է հատկացվել: Արցախցիներին համախմբումի ատենապետը հանդիպել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում։

 

Ամանորյա տիկնիկային ներկայացում Գուգարաց թեմի արցախցի երեխաների համար


Վանաձոր քաղաքում հաստատված արցախցի տասնյակ փոքրիկներ ու դպրոցականներ Գուգարաց թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների դահլիճում հնարավորություն ունեցան դիտելու Վանաձորի տիկնիկային թատրոնի ամանորյա ներկայացումը: