Հարյուրապետի հավատը (7:1-10)


Կափառնաումում Հիսուսը մի հարյուրապետի թախանձագին խնդրանքով բժշկում է նրա ծառային։ Բժշկում է, որովհետև տեսնում է հարյուրապետի զորավոր հավատը՝ այնպիսի հավատ, որ անգամ Իսրայելում չէր հանդիպել։ Ո՞վ էր հարյուրապետը։ Ովքե՞ր են իրենց անարժան համարում։ Ինչո՞վ էր հարյուրապետի հավատը տարբերվում։ Ինչո՞վ ենք մենք նմանվում հրեաներին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Ամլության ճգնաժամը


Որդեծնությունն ամուսնության նպատա՞կն է, թե՞ ամուսնության օրհնությունը։ Մարդկային կյանքի ամենացավոտ ճգնաժամերից մեկը՝ ամլության կամ անպտղության խնդիրն է։ Ո՞րն է ամուսնության նպատակը և ի՞նչ է որդեծնությունը։ Ո՞վ էր Աննան, ի՞նչ դեր ուներ որդեծնությունը Հին Կտակարանում, և ինչպե՞ս փորձեց Աննան լուծել իր խնդիրը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Պտղից է ճանաչվում ծառը, երկու տների առակը (6:43-49)


Ինչո՞ւ է Տերն ասում, որ բարի ծառը չար պտուղ չի կարող տալ, և հակառակը, և ի՞նչ պետք է հասկանալ փշերից թուզ և մորենուց խաղող քաղելու խոսքից։ Ի՞նչ պետք է անել սխալներն ու մեղքերը վերացնելու համար, և ինչի՞ մասին են խոսում մարդու գործերը՝ պտուղները։ Խոսքը սրտի ավելցուկից է, իսկ ինչպե՞ս պետք է մաքուր պահենք սիրտը։ Արդյո՞ք քրիստոնյան ազատված է փորձություններից, և ինչպե՞ս հաղթահարել դրանք՝ մեր կյանքը կառուցելով ամուր հիմքի վրա։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Մարգարեի փախուստը


Ի՞նչ առաքելության կոչեց Աստված Եղիա մարգարեին, և ի՞նչ դժվարությունների ու փորձությունների հանդիպեց մարգարեն, արդյո՞ք այդ նույն հոգեվիճակում այսօր ամենքս չենք հայտնվում։ Ինչու՞ Աստված Եղիային ուղարկեց Սարեփթայի այրի կնոջ մոտ, ի՞նչ հրաշքի ականատես դարձավ և ի՞նչ հրաշքներ գործեց մարգարեն։ Ու՞ր փախավ Եղիան, երբ կանգնեց ճգնաժամի առաջ։ Որտե՞ղ զգաց Եղիան Աստծո ներկայությունը և ինչպե՞ս ճանաչեց Նրա կամքը։ Ինչու՞ Աստված կրկին նոր առաքելության կոչեց Եղիային։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Մի´ դատիր (6:37-42)


Ինչու՞ է Քրիստոս խոսում չդատելու, չդատապարտելու, ներելու և տալու մասին: Ի՞նչ առակ է պատմում կույրերի, շյուղի և գերանի մասին։ Արդյո՞ք չդատելն ու չդատապարտելը բացառում է մեղքի մասին խոսելն ու հանդիմանելը, և ինչպե՞ս վարվել, երբ դիմացինի մեջ մեղք ենք տեսնում: Ի՞նչ է նշանակում ներել, կշեռքի մեջ չխաբել։ Ինչու՞ ենք այսօր այս արհավիրքների ու դժվարությունների մեջ։ Ե՞րբ է մեր խոսքն ազդեցիկ դառնում և դիմացինի մեջ իրական փոփոխություն բերում: Ո՞վ ունի առաջնորդելու իրավունք, և ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ ուսուցիչը: Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Առաքելության ստանձնում, ճգնաժամի հաղթահարում


Ե՞րբ և ինչպե՞ս է Մովսեսն Աստծուց նշան ստանում, և ապա ինչո՞ւ է սկսում առարկել Տիրոջը։ Ո՞ւր էր Աստված, երբ մի ողջ ժողովուրդ տառապում էր ստրկության մեջ՝ նայելով մահվան աչքերին։
Ի՞նչն է կարևոր Աստված-մարդ հարաբերության մեջ, և ինչպե՞ս է Աստված հարաբերվում մարդու հետ։ Ե՞րբ է Մովսեսն ի վերջո ստանձնում իր առաքելությունը։
Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Մովսես՝ ինքնության ճգնաժամ


