Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը և սկսվում է Ավագ շաբաթը


Ավագ Երկուշաբթին Անպտուղ թզենու առակի և Երուսաղեմի Տաճարի մաքրման ավետարանական պատմությունների հիշատակության օրն է: Ավագ Չորեքշաբթին Տիրոջ օծման և մատնության հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի է ունենում Ոտնլվայի արարողությունը: Խաչելությունից առաջ, Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը` որպես հեզության և խոնարհության օրինակ: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Ավագ շաբաթ օրը` երեկոյան, եկեղեցիներում վառվում են ջահերն ու կանթեղները: Կիրակի օրը՝ ապրիլի 05-ի առավոտյան, Ս. Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի Հայրապետական պատարագ:

 

Մարտի 1-ին Հայ առաքելական եկեղեցին կհիշատակի Անառակ որդու մասին ավետարանական պատմությունը


Օրվա խորհուրդը Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում ներկայացված Անառակ որդու առակն է՝ գործած մեղքերի համար ապաշխարող, ներում հայցող և հոր գիրկը վերադարձող մարդու պատմությունը։ Մեկնիչներն անառակ որդուն համարում են անկյալ և մեղավոր մարդկության խորհրդանիշը: Մարդն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում, բայց երանելի է այն մարդը, որն անառակ որդու օրինակով զղջում է գործած մեղքերի համար և Աստծուց ներում հայցում:

 

Փետրվարի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը, որով կտրվի Մեծ Պահքի մեկնարկը


Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող պատարագին փակվում են խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում հաղորդություն չի տրվում՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: Մեծ Պահքի առաջին չորեքշաբթի օրը եկեղեցին ապաշխարության հատուկ կարգով մարդկանց հրավիրում է մուտք գործել պահոց շրջան: Իսկ պահքի վերջին օրերին՝ Ավագ հինգշաբթի, կատարվում է ապաշխարության արձակման կարգ, բացվում է վարագույրը և սուրբ հաղորդություն է տրվում, քանի որ այդ օրը Քրիստոս իր առաքյալների հետ սեղան նստելով՝ հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը:

 

Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի Տեառնընդառաջը


Սուրբ ծննդից 40 օր անց Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։ Նախորդ օրը՝ փետրվարի 13-ի երեկոյան, կկատարվի նախատոնակ: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն՝ խարույկ կվառվի: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

 

Փետրվարի 12-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդանանց և 1036 վկաների տոնը


Վարդանանց և1036 վկաների տոնը սովորաբար հաջորդում է Ղևոնդյանց քահանաների տոնին: Սուրբ Վարդանանք անունով ճանաչվում են այն նահատակները, որոնք 451 թվականին իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում՝ հանուն քրիստոնեական հավատի և հայրենիքի: Ավարայրի ճակատամարտը հավատի համար քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ռազմական բախումն էր ոչ քրիստոնյա աշխարհի հետ: Հայ եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին՝ Վարդան զորավարի գլխավորությամբ։ Վարդանանց հիշատակության տոնին, կմատուցվի Պատարագ, կկատարվի Հայրապետական մաղթանք:

 

Հայ առաքելական եկեղեցին կնշի Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 մարտիկների հիշատակության օրը


Հունվար 31-ին Պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում: Սուրբ Սարգիս զորավարի տոնին պատարագ կմատուցվի նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ուշիի եկեղեցի կբերվի Սուրբ Սարգսի մասունքը, որը պատարագի ավարտին կտեղափոխվի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանց բերել և հենց այստեղ՝ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս զորավարի նշխարները:

 

Առաջավորաց մեկշաբաթյա պահքը կսկսվի հունվարի 26-ին


Առաջավորաց պահքի ավարտին՝ շաբաթ օրը, հունվարի 31-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Առաջավորաց պահքը հաստատել է Գրիգոր Լուսավորիչը. Խոր Վիրապից ելնելուց հետո նրա հորդորով Տրդատ արքան ու ողջ ժողովրդը հինգ օր ապաշխարել են պահեցողությամբ: Պահքի վերջին՝ հինգերորդ օրը Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրն է:

 

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 29-ին


Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 29-ին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը նորոգության օր է քրիստոնյաների համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015թ․-ից Առաքյալների հիշատակության օրը հռչակվել է Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը համաքրիստոնեական սրբությունը դուրս է բերվում Սուրբ Էջմիածնի գանձատնից և մատուցվում է տոնական պատարագ, որի ընթացքում հավատացյալները հաղորդ են դառնում սուրբ մասունքին՝ ստանալով հրաշագործ Գեղարդից բաշխվող օրհնությունը: Սուրբ նշանը եկեղեցում մնում է մինչև երեկոյան ժամերգությունը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Կալկաթայի հայկական եկեղեցիներ


Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի առաջին հայրապետական այցը Հնդկաստան եղել է 2008 թ․: Դրան հաջորդած տարիներին Նորին Սրբության հետևողական ջանքերով վերակազմավորվել է եկեղեցական վարչությունը, որն էլ ձեռնամուխ է եղել եկեղեցիների, եկեղեցական կառույցների, հայկական գերեզմանատների, դրանց շրջակա տարածքների բարեկարգմանը: Գրեթե ամեն տարի Հայոց Կաթողիկոսն այցելում է Հնդկաստան և անձամբ հետեւում եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների աշխատանքներին։

Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սուրբ մասունքների պահարանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին, ընդունված կարգի համաձայն, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կկատարվի Հայրապետական մաղթանք և դուրս կբերվի Սկևռայի սուրբ մասունքների պահարանը՝ համաքրիստոնեական մեծագույն այս սրբությանը հպվելու, օրհնաբեր զորությանը հաղորդ դառնալու համար:

 

Ռիո դե Ժանեյրոյում առաջին անգամ թեմակալ առաջնորդը պատարագ է մատուցել


Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն իր առաջնորդության 12 տարիների ընթացքում առաջին անգամ պատարագ է մատուցել Ռիո դե Ժանեյրոյում: Թեև Ռիոյի հայոց համայնքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին, քաղաքում մինչև օրս հայկական եկեղեցի չկա: Ռիո դե Ժանեյրո նահանգի հայ համայնքի միության աջակցությամբ սուրբ և անմահ պատարագը մատուցվել է Անտիոքյան Ուղղափառ եկեղեցում: Պատարագի ավարտին կատարվել է նաև ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուր է բաշխվել:

Հայ առաքելական եկեղեցին նշել է Վարագա Սուրբ Խաչի տոնը


Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն: Տերունական նշանին նվիրված տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ: Տերունի Նշանը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գործածվում է Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ: 2003 թվականից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ամեն տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին դուրս է բերվում սրբազան պահոցից և բերվում է Վարագավանք: Այդ օրը Նոր Վարագավանքում հարյուրավոր ուխտավորների աղոթք է հնչում: