Ազգային միասնության օրը Ռուսաստանում


Նոյեմբերի 4-ին՝ Ազգային միասնության տոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղիկներ է խոնարհել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին․ արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Եզրաս Սրբազանը տոնի առիթով շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երախտագիտությունը քրիստոնեական արժեքների նկատմամբ ցուցաբերած նվիրվածության համար, իսկ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել մեզ միավորող քրիստոնեական արժեքները հետևողականորեն պահպանելու համար։

 

Հայտարարություն․ Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձ


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձը կնշվի կիրակի օրը՝ նոյեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կկատարվի Հայրապետական մաղթանք, իսկ հավատացյալներին զորություն բաշխելու համար Մայրավանք կբերվի Սկևռայի 13-րդ դարի հռչակավոր մասանց պահարանը, որում ամփոփված են 20-ից ավելի համաքրիստոնեական և հայազգի սրբերի մասունքներ։

 

Կիսասարկավագական ձեռնադրություն Բրազիլիայի հայոց թեմում


Հոկտեմբերի 25-ին Բրազիլիայի հայոց թեմի Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ Խաչի Գյուտի տոնին մատուցված պատարագի ընթացքում թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ կիսասարկավագական աստիճան ստացան Կարապետ Սափաճյանը և Ներսես Եկիներյանը։ Սուրբ Պատարագի ավարտին Առաջնորդ Սրբազանը Հայ Եկեղեցուն և համայնքին մատուցած երկարամյա ու հավատարիմ ծառայության համար օրհնության և գնահատանքի գրեր շնորհեց Գևորգ սարկավագ Կեոքճյանին և Վազգեն սարկավագ Եկիներյանին:

 

Խաչի գյուտի տոն


Կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Խաչի գյուտի տոնը, որով նշանավորվում է Քրիստոսի խաչափայտի գտնվելը Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ։ Ըստ հոգևոր հայրերի և եկեղեցական վարդապետության՝ Խաչի խորհուրդը ընդգրկում է մարդկության փրկագործության ողջ ընթացքը, իսկ Քրիստոսի Խաչը քրիստոնեական հավատքի կենտրոնն է, հաղթության, փրկության և Աստծո անհուն սիրո խորհրդանիշը։

 

Վարագա Սուրբ Խաչի տոն


Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ նվիրված Վարագա լեռան վրա Տիրոջ խաչափայտի մասունքի հրաշալի երևմանը, որին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, աղոթքով ու ապաշխարությամբ։ Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խաչափայտի մասունքը կտարվի Տավուշի թեմ՝ Նոր Վարագավանք։

 

Հայտարարություն․ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում հայկական պատկանելությունը ժխտող հայտարարություններն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ դրսևորված հեգնական վերաբերմունքը։ Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական հոգևոր ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

 

Մեռելոցի պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝ Տիրոջից հայցելով ողորմություն, մեղքերի թողություն և հանգստություն իրենց ննջեցյալների հոգիներին:

 

Ուխտագնացություն դեպի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի


Սեպտեմբերի 6-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ և ԱՄՆ արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի մատուցմամբ Սուրբ Պատարագի մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուխտավոր հայորդիներ։ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ և անդաստանի արարողություն։

 

Հայտարարություն՝ Հովհաննավանքի մտահոգիչ երևույթների վերաբերյալ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների ու խնջույքների անցկացումը․ այս իրավիճակը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների հովանավորության հետևանքն է։ Մայր Աթոռը կոչ է անում պատկան պետական մարմիններին վերականգնել զավթյալ եկեղեցիների օրինական կարգավիճակը։

 

Խաչվերաց՝ տարվա վերջին տաղավար տոնը


Սեպտեմբերի 7-ից Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները մեկշաբաթյա պահեցողությամբ կպատրաստվեն Խաչվերացի տոնին, որը կնշվի կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին և հանդիսանում է այս տարվա հինգերորդ ու վերջին տաղավար տոնը, իսկ հաջորդ օրը Մեռելոց է։ Խաչվերացը՝ Խաչի բարձրացման տոնը, նվիրված է Աստվածընկալ Սուրբ Խաչի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի հիշատակին։

 

Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն


Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը, ով ըստ Աստվածաշնչի ուխտի զավակ էր և Հայ Առաքելական Եկեղեցում համարվում է մարդկության գլխավոր բարեխոսը Աստծո առջև։ Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, և օրը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի ու Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է։

 

Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում


Ամեն տարի Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ, և Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Շողակաթ վանքի հոգևոր սպասավոր Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը։