Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար Ավետիսը


Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կենարար ավետիսը:

 

Սուրբ Հարության տոնին Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են 3 փաստաբաններ


Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսն է մատուցում տոնական Պատարագը: Այս տարի Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Սա պատահական չէ, որովհետև նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարանում պաշտպանել իր ինքնուրույնության, ինքնավարության և հոգևոր առաքելության իրավունքը։

 

Կաթողիկոսական նստավայրում կատարվեց Տնօրհնեքի կարգ


Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, Քրիստոսի Հարության ավետիսը միմյանց փոխանցելով, հոգևոր դասը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, համախմբվեց Վեհարանում։ Կատարվեց Տնօրհնեքի արարողություն. օրհնվեցին Վեհարանի բարիքները՝ հացը, ջուրն ու աղը։ Հաստատված կարգի համաձայն՝ հոգևորականները, Հարության ավետիսով, կայցելեն հավատացյալների տները՝ օրհնելու ընտանեկան հարկերն ու բարիքները։

 

Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունը


Մայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին:

Վերականգնվել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները


Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժնի ուսանողները վերականգնել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները։ Նրանք քննել են վնասվածքների պատճառները, բացահայտել են խոնավության, ջերմաստիճանի, հպման, թե ժամանակի ազդեցությամբ են առաջացել փոփոխությունները, ապա անցել մաքրման և ամրացման աշխատանքին: Յուրաքանչյուր կտավի վրա աշխատանքը օրեր է տևում՝ կախված աղտոտվածության աստիճանից:

 

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են ԱԱԾ գաղտնալսման տվյալները


Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ԱԱԾ-ից պահանջելու այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա շուրջ մեկ տարի գաղտնալսումներ են իրականացվել։ Փաստաբանները պնդում են՝ եթե այդ նյութերը չտրամադրվեն դատարանին, ապա գործով ձեռք բերված բոլոր ապացույցները պետք է ճանաչվեն ապօրինի՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։ Հանրային մեղադրողները պնդել են, որ ներկայացված միջնորդությունն այս փուլում պետք է մերժվի կամ հետաձգվի, քանի որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին վերաբերող ապացույցները դեռևս չեն ստացվել։

 

Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվել է Խավարման կարգ


Ավագ հինգշաբթի երեկոյան՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակին, հայոց եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որն ավագ ուրբաթի խորհրդի մասն է: Հինգշաբթի երեկոյան Աստծո որդին ձերբակալվում է մատնությամբ, չարչարանքների, անարգանքի ենթարկվում, ապա մահվան դատապարտվում: Եկեղեցիներում խավարման և վշտի արարողությունը ձգվում է մինչև կեսգիշեր: Սուրբ խորանին 12 մոմ են վառվում, դրանք առաքյալների խորհրդանիշն են, կենտրոնում Քրիստոսին խորհրդանշող մեծ մոմն է, որովհետև Խավարման գիշերվա մթից ազատագրող լույսն է Քրիստոս:

 

Մայր Աթոռում ապաշխարողաց կարգ է կատարվել


Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է: Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում սուրբ Հաղորդությանը։ Ովքեր ապաշխարությամբ են անցել Մեծ Պահքի շրջանը, վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին գնում են եկեղեցի, որտեղ ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողաց կարգ: Սաղմոսներով և շարականներով հարուստ այս գեղեցիկ արարողության ժամանակ հավատացյալներին արձակում է շնորհվում, որպեսզի քառասնօրյա պահեցողությունից հետո նրանք մոտենան սուրբ Հաղորդությանը:

 

Ավագ հինգշաբթին եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն է


Մայր Աթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ է կատարվել, որից հետո սուրբ Պատարագ է մատուցել Հայր Դավիթը: Հենց ավագ հինգշաբթի Հիսուս հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղոր¬դու¬թյուն է տրվում: Հաղորդությունը Հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորհուրդներից է, քանի որ հենց դրա միջոցով են հաղորդվում Քրիստոսի մարմնին ու արյանը, ստանում կենդանարար սնունդ:

 

Ծաղկազարդի տոնի օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվել է Դռնբացեքի արարողություն


Ամենայն հայոց Հայրապետը Դռնբացեքի արարողության ժամանակ օրհնեց ներկաներին։ Արարողության ժամանակ տեղի է ունենում երկխոսություն փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ:

 

Լույս է տեսել Մայր տաճարի նորոգությունների մասին արխիվային փաստաթղթերի ժողովածու


Հատորը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձին: Ժողովածուն կազմել են Ասողիկ աբեղա Կարապետյանը և պատմաբան Գոհար Ավագյանը: Հատորում ներառվել են 7-ից 21-րդ դարերի փաստաթղթեր Մաշտոցյան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից և Մայր Աթոռի արխիվից:

 

Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել


Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին են ժամանել Հայորդյաց տների սաները: Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայր Աթոռի տարածքում կայացել է տոնական համերգ, որտեղ հանդես են եկել հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները: Հայորդյաց տների սաները հանդիպե են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը օրհնել է երեխաներին: