Աստծո սպասավորներ և հոգևոր հայրեր


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 4-րդ գլուխը՝ անդրադառնալով հոգևոր հասունացմանը, դաստիարակությանն ու հայրության կարևորագույն թեմային։ Ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասունանա մտքով և հոգևոր կյանքով։ Եթե Կորնթացիները մանուկներ էին ի Քրիստոս, ապա ինչպե՞ս պիտի անցնեն դաստիարակության ընթացքը։ Մանկավարժական և հոգևոր տեսանկյունից ի՞նչ է դաստիարակությունն ու հայրությունը, և ի՞նչ աստիճանակարգում է տեսնում Պողոս առաքյալը, մինչև համայնքն իրեն ընկալի որպես հոգևոր հայր։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Հոգևոր հասունությունն ու իմաստությունը


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 3-րդ գլուխը՝ անդրադառնալով եկեղեցու պառակտման պատճառներին։ Ինչպիսի՞ն է հոգևոր հասունությունը, և ինչո՞ւ է գիտելիքը հպարտացնում, իսկ սերը՝ կառուցում։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու տաճար, և ինչպե՞ս է իմաստությունը կապվում խոնարհության հետ։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Բաժանումներ եկեղեցու մեջ


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում բարձրացված ներեկեղեցական պառակտումների, բաժանումների և դրանց պատճառների հարցերը: Ինչպիսի՞ հասարակական ու կրոնական խմբավորումներ կային Հին աշխարհում։ Ի՞նչ դեր ունեն մկրտության խորհուրդն ու Խաչի քարոզչությունը քրիստոնեական համայնքի միավորման գործում։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է:

 

Կորնթոսի պատմամշակութային համատեքստը


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթոսի քրիստոնյա համայնքին ուղղված թղթերը՝ բացահայտելով Հին Կորնթոսի պատմաաշխարհագրական և կրոնական միջավայրը։ Անդրադարձ է կատարվում նաև Աստվածաշնչի մեկնաբանման երեք հիմնական աստիճաններին, առաքյալի ողջույնի խոսքին ու «սրբագործված» լինելու հոգևոր խորհուրդին։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է։

Գետափ


Հայաստան-Թուրքիա պետական սահմանի 311 կիլոմետրանոց հատվածը պահող Գետափում այսօր ընդամենը 30 տուն է մնացել։ Կարսի Մավրա գյուղից գաղթած հայերի հիմնադրած սահմանամերձ բնակավայրն աստիճանաբար դատարկվում է, իսկ ԿԳՄՍ նախարարության օպտիմալացման ծրագրով գյուղի դպրոցին փակման վտանգ է սպառնում։ «Ծրագրեր պիտի լինեն ժողովրդին արժևորելու, որ մտածեն մնալու և համայնքը շենացնելու մասին»,- նշում է Թալին համայնքի հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Գյուղում գործող եկեղեցի չկա․ բնակիչները պատարագների մասնակցում են հարևան Արագածավանում, իսկ սահմանագծին կանգնած է կիսավեր 6-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

 

Մաքենյանց վանք


7-րդ դարի հռչակավոր Մաքենյանց վանքը, որը միջնադարյան Հայաստանի ամենահեղինակավոր հոգևոր ու կրթական կենտրոններից էր, գտնվում է Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ Այստեղ արդեն երկու տասնամյակ ճգնում է Կարապետը, ում ճանապարհը դեպի տաճար սկսվել է քրեակատարողական հիմնարկից. բանտում նրան հանդիպած հոգևորականն օգնել է վերանայել կյանքը, դարձի գալ և գտնել փրկության ուղին։ Ինչպե՞ս է 13 տարվա նախկին դատապարտյալը դարձել հնամենի վանքի պահապանը, ինչպե՞ս է անցնում նրա մեկուսի կյանքը հեռավոր գյուղի վանքում, ի՞նչ խորհուրդ ունի նրա կերպարը մեզանից յուրաքանչյուրի համար։

 

Ախպրաձոր


44-օրյա պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հրդեհվել են տներ ու տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ մոտ 40 ընտանիք գյուղից հեռանան: Այժմ գյուղում ընդամենը 46 ընտանիք է ապրում։

Սյունիք. Խոտ


Սահմանամերձ Խոտ գյուղը, ինչպես և հարևան Շինուհայրն ու Հալիձորը, հիմնվել է հին բնակավայրի տեղափոխման արդյունքում: Կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով՝ 1960-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ գյուղը տեղափոխվեց, և մարդիկ թողեցին իրենց պապենական տները: Տաթև տանող ճանապարհին մոտ լինելու շնորհիվ՝ Խոտում, սահմանամերձ մյուս բնակավայրերի համեմատ, նկատելի աշխուժություն կա:

Սյունիք. Բարձրավան


Գյուղը Բարձրավան է անվանվել 1940 թվականին, մինչ այդ հայտնի է եղել Երիցաթումբ կամ երիցատուն անունով և ընդգրկված եղել Ելիզավետպոլի Զանգեզուր գավառում։ Գորիս-Կապան ճանապարհից կտրված լինելու պատճառով բազմաթիվ խնդիրներ ունի, չնայած դրան՝ գյուղատնտեսության համար շահեկան դիրքում է։ Վարելահողեր, անասնապահական արոտավայրերի պակաս չունի ի տարբերություն Սյունիքի մյուս գյուղերի, որոնց այգիների կամ արոտավայրեի մի մասը անցել է հակառակորդին։ Բնակիչները մտահոգված են, որ գյուղում ապրողների թիվը կտրուկ նվազել է, երիտասարդ աշխատուժ չկա։

 

Ուղղափառություն


Այսօր քրիստոնյա աշխարհում գոյություն ունեն ուղղափառ եկեղեցիների երկու մեծ խումբ, որոնք ունեն նույն ակունքները, բայց 5-րդ դարում բաժանվել են: Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, չի պատկանում բյուզանդական ավանդության ուղղափառ եկեղեցիների ընտանիքին և ուղղափառ է ճշմարիտ հավատքի իմաստով։ Մեր սուրբ վարդապետները, մեր եկեղեցու հայրերը կոչվել են ուղղափառության պաշտպաններ, ուղղափառ լուսավորիչներ։

Սահմանի փակվող դպրոցները


Սահմանամերձ և հեռավոր գյուղերում ապրողների տասնյակ հոգսերին շուտով կավելա ևս մեկը. ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է լուծարվեն: Այդ հաշվարկով ցուցակում 229 դպրոց է հայտնվել, որից 48-ը Սյունիքում է, 47-ը՝ Շիրակում: Թե ինչ լրջագույն խնդիրներ են տեսնում մասնագետներն ու համայնքի բնակիչները, փորձել ենք ամփոփել մեր տեսաֆիլմում:

Շիրակ. Աղին


Սահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը կառավարության որոշումով շուտով կփակվի։ Գյուղը Հայաստանի դատարկվող համայնքներից է։ Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։