Վարդան Գրիգորյանի պատմավեպերը և ժանրի արդիականությունը


Սեպտեմբերի 5-ին լրանում է տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի 75 ամյակը։ Նա ապրեց ընդամենը 38 տարի, բայց նրա «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան» և հատկապես՝ «Մանյա այրք» պատմավեպերը փոխեցին ժանրի նկարագիրը մեզանում և պայմանավորեցին հետագա զարգացումները։ Ի՞նչ նորություններ բերեց նա և արդիակա՞ն են նրա պատմավեպերն ու ժանրն ընդհանրապես։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հետ։

Քաղաքը շարունակո՞ւմ է կարդալ արդիականությունը


Ընթանում է Գրքի երևանյան 8-րդ փառատոնը։ Հատկապես այս օրերին արդիական են դարձել գրքի, գրահրատարակության, ընթերցանության խնդիրները։ Այդ հարցերը «Զուգահեռ ընթերցումներում» քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյան և Գրքի երևանյան փառատոնի տնօրեն՝ Անի Ղազարյանը։

Հենրիկ Էդոյան․ պոեզիայի երկակի տեսողությունը


Ի՞նչ ունի պոեզիան, որ չունեն մյուս արվեստները, ո՞ւր է առաջնորդում այն մարդուն և առաջնորդո՞ւմ է արդյոք, ի՞նչ բանաստեղծություններ են ծնվում մեր խառնակ ժամանակներում և ո՞ւմ են ուղղված։ Այս հարցերի շուրջ բանաստեղծի ծննդյան 85-ամյակի առիթով «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Հենրիկ էդոյանը:

Հենրիկ Էդոյան․ ինչո՞ւ պոեզիա


1977-ին հրատարակված «Անդրադարձումներից», մինչև առայժմ վերջին՝ 2024-ին հրատարակած «Հայացք ոչ մի տեղից» ժողովածուն է ձգվում բանաստեղծ Հենրիկ Էդոյանի ստեղծագործական ընթացքը։ Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվում պոեզիայի ընկալումը, ինչպե՞ս է փոխվում պոետը ժամանակի մեջ և փոխվո՞ւմ է արդյոք։ Այս հարցերի շուրջ բանաստեղծի ծննդյան 85-ամյակի առիթով «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Հենրիկ էդոյանը:

Ծնունդն ու հրաժեշտն ըստ Հովհաննես Գրիգորյանի


Նրա պոեզիային հատուկ հումորն ու ինքնահեգնանքը մշտապես շաղախված են ողբերգականով։ Նրա բանաստեղծությունները սիրված են ընթերցողական տարբեր սերունդների կողմից։ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առիթիվ նրա ծննդյան և հրաժեշտի բանաստեղծությունները զուգահեռ քննարկում են Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

«Սասնա ծռեր» էպոսի ուղերձները


Ի՞նչ ուղերձներ է փոխանցում հայ բանահյուսության ամենանշանավոր ստեղծագործությունը` «Սասնա ծռերը», ինչպե՞ս է էպոսի ընկալումը փոխվում ժամանակի մեջ, ի՞նչ է կոդավորել էպոսում այն ստեղծող ժողովուրդն ու ինչպե՞ս է այն կոդավորում մեզ այսօր։ Այս թեմաների շուրջ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը բանավիճում են Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Անցողիկն ու մնայունը Գաբրիել Սունդուկյանի դրամատուրգիայում


Գաբրիել Սունդուկյանի պիեսներում արծարծված թեմաները, թեև այսօր կարող են ժամանակավրեպ թվալ, սակայն նա առայսօր շարունակում է մնալ հայ ամենաբեմադրվող դրամատուրգներից մեկը։ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի առիթով «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը Գ․ Սունդուկյանի դրամատուրգիայի յուրահատկությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ինչպե՞ս դասականի մեջ մոդեռն լինել. Ռազմիկ Դավոյան


Ռազմիկ Դավոյանը կարողանում է ինքնահատուկ կերպով միավորել մոդեռնիստական պոեզիան ու դասական բանաստեղծության ավանդները, լինել նորարար, միաժամանակ հասկանալի ու սիրելի տարբեր սերունդների համար։ Ռազմիկ Դավոյանի պոեզիայի յուրահատկությունների մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Հերոսներին տուն վերադարձնող գրականություն, մաս 2


Հայ նորագույն, ապա նաև անկախության շրջանի գրականության մեջ վերադարձի ու տան գաղափարները նոր իմաստավորում ու արտահայտության ձևեր են ստանում։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է հերոսը տուն վերադառնում, ինչպիսի՞ն է տան ընկալումը, ի՞նչ հարաբերության մեջ են տունն ու հայրենիքը։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Հերոսներին տուն վերադարձնող գրականություն, մաս 1


Տուն վերադարձը հայ ու համաշխարհային գրականության առանցքային թեմաներից է։ Գրական ու բանահյուսական ստեղծագործություններում տարբեր են հերոսների տուն վերադարձի շարժառիթներն ու տան նրանց ընկալումները։ Հայ միջնադարյան գրականության, բանահյուսության, նաև նոր գրականության մեջ տուն վերադարձի մոտիվները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ֆրանսիական գրականությունը հայերեն


Ֆրանսիական գրականության հայերեն թարգմանությունները յուրահատուկ հատույթ են հայ թարգմանական դաշտում։ Ե՞րբ և ինչպե՞ս են սկսվել ֆրանսիական գրականության թարգմանությունները, ի՞նչ ընթացք են ունեցել, ի՞նչ և ինչո՞ւ է այսօր թարգմանվում ֆրանսերենից։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Աքսորի գրականություն


2006 թվականից Հայաստանում հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ Այդ սարսափելի իրականությանը գեղարվեստական, հուշագրական, հրապարակախոսական անդրադարձները հետագայում ստացան աքսորի գրականություն անվանումը։ Այս ստեղծագործությունների գեղարվեստական ու հոգեբանական առանձնահատկությունների մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ Սիրանուշ Դվոյանը։