Բրազիլիայի թեմում կատարվել է ապաշխարության կարգ և մատուցվել Սուրբ Պատարագ


Բրազիլիայի հայոց թեմում Ավագ հինգշաբթիի արարողություններին աղոթքով և հոգևոր զրույցներով պատրաստվել են օրեր շարունակ: Արամայիս սարկավագ Սողբաթյանը թեմի առաջնորդ Նարեկ սրբազանի օրհնությամբ հոգևոր թեմայով դասընթացներ է անցկացրել Հայ Ազգային Դուրյան վարժարանի սաների համար, ծանոթացնելով նրանց ավետարանական պատմություններին

Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը


Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է 10-ը կույսերի առակը։ Ավագ Չորեքշաբթի Քրիստոսի օծման և Հուդայի մատնության հիշատակությունն է: Ավագ հինգշաբթին Վերջին ընթրիքի և Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Այդ օրը կատարվում է նաեւ ոտնլվայի արարողություն։ Ավագ հինգշաբթի ժամերգությունից հետո կատարվում է Խավարման կարգ: Այն խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Կեսօրին տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան` Թաղման կարգ: Ավագ շաբաթ` եկեղեցիներում կվառվեն ջահերն ու կանթեղները: Կիրակի Մայր տաճարում կմատուցվի հայրապետական պատարագ: Ամենայն հայոց Կաթողիկոսը կհղի զատկական իր պատգամը:

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 13-ին կնշի Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու հիշատակությունը


Այդ օրը բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը՝ նաև ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն, և հաղորդություն կտրվի: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի: Կավարտվի քառասնորդաց պահքի շրջանը և կսկսվի Ավագ շաբաթը` Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման և հրաշափառ հարության հիշատակությունը:

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Պատարագի ավարտին կկատարվի մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Հայ Առաքելական Եկեղեցին կանդրադառնա Ավետման սուրբգրային պատմությանը, որի համաձայն՝ Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաք և Հովսեփի նշանածին՝ Մարիամին, ավետում, որ կհղիանա սուրբ հոգուց և Հիսուս անունով որդի կունենա, որը բարձրյալի որդի կկոչվի, կժառանգի Դավթի գահը և նրա թագավորությունը հավիտենական կլինի:

 

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 5-ին նշում է Լուսավորչի գուբում բանտարկելու հիշատակության օրը


Այդ օրը ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի հայոց սրբավայրեր: Սովորաբար ուխտավորների բազմաթիվ խմբեր են այցելում Խոր Վիրապ, որտեղ 14 տարի օձերի և կարիճների մեջ աղոթքով ու ճգնությամբ կարողացել է ողջ մնալ Գրիգոր Լուսավորիչը: կբացվեն եկեղեցու խորանի վարագույրն ու կմատուցվի բաց պատարագ: Հավատացյալները հաղորդություն կստանան:

Միջինքը տոնական նշանակություն չունի և չի ընդհատում պահեցողությունը


Ժողովուրդը Միջինքը նշում է հատուկ կերակրատեսակներով ու ծիսական մի շարք արարողություններով: Օրվա անբաժան մաս է խորհրդանշական բաղարջը կամ միջինքի գաթան` ներսում թաքցրած նշանով: Միջինքի գաթան նույնպես պահքային է: Այն պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով և քիշմիշով:

 

Մարտի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը. կազդարարվի Մեծ Պահքի մեկնարկը


Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:

Փետրվարի 25-ը Սրբոց Ղևոնդյանց քահանաների, փետրվարի 27-ը՝ Վարդանանց հիշատակության օրերն են


Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն ավանդաբար Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է հավաքվում Հայ Առաքելական Եկեղեցու քահանայաց դասը: Մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին տեղի է ունենում քահանայական հավաք: Քննարկվում են հոգևորականի առջև ծառացած խնդիրներ, ազգային, ընտանեկան, կրթական ոլորտներում իրականացվող հոգևոր ծրագրեր: Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ տեղի է ունենում պարգևաբաշխություն։ Վարդանանց հիշատակության տոնին ևս մատուցվում է Սուրբ պատարագ, որի ընթացքում Հայրապետական մաղթանք է կատարվում:

 

Գրքի տոնին Մայր Աթոռը շուրջ երկու հարյուր անուն գրականություն է նվիրել Զինվորի տանը


Մոտ հարյուր անուն գրականություն Մայր Աթոռի հրատարակություններից է նվիրել և նույնքան էլ՝ հայագիտական բնույթի գրականություն: Զինվորի տունն ունի գրադարան, որտեղ տղաները հնարավորություն ունեն ծանոթանալ ժամանակակից համաշխարհային հատընտիր գրականությանը, գտնել իրենց հետաքրքրող ոլորտի գրքեր:

Փետրվարի 15-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է


Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակված է՝ որպես երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է: Ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին Երևանի Մատենադարանից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:

Փետրվարի 14-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ


Սուրբ ծննդից 40 օր հետո Հայ Առաքելական եկեղեցին նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Նախատոնակը փետրվարի 13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնաըդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով: Երբ Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար է տանում, Սիմեոն անունով մի ծերունի ճանաչում և ընդառաջ է գալիս Հիսուսին: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տիրոջն ընդառաջ:

 

Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը


Առաջավորաց պահքը հաստատել է Գրիգոր Լուսավորիչը։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո նա Տրդատ արքային ու ամբողջ ժողովրդին պատվիրել է հինգ օր ապաշխարել պահեցողությամբ: Առաջավորացը Հայ առաքելական եկեղեցու առաջին պահքն է: Ծննդյան եւ Պայծառակերպության քառասնօրյա պահքերը բաժանվել են մասերի և բաշխվել ամբողջ տարվա մեջ: Շաբաթապահքը սովորաբար հինգ օր է տևում՝ երկուշաբթիից ուրբաթ, նախորդում է տաղավար տոներին և մի շարք հիշատակության օրերի: