Կոստան Զարյանի «Արարատյան մարդը»


Կոստան Զարյանն իր «Հայության կոչումը» էսսեում, ապա նաև «Անցորդը և իր ճամփան» վեպում, խոսելով Հայաստանի և հայ ժողովրդի մասին, իր պատկերացրած հային անվանում է «Արարատյան մարդ»: Ի՞նչ է հասկանում գրողն այս բնութագրման տակ, ո՞վ է Կոստան Զարյանի հայը: Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ․ Վիգեն Խեչումյան, «Ցայգածաղիկ»


Խորհրդահայ արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ Վիգեն Խեչումյանի «Ցայգածաղիկ» պատմվածքը մի յուրահատուկ ճանապարհորդություն է դեպի միջնադար, առնչություն հայկական ձեռագրական հիանալի ժառանգության, մասնավորապես, բժշկագիտական մատյանների հետ։ Միաժամանակ այն նրբորեն հյուսված սիրո պատմություն է, որը հետաքրքիր ու արդիական է բոլոր ժամանակներում։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում «Ցայգածաղիկ» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Եվ այր մի Մաշտոց անուն


Մեսրոպ Մաշտոցի անունը նախևառաջ համաբանվում է հայոց գրերի գյուտի հետ: Բայց, միևնույն ժամանակ, նա նաև հայոց պատմության բոլոր ժամանակների մեծագույն ու անզույգ Ուսուցիչն է, բառի ամենալայն իմաստով: Ինչպես նրա աշակերտներից Մովսես Խորենացին է վկայագրել՝ «նա հրեշտակի տեսք ուներ, ծննդական միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ, հուսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձիր։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում Մեսրոպ Մաշտոցի կերպարը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ես իմ անուշ Հայաստանի


Հայաստանի կերպարը նոր ու բազմազան երանգներով ու տրամադրություններով հառնում է 20-րդ դարասկզբի պոեզիայում. Տերյան, Թումանյան, Չարենց, Իսահակյան։ Խորհրդահայ, ապա նաև` անկախության շրջանի պոեզիայում նույնպես Հայաստանի կերպարն իր ինքնատիպ արտահայտությունն է գտնում: Հայաստանի բանաստեղծական ընկալումները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայաստան՝ երկիր դրախտավայր


Տարբեր ժամանակներում, անկախ իրավիճակներից, Հայաստանը մշտապես եղել է մեր բանաստեղծների ներշնչանքի նյութ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ժամանակահատված իր ուրույն կնիքն է թողել Հայաստանի ընկալման վրա: 18-րդ դարից սկսյալ՝ կլասիցիստական պոեզիայից մինչ ռեալիստներ, Հայաստանն ընկալվում ու մեկնաբանվում էր անցյալ փառքերի հենքով, որպես յուրատեսակ երազանք։ Այս շրջանում Հայաստանի բանաստեղծական ընկալումները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչ երազներ են տեսնում հայ գրականության հերոսները


Երազը բանահյուսության ու գրականության ամենատարածված հնարանքներից մեկն է: Երբեմն նույնիսկ գրականությունն ամբողջությամբ համարվում է երազ: Գրական երազները բացահայտում են հերոսների ներաշխարհը, դառնում դիպաշարի զարգացման խթան, ձևավորում գեղարվեստական իրականություն: Ի՞նչ երազներ են տեսնում հայ գրականության հերոսները և ինչո՞ւ: «Զուգահեռ ընթերցումներում» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Վրեժ Իսրայելյան, «Ես, մուսան և անդունդը»


Վրեժ Իսրայելյանի վերջին պատմվածքներից մեկը՝ «Ես, մուսան և անդունդը» առաջին հայացքից կենցաղային-սոցիալական թեմաներով երգիծական գործ է, սակայն ուշադիր ընթերցողն այնտեղ կգտնի արձակագրի սիրելի ազգային ճակատագրի և պատմական թեմաների արձագանքներ, իրականության ու գրողի վիճակի նուրբ անդրադարձներ: Վ. Իսրայելյանի «Ես, մուսան և անդունդը» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Մհեր Իսրայելյանը:

Ի՞նչ չենք կարող գտնել գրականության դասագրքերում


Ընթերցողների մեծ մասի համար գրականության մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են դպրոցական դասագրքերով, և հետագայում, տարբեր պատճառներով, մարդիկ շատ քիչ են ընթերցում։ Գրականության դպրոցական դասագրքերն են ձևավորում գրական ճաշակ, գրականությունը հասկանալու և գնահատելու որոշակի չափանիշներ։ Որքան էլ այդ դասագրքերը ձգտեն դարձնել ժամանակակից, ընդգրկուն, գրավիչ, շատ բան, այդուհանդերձ, դուրս է մնում այդ գրքերից։ Ի՞նչ չենք կարող գտնել գրականության դասագրքերում. քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Որտե՞ղ էիր, Զորայր Խալափյան


Զորայր Խալափյանը 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից է: Նրա հայտնի վեպերը՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը», «Մեռնող հառնող» տարբեր սերունդների սիրված գրքերն են: Զորայր Խալափյանի արձակի առանձնահատկությունների, դրա նշանակության ու արժեքի մասին «Զուգահեռ ընթերցումներում» զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Ալիս Հովհաննիսյանը։

Մեկ պատմվածքի շուրջ. Աբիգ Ավագյան, «Հարավային տենդ»


Աբիգ Ավագյանը խորհրդահայ արձակի ամենաինքատիպ դեմքերից է, նար գործերը, ցավոք, այսօր քչերն են հիշում: Ա. Ավագյանի պատմվածքներն առանձնանում են իրենց յուրօրինակ, նույնիսկ էկզոտիկ արևելյան մթնոլորտով, նոր ու հետաքրքիր թեմաներով, յուրահատուկ են գրելաոճով: Աբիգ Ավագյանի ամենահայտնի պատմվածքներից մեկը՝ «Հարավային տենդը» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ներսես Շնորհալի բազմաշնորհ հայրապետը


2023թ. նշվում է Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը: Այս առիթով Երևանում՝ Մատենադարանում և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տարբեր միջոցառումներ եղան, հրատարակվեցին նրա երկերը: Ներսես Շնորհալու գրական ժառանգության, եկեղեցական ու կրթական գործունեության նշանակության մասին «Զուգահեռ ընթերցումներ»-ում զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գուրգեն Գասպարյանը:

Հեմինգուե՞յ, թե՞ Սարոյան


Ամերիկյան և համաշխարհային արձակի երկու նշանավոր դեմքերը անձնական ու ստեղծագործական հետաքրքիր կապեր ու հարաբերություններ են ունեցել: Նրանց գրելաոճն ու թեմաները, կարծես, շատ տարբեր են, սակայն նաև շատ ընդհանրություններ կան: Է. Հեմինգուեյի և Վ. Սարոյանի գրականությունների նմանություններն ու տարբերությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ, թարգմանիչ Սևակ Ղազարյանը: