Մոնրեալում տոնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի 54-րդ տարեդարձը


Տոնական սուրբ պատարագ է մատուցել թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցին Կանադայի հայոց թեմի առաջնորդանիստն է: Քաղաքում հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, իսկ 1970-ին ծխական խորհրդի որոշմամաբ գնվել է եկեղեցին և օծվել։ Տաճարը կենսական դեր ունի Կանադայում հայկական ժառանգության և հավատքի պահպանման, համայնքի անդամների միջև միասնության և հոգևոր աճի խթանման գործում: Եկեղեցուն կից սկսել են գործել շաբաթօրյա դպրոց, մշակութային միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ:

 

Մատենադարանը սկսկում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերը


ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 դոլար՝ բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շնորհանդեսի ժամանակ Մատենադարանի տնօրենը նշել է, որ արցախյան ձեռագրերի հավաքածուն համաքրիստոնեական և համաշխարհային արժեք ունեն: Ընտրվել են Արցախի Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված ձեռագրեր: Դրանք եզակի արխիվային վավերագրեր են, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

 

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն ու աղոթակցությունն է հայտնել սիրիահայությանը
Երուսաղեմի հայ համայնքը ուխտագնացություն է կազմակերպել դեպի Սուրբ Փիլիպոսի աղբյուր-սրբավայր
Կալիֆոռնիայի հայկական դպրոցների սաները միացել են Բաքվի հայ գերիների ազատ արձակման կոչին
Գերմանիայի Հայոց Թեմի համայնքներում ծառայող դպիր-սարկավագները երկօրյա հանդիպում են ունեցել թեմակալ առաջնորդի հետ

Ներսիսյան դպրոցի հիմնադրումը


Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ 1822-ին Թիֆլիսում սկսվում է նոր դպրոցի շինարարություն, որից երկու տարի անց դպրոցը բացվում է 2 դասարանով և 20 աշակերտով։ Կաթողիկոսը մինչեւ դպրոցի շինարարությունն արդեն հանգամանալից կանոնադրություն էր մշակել ուսման տեւողության, ուսուցիչների պարտականության, աշակերտների վարքի կանոնների մասին։

Նորընծա երկու քահանա վեղար են ստացել եւ համալրել Մայր Աթոռի միաբանության շարքերը


Մայր Տաճարում կատարվել է վեղարի տվչության արարողություն: Տեր Վիրապ և Տեր Մաշտոց քահանաները վեղար են ստացել ու համալրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Վեղարը դրվում է յուրաքնաչյուր նորընծայի գլխին` իբրև կուսակրոն քահանայության խորհրդանիշ: Կուսակրոն քահանները հրաժարվում են ամուսնական կյանքից, ուխտում ամուրի լինել, ապրել վանական կյանքով: Սև սրածայր գլխի ծածկոցը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը և կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է՝ ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի։ Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան։

 

Ընծայացուների ձեռնադրման և օծման արարողությունը տեղի է ունեցել Մայր Տաճարում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ընծայացուների ձեռնադրման և օծման արարողությունը տեղի է ունեցել Մայր Տաճարում Պատարագի ընթացքում: Ձեռնադրող սրբազանը նկատել է, որ քահանայի առաքելությունն է նվիրումով ու սիրով իրականացնել իր ծառայությունը ժողովրդի բոլոր զավակներին։ Սրբազանն անդրադարձել է հոգևոր ծառայութան ընթացքում հանդիպող դժվարություններին և հորդորեց նորաօծ քահանա հայրերին քաջությամբ կրել իրենց վիճակված խաչը՝ ապավինելով Տիրոջ զորությանը։

Էկումենիկ աղոթքի ժամանակ հոգեւոր հայրերը կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ պատանդներին


Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։ Եկեղեցական արարողությանը մասնակցել են հոգեւոր առաջորդներ, դիվանագետներ, ակտիվիստներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հիշեցրել է, որ մեր հայրենակիցները Բաքվում բանտարկված են միայն այն պատճառով, որ հայ են: Արարողության ժամանակ հնչել են Կարդինալ Վինսենտ Նիկոլսի եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսի, հոգեւոր այլ առաջնորդների ուղերձները, ինչպես նաեւ պատանդների ընտանիքների բաց նամակները։ Զորակցելով հայ ժողովրդին՝ հոգեւոր հայրերը կոչ են արել ադրբեջանական իշխանություններին՝ ազատ արձակել հայ պատանդներին։ Արարողության մասնակիցները նամակներ են ուղարկել հայ գերիներին՝ ծրարում դնելով ջրհեղեղի ավարտը խորհրդանշող ձիթենու ճյուղեր։

 

Իսպանիայում մատուռի պատին հուշատախտակ է փակցվել, որ այն կառուցել են հայ վաճառականները


Իսպանիայի Կադիս քաղաքում Սուրբ Մարիա վանքի Հիսուս Նազովրեցի մատուռի արտաքին պատին փակցվել է հուշատախտակ այն մասին, որ 17-րդ դարում եկեղեցին կառուցել են Ջուղայից եկած հայ վաճառականները: Հուշատախտակը փակցվել է իսպանական Սևիլիա քաղաքի «Էրեբունի» համայնքի ջանքերով:

 

Հռոմում կայացել է միջեկեղեցական աղոթք Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների համար


Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում հնչել է աղոթք՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված զինծառայողների, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց համար։ Այն կազմակերպել են Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանը և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչությունը։ Նրանց հրավերով միջեկեղեցական աղոթքին մասնակցել են քրիստոնյա տարբեր հարանվանությունների հոգևորականներ, Իտալիայում և Վատիկանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև բազմաթիվ իտալացի և օտարերկրյա քաղաքացիներ։ Քարոզիչն է եղել Սուրբ Աթոռում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ՝ արքեպիսկոպոս Յան Էռնեստը։

 

Բրազիլիայի հայերը միացել են Ադրբեջանում ապօրինի պահվող Հայ գերիների համար միասնական աղոթքին


Սան Պաուլուի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում բրազիլահայերն աղոթել են արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված եւ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Թեմակալ առաջնորդն ընդգծել է, որ հայաթափվել է Արցախը, զինաթափվել է պաշտպանության բանակը, պղծվել են հայկական տաճարներն ու սրբատեղիները, գերի են տարվել բազմաթիվ զինվորականներ, քաղաքացիական անձինք:

 

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել արցախցիների բռնի տեղահանման վերաբերյալ հայտարարությամբ


Ժնևում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչով կայացել է միասնական աղոթք: Արարողությունն անցկացվել է Ժնևի սուրբ Պիեռ տաճարում և սկսվել է հայերեն տերունական աղոթքով: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարի կամքի տեր մարդկանց հրավիրել է միանալ Հայաստանի համար աղոթքին` հանուն խաղաղության, գերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածների աջակցության: Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` հիշեցնելով 2020 թվականի պատերազմը Արցախի դեմ, տասը ամիս տևած շրջափակումը և շուրջ 120 հազար մարդու բռնի տեղահանումը:

 

Կոմիտասի 155-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել Պոլսի Սուրբ Երրորդություն Եկեղեցում


Համերգը նախաձեռնել է Բալաթի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու թաղային խորհուրդը: Ելույթ է ունեցել Պոլսի Լուսավորիչ դպրաց դաս երգչախումբը` Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Հանդիսությունը նախագահել է Սահակ Բ պատրիարքը` պատրիարքարանի հոգևոր դասի մասնակցությամբ: Երգչախումբը ներկայացրել է կոմիտասյան բազմաձայն երգեր: Կոմիտասի ազգական Թամար Էսքենյանը սրինգ, շվի և դուդուկ է նվագել, նաև երգել է։