Ինչպե՞ս ենք տեսնում ինքնության ճգնաժամը՝ վերլուծելով Մովսեսի կյանքն ու ճանապարհը։ Ի՞նչ պատմական պայմաններում էր ծնվել Մովսեսը և ինչպե՞ս հայտնվեց պալատում։ Ի՞նչ է տեսնում Մովսեսը պալատից դուրս։ Մովսեսի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանդուրժում Աստված այս ամենը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

 

Սեր թշնամիների հանդեպ (6:27-36)


Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում սիրել թշնամիներին, ատողների հանդեպ բարություն գործել, օրհնել անիծողներին, աղոթել նեղողների համար։ Ի՞նչ է նշանակում «սիրել թշնամուն»։ Ի՞նչ էին հասկանում հրեաները թշնամի ասելով։ Ի՞նչ է պատվիրում Աստված Հին Կտակարանում։ Ո՞ւմ է վերաբերում առաջնահերթ այս պատգամները և ինչի՞ մասին է քրիստոնեությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Երանիներ ըստ Ղուկասի (6:17-26)


Տափարակ մի վայրում Հիսուս սկսեց խոսել աշակերտների խմբի և այն մեծ բազմության հետ, որոնք եկել էին ամենատարբեր վայրերից՝ լսելու և բժշկություն գտնելու։ Հիսուս հավաքվածներին պատգամեց չորս երանիները և չորս վայերը։ Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծո խոսքը։ Ովքե՞ր են աղքատները և ո՞ւմն է Երկնքի արքայությունը։ Ովքե՞ր են այսօր հալածվում, իսկ ովքե՞ր՝ վայի արժանանում։ Ինչո՞ւ ճշմարիտ մարգարեների ճշմարիտ խոսքը չի ընդունվում, իսկ սուտ մարգարեների սուտ խոսքն ընդունվում է։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

Տասներկու առաքյալների ընտրությունը (6:12-16)


Ողջ գիշեր աղոթելուց հետո ինչպե՞ս է Քրիստոս ընտրում իր 12 առաքյալներին, ովքե՞ր էին նրանք և ի՞նչ առաքելություն ու վախճան ունեցան։ Ավետարանիչն ի՞նչ հերթականությամբ է թվարկում առաքյալների անունները և ինչո՞ւ։ Ովքե՞ր են հիմնադրել մեր Եկեղեցին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ծաղկյա պատմուճանը՝ եղբայրների բաժանարար


Հակոբի 10 որդիներն ինչո՞ւ են սկսում նախանձել իրենց կրտսեր եղբորը՝ Հովսեփին և դավադիր ի՞նչ ծրագիր են իրականացնում։ Ինչպե՞ս է ծնողական սիրո ընկալումն ազդում զավակների փոխհարաբերությունների վրա, և ինչո՞ւ է սեփական անձի հանդեպ սիրո պակասի զգացումը խանդ ու նախանձ առաջացնում։ Ի՞նչ է ենթադրում Աստծո կողմից արված ընտրությունը՝ սնապարծությո՞ւն, թե՞ պատասխանատվություն և առաքելության կոչում, և ի՞նչ խորհրդանշական իմաստ ուներ եղբայրների կողմից Հովսեփին պատմուճանազրկելը։ Ինչպե՞ս են մեր կատարած արարքները հետագայում անդրադառնում մեր սերունդների կյանքի վրա։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Չխոստովանված մեղքի գինը


Հակոբի 10 որդիներն ինչպե՞ս են վերափոխվում և իրենց եղբոր՝ Հովսեփի հետ վերստին մեկ միասնական ու սիրով ընտանիք դառնում։ Ի՞նչ զգացողություններ կարող էր առաջացնել Հովսեփի մեջ եղբայրների ագահությունն ու իրեն որպես «ապրանք» ստրկության վաճառելու արարքը։ Ինչո՞ւ եղբայրները չճանաչեցին Հովսեփին Եգիպտոսում։ Ինչպե՞ս է վարվում Հովսեփը եղբայրների հետ, և ինչո՞ւ է ընտրում նրանց հոգեբանորեն փորձության ենթարկելու ճանապարհը։ Ինչպե՞ս է Հովսեփի ներողամտությունը դառնում ընտանիքի ամբողջացման պատճառ, և ինչո՞ւ է ներողամտության քայլ անողը համարվում իրականում ամենաուժեղը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։