Հնագիտությունն Արցախում


Հնագետներ Համլետ Պետրոսյանն ու Արտակ Գնունին զրուցում են Արցախում վերջին երկու տասնամյակում հնագիտական արշավախմբերի աշխատանքի մասին: Ի՞նչ գիտի գիտական հանրությունը ազատագրված տարածքների մասին, ի՞նչ վկայություններ կան Արցախում,  ինչպե՞ս են պահպանվում և ներկայացվում դրանք:    

Արցախի հոգևոր գանձերի հանրահռչակումը


Արցախյան ազատամարտը հայերի համար նոր հնարավորություններ բացեց հայկական հոգևոր մշակույթի ուսումնասիրման համար, որն անխնա ոչնչացվում էր Ադրբեջանի կողմից: Մատենագրության մեջ խոսվում է Արցախի տարածքում գործած 5000 վանքի, եկեղեցու և ամրոցի, տասնյակ հազարավոր ձեռագրերի ու մշակութային այլ արժեքների մասին, որոնք մեծամասամբ ոչնչացրել է Խորհրդային Ադրբեջանը` հատկապես 1930-ականներին: Արցախի մշակույթն ուսումնասիրողները ժամանակ առ ժամանակ հրատարակում են իրենց աշխատությունները, որոնցում ներկայացնում են ինչպես լավ պահպանված, այնպես էլ ոչնչացված հայկական վաղ և ուշ միջնադարյան մշակույթի նմուշներ: Տաղավարում թեման քննարկում են Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամար Մինասյանը և Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: 

Ննջեցյալների հիշատակի օրեր. աշխատանքայի՞ն, թե՞ ոչ


Հայաստանի նախորդ Կառավարությունը եկեղեցական հինգ տաղավար տոներին հաջորդող ննջեցյալների հիշատակի  օրերը  սահմանել էր ոչ աշխատանքային: Ներկա Կառավարությունը որոշում է կայացնում յուրաքանչյուր տոնի առթիվ առանձին: Կառավարության վերջնական որոշումը կախված է հանրային քննարկումներից, իսկ հանրությունը այդ հարցում միակարծիք չէ: Ո՞րն է խնդիրը:

Փոխնակ մայրության հարցը հայ եկեղեցու հայեցակարգում


Հայաստանում փոխնակ մայրությունն օրենքով հնարավոր է դարձել 2002թ.-ից: Փոխնակ մայրերի օգնությամբ արդեն լույս աշխարհ է եկել մի քանի հարյուր երեխա: Փոխնակ մայրության բժշկական ծրագիրը անպտուղ զույգերի համար երեխա ունենալու հնարավորություն է ստեղծում, սակայն առաջ է բերում բարոյաէթիկական մի շարք խնդիրներ: Այդ խնդիրների շուրջ զրուցում են Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու
Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
 

Հայկական գովազդի լեզուն և էթիկան


Ի՞նչ լեզվով և ի՞նչ բովանդակությամբ գովազդներ են հեռարձակվում հայկական հեռուստաեթերով: Օրենքի, լեզվական կանոնների և էթիկական ու բարոյական նորմերի  ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվում: Քննարկում են Վահրամ քահանա Մելիքյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

Քաղցկեղի պալիատիվ կամ ամոքիչ բուժումը Հայաստանում


Քաղցկեղի բուժումը երկարատև է, թանկարժեք և հաճախ` ոչ արդյունավետ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ախտորոշման դեպքում հիմնական նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումն է, նրա ու  ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումը, հոգեբանական և հոգևոր աջակցություն ցուցաբերելը, որն ստացել է պալիատիվ կամ ամոքիչ բուժում անվանումը: Ի՞նչ է արվում Հայաստանում այդ ուղղությամբ: Քննարկում են ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Ընտանեկան բռնություն


Եթե երկու տասնամյակ առաջ Հայաստանում գրեթե չէր խոսվում ընտանեկան բռնության մասին, այսօր բռնությունների նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր կան և տասնյակ հասարակական կազմակերպություններ են գործում: Իրազեկվածության մակարդակը բարձրացել է, իսկ նվազե՞լ է արդյոք բռնությունների թիվը: Ո՞րն է ընտանեկան բռնությունից խուսափելու ճանապարհը: 
Քննարկում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Առնակ քահանա Հարությունյանը: 
 

Ավարայրի ժամանակակից դասերը


Ընդունված կարծիք կա՝ որքան հեռանում ենք իրադարձությունից, այնքան այն մեզ առասպելական է թվում: Վարդանանց պատերազմից անցել է ավելի քան 1600 տարի: Ի՞նչ գիտենք Ավարայրի ճակատամարտի ու դրա հերոսների մասին, վիճելի՞ են արդյոք ճակատամարտի նպատակներն ու ելքը, ո՞րն է Ավարայրի այժմեական ուղերձը: Քննարկում են պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը և Արարատ քահանա Պողոսյանը:

Բանակի հոգևոր սպասավորությունը


Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին 2007թ-ին ընդունված օրենքում նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում: Ո՞րն է բանակում հոգևոր սպասավորի ծառայության նպատակը, ի՞նչ սկզբունքով է նշանակվում ԶՈՒ հոգևոր սպասավորը, ինչպե՞ս է ազդում հոգևորականի ներկայությունը զինվորների միջանձնային հարաբերությունների վրա: Քննարկում են ՀՀ ՊՆ Չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Կորյուն քահանա Կարապետյանը: 

Քրիստոնեական դաստիարակություն


Ի՞նչ է  քրիստոնեական դաստիարակությունը, ի՞նչ մեթոդներով է այն իրակացվում ՀՀ կրթական համակարգում: Ինչպե՞ս են համատեղվում քրիստոնեական դաստիարակության և մարդու հիմնարար իրավունքների սկզբունքները: Ինչո՞ւ է նույնացվում մեր ազգային ու կրոնական ինքնությունը: Թեման քննարկում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Նունե Մովսիսիյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը և գրող Թադևոս Տոնոյանը: 

Սուրբ Ծնունդ


Սուրբ Ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենասիրելի տոներից մեկն է: Ինչպե՞ս ենք մենք նշում Սուրբ Ծնունդը, ո՞րն է հոգևոր տոնի մեր ընկալումը, Սուրբ Ծնունդը տոնելու ի՞նչ մշակույթ ունենք: Քննարկում են ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանը, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և բանաստեղծ Վահե Արսենը:

Խաղաղության տեսլական. Հայաստան և Թուրքիա


ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում իրականացվող հերթական մեդիաքննարկումը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին: Կարո՞ղ են արդյոք հայ-թուրքական հարաբերությունները զարգանալ Հայոց ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղյան հակամարտության խնդիրներից դուրս: Կարո՞ղ է քաղաքացիական հասարակությունը նպաստել երկխոսության կայացմանը: Քննարկում են «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: