Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ  Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:         
 
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին

Ռաֆայել Քոթանջյան


«Ես երջանիկ եմ, որովհետև իմ հանդիպումը հանդիսատեսի հետ միշտ կայացել է: Ասելի՞ք: Իմ ասելիքը նոր պիտի ասեմ, բայց, ինչպես ու երբ, դեռ չգիտեմ: Եվ գուցե լավ է, որ չգիտեմ»: Իր անցած ստեղծագործական ճանապարհի մասին կադրից դուրս պատմում է ՀՀ ժող. արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:    

Հայ կինո. Հայաստանի առաջին հանրապետություն


Ամեն կինո իր ժամանակաշրջանի արտացոլումն է և փաստաթուղթը, տարիներ հետո պատմական իրողություններին տրվող գնահատականները փոփոխվում են: Խորհրդային շրջանում ստեղծված հայկական ֆիլմերը որքանո՞վ են կարողացել պահպանել և նկարագրել Առաջին հանրապետության ներքաղաքական վիճակը: «Կարդից դուրս» հաղորդաշարն անդրադարձել է «Երկունք», «Սարոյան եղբայրներ», «Կիկոս», «Մեքսիկական դիպլոմատներ» և «Նվագախմբի տղաները» ֆիլմերին:

Դիլաքյան եղբայրներ


«Գտնված երազ» մուլտֆիլմը շուրջ չորս տասնամյակ առաջ է ստեղծվել ու ապրում է ինքնուրույն կյանքով»,- ասում են Դիլաքյան եղբայրները,- երջանիկ ենք, որ մեր միակ հեղինակային գործը այսքան սիրված ու ճանաչելի է, ոչինչ որ մենք մնացել ենք կադրից դուրս: 
Դիլաքյաններն ապրում են Նյու Յորքում: Թե ինչպես հայտնվեցին «Հայֆիլմում», ինչ հանդիպումներ փոխեցին նրանց կյանքը, կվերադառնան արդյոք նոր մուլտֆիլմեր նկարելու՝ պատմում են եղբայրները: 
 

Արման Մանարյան


Արման Մանարյանի «Տժվժիկ», «Կարինե», «Հեղնար աղբյուր», «Հող և ոսկի», «Ընկեր  Փանջունի» ֆիլմերը հայ կինոյի նշանային ստեղծագործություններ են: Ֆիլմերի ստեղծման աշխատանքների, դժվարությունների ու հաջողությունների մասին պատմում են Արման Մանարյանի ընկերները՝ Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Մաթոսյանը, Լևոն Աթոյանցը, Վրեժ Պետրոսյանը:

Հրանտ Մաթևոսյան


«Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմերը «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերի ցանկում են: Հրանտ Մաթևոսյանը «Հայֆիլմ» մտավ մեծ դժվարությամբ: Մաթևոսյանական ձեռագիրը կինոյում ընդունվեց ոչ միանշանակ: Ինչպիսին էր նա կյանքում ու կադրից դուրս` պատմում են Դավիթ Մաթևոսյանը, Անետա Երզնկյանը, Լիդա Գևորգյանը, Մայրանուշ Գրիգորյանը:

Ավետ Ավետիսյան


Ջերմ, երեխայի պես պարզ, բոլորին ձեռք մեկնող, սիրված. այսպես են հիշում մեծ դերասան Ավետ Ավետիսյանին: Այս տարի լրանում է նրա 120-ամյակը: 
Ինչպիսին էր Ավետ Ավետիսյանը թատրոնում, կինոյում ու կադրից դուրս՝ պատմում են Ժենյա Ավետիսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Վրեժ Հակոբյանը:

Ֆրունզե Դովլաթյան


1960- ականներին աշխարհը հայ կինոն նորովի ճանաչեց  Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով: «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Կարոտ», «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմերը միչև այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: 
Ֆրունզե Դովլաթյանին ներկայացնում ենք կինոյում ու կադրից դուրս: 
 

Հենրիկ Ալավերդյան


Ժողովրդական արտիստ Հենրիկ Ալավերդյանը կինո եկավ, երբ արդեն ճանաչում ու վաստակ ուներ օպերային արվեստում: Նա խանդավառությամբ էր ընդունում կինոյում մեծ կամ փոքր դերեր խաղալու առաջարկները: «Սերոբի ծառը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ» ֆիլմերում հանդիսատեսը նրան սիրեց ու գնահատեց: Գյումրեցուն հատուկ հումոր, կենսախինդ ու ջերմ. այսպիսին էր նա կինոյում ու կադրից դուրս: 

Լիլիթ Հովհաննիսյան


Լիլիթ Հովհաննիսյանը մասնագիտությամբ դերասան չէր, բայց նրա մասնակցությամբ ֆիլմերը մնացել են հայ կինոյի պատմության մեջ՝ «Սիրտն է երգում», «Ինչու է աղմկում գետը», «01-99», «Լեռնային լճի գաղտնիքը»: Թե ինչպես նա հայտնվեց կինոյի աշխարհում, պատմում են զարմուհիները և դուստրը: Հումորով, հմայիչ, անկանխատեսելի. այպիսին են հիշում Լիլիթ Հովհաննիսյանին` կադրից դուրս:

Էդմոնդ Քյոսայան


«Ես անուղղելի լավատես եմ, և իմ ֆիլմերում դա զգացվում է. մոլորակը փոքր է, բարին միշտ պիտի հաղթի». ասում էր Էդմանդ Քյոսայանը: Նրա ֆիլմերը ճանաչված ու սիրելի են: Թե ինչպես են ստեղծվել «Անորսալի վրիժառուները», «Երբ գալիս է սեպտեմբերը»,  «Տղամարդիկ» և այլ ֆիլմեր, պատմում են դերասանուհի Լաուրա Գևորգյանը և կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:

Լիդա Գևորգյան


Կինոն երբեք չխանգարեց  գեղանկարչությանը, հակառակը՝ օգնեց աշխարը տեսնել այլ  աչքերով: Կինոնկարչուհի Լիդա Գևորգյանը աշխատեց «Նահապետը», «Կտոր մը երկինք», «Տերը», «Ճերմակ անուրջներ» և երեք տասնյակից ավելի ֆիլմերում: 
Ինչպես հայտնվեց «Հայֆիլմում», ինչ ճակատագրական հանդիպումներ ունեցավ երիտասարդ նկարչուհին՝ պատմում է կինոնկարչուհի Լիդա Գևորգյանը:
 

Ազատ Շերենց


«Տարօրինակ բան՝ տեսնել անսահման դառնություն ու անսահման բարի մնալ: Բարությունն է նրա դերասանական  արվեստի ուժը»: Այսպես են բնորոշում Ազատ Շերենցին: Կադրից դուրս նրա մասին պատմում են կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, դերասաններ Աշոտ Ադամյանը, Սոֆիկ Սարգսյանը, Աշոտ Եդիգարյանը, Մովսես Ստեփանյանը